Արցախի ԱԺ․ Նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում իշխանությունը պարտավոր է ինքնապաշտպանություն կազմակերպել

Արցախի ԱԺ․ Նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում իշխանությունը պարտավոր է ինքնապաշտպանություն կազմակերպել

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտել են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը և հայտարարությունը ստորագրած երեք կողմին հորդորել միջոցներ ձեռնարկել իրավիճակն արագ շտկելու ուղղությամբ և տեղյակ պահել, որ նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում ԱՀ իշխանությունները պարտավոր են լինելու կիրառել ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բոլոր հնարավոր միջոցները:

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Ավելի ուշ ռուս խաղաղապահների տեղակայման նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։

«2020թ. աշնանը Արցախի Հանրապետության դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում հրադադարի հաստատման նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս հետո գրանցվեցին փխրուն խաղաղությունը խախտելու բացահայտ գործողություններ։ Դեկտեմբերի 11-ին և 12-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի և քրիստոնեական Կատարո հանրահայտ վանքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են բացահայտ հարձակողական գործողություններ, որի արդյունքում կան վիրավորներ, իսկ հակառակորդը հայտնում է նաև կենդանի ուժի կորուստների մասին:

Մենք հայտարարության կողմերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ գրանցված և շարունակվող լարվածության պայմաններում խիստ պահանջված են դիտարկվում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, որի գլխավոր կետը պետք է համարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես այս տարածքում ապրող մարդկանց ապրելու անօտարելի իրավունքի ապահովման գերակա պայման»,- ասվում է հայտարարության մեջ:

Խմբակցությունները դատապարտել են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը, որոնք ուղղված են ՌԴ խաղաղապահ զորախմբի գործողություների արդյունավետությունը կասկածի տակ դնելուն և կոչ են անում առաքելության ղեկավարությանը հասցեական գնահատական տալ գրանցված միջադեպին և ամբողջությամբ ապահովել հրապարակված հայտարարության առաջին կետից բխող բոլոր պայմանները:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---