Չնայած, որ եվրոպական շատ երկրներում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ընդհատված առաջնությունները վերսկսվել են, այնուամենայնիվ գլոբալ ճգնաժամը չի նահանջում։ Բազմաթիվ ակումբներ արդեն իսկ հայտարարել են սնանկացման մասին։ Գրանդ ակումբներն իրենց հերթին ֆուտբոլիստների հետ համաձայնության գալով զգալիորեն նվազացրել են աշխատավարձը մի քանի ամիս ժամանակ շահելու նպատակով։ Ազգային առաջնությունների դադարեցման հետևանքով ակումբները զրկվել էին եկամուտից և դեռևս հայտնի չէ թե երբ կվերականգնվեն ֆինանսական հոսքերը գոնե 50 տոկոսով։ Եվրոպական բարձրակարգ թիմերի եկամուտի հիմնական աղբյուրներն են հանդիպումների հեռուստահեռարձակումներից, տոմսերի վաճառքից, գովազդներից ինչպես նաև մարզաշապիկների և ակումբի այլ ատրիբուտների վաճառքից գոյացած գումարները։ Այսօր հանդիպումները տեղի են ունենում առանց հանդիսականների, իսկ կարանտինային իրավիճակում մարդիկ մարզաշապիկներ և այլ ատրիբուտներ գրեթե չեն գնում։
Եթե հունիսին ազգային առաջնությունները չվերսկսվեին, ապա սնանկ կճանաչվեին նաև եվրոպական գրանդ ակումբները։ Հեռուստահեռարձակումներից ստացվող միջոցները ըստ էության գոյատևումը երկարաձգելու հնարավորություն են տվել։ Բոլորս համոզվեցինք,որ աշխարհի շատ երկրներում հասատատված կարանտինի ավարտից հետո ֆուտբոլն էապես փոխվել է և մի շարք գործոններով տարբերվում է նախկինից։ Ինչևէ, իսկ ինչ ազդեցություն կարող է թողնել ստեղծված իրավիճակը հայկական ֆուտբոլի և մասնավորապես հայկական ակումբների վրա։ Հայաստանի առաջնության հանդիպումները ներկա են գտնվում մի քանի տասնյակ, լավագույն դեպքում մի քանի հարյուր հանդիսականներ։ Հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումների հեռարձակումները ևս լսարան չունեն։ Ատրիբուտների վաճառքից գոյացած միջոցների մասին խոսելն էլ ավելորդ է։ Ի տարբերություն եվրոպական բարձր և միջին մակարդակի ակումբների՝ մեր թիմերը իրենց գոյությունը պահպանում են բացառապես սեփականատերերի շնորհիվ։ Ավելի ստույգ ունենք մոտ 2 տասնյակ գործարարներ, որոնք ֆուտբոլի սիրահար են առանց եկամուտի ակնկալիքի ներդրումներ են կատարում և կոպիտ ասած պահում հարյուրավոր ֆուտբոլիստների և ակումբի այլ աշխատակիցների։ Նշենք նաև, որ հայկական թիմերի հանդես եկող ֆուտբոլիստների զգալի մասը լեգեոներներ են։ Այսինքն ակումբների սեփականատերերը հոգում են նաև դրսի հրավիրված խաղացողների կացության ծախսերը։
Բնական է, որ համավարակի հետևանքով նյութական կորուստներ կկրեն նաև ակումբների սեփականատերերը, ինչի հետևանքով էլ ծանր հարված կստանան նաև թիմերը։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայկական ակումբներին։ Դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում՝ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 Եվրոն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ բաշխելու վերաբերյալ:Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 24-ին, ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել էր, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են, և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 Եվրո:Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ ՀՖՖ-ն որոշում էր կայացրել Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա վերոնշյալ նույն սկզբունքով, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների միջև բաժանել 502 հազար 788 Եվրո գումարը: Սա որոշ չափով թեթևացրել է ակումբների հոգսերը, սակայն ինչ կլինի հետո՞։ Ֆուտբոլասերների շրջանում արդեն իսկ խոսվում է մի քանի ակումբների լուծարման վտանգի առաջ կանգնելու մասին։ Իրավիճակի վերաբերյալ մեր թիմերը դեռևս հայտարարություններ չեն արել։ Ամեն դեպքում կա մտավախություն, որ ամիսներ անց հայկական ֆուտբոլում ֆուտբոլիստների հոսքեր և վերադասավորումներ կսկվեն։ Բարձրագույն խմբի առաջնությունը մոտենում է ավարտին և շուտով հայտնի կդառնան այն 4 թիմերը, որոնք եվրագավաթների 2020/2021 խաղարկության մասնակցելու իրավունք կստանան։ Մասնավորապես, 4 ակումբներ դուրս գալով եվրոպական ասպարեզ ՈւԵՖԱ-ից ստացած գումարներով որոշակիորեն կթոթափեն ճգնաժամանը։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով մի եվրագավաթների ուղեգիր չնվաճած մի քանի թիմեր առաջնության ավարտից հետո կլուծարվեն։
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածում լավագույն վեցնյակը պայքարում է մրցանակային տեղերի համար, իսկ 7-9-րդ հորիզոնականներում գտնվող թիմերը մրցաշարային առումով ոչ այնքան կարևոր հանդիպումներ են անցկացնում։ Մեր տեղեկություններով մրցաշրջանի ավարտից հետո կլուծարվի 7-9-րդ տեղերում գտնվող թիմերից մեկը։ Հնարավոր է լուծարվեն նաև լավագույն վեցնյակում գտնվող 1-2 թիմ, եթե եվրագավաթների խաղարկության ուղեգիր չնվաճեն։ Կարճ ասած Հայաստանի ընթացիկ առաջնությունը որոշ թիմերի համար վերածվել է գոյատևման համար պայքարի։
24-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 45 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան», որը 3 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Շիրակին»։ «Ալաշկերտը» 40 միավորով երրորդն է, իսկ 4-րդ տեղում գտնվող «Նոան» ունի 39 միավոր։ Լավագույն հնգյակը 36 միավորով եզրափակում է «Լոռին», իսկ 6-րդ տեղում գտնվող «Արարատը» վաստակել է 33 միավոր։