Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի աջակիցները դադարեցնում են բողոքի ցույցերը


Այսօր Վճռաբեկ դատարանի առջև հավաքված Սամվել Բաբայանի աջակիցները, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչին քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարեցին, որ իրենց պահանջը Փաշինյանի ու Կառավարության դեմ չէ:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասաց, թե իրենց բողոքի ակցիան չի խոչընդոտում նոր իշխանության գործունեությունը․ - «Պահանջը դատական իշխանությունից է, պահանջը դատավորներից է, պահանջը դատախազից է, որոնք դեռևս մնացել են հինը: Ու ես ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ մենք իր բարեկամներն ենք, մենք էս հեղափոխության մարտիկներն ենք»:

«Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյանը հավելեց․ - «Սա ոչ թե քաղաքացիական անհնազանդության ակցիա է, այլ բողոքի ցույց, որի պահանջը ուղղված է Վճռաբեկ դատարանին: Սա բացարձակապես կապ չունի քաղաքացիական անհնազանդություն կոչվածի հետ: Փողոցներ չեն փակվում, շենքեր չեն փակվում, որևէ աշխատանք չի խափանվում»:

Փաշինյանը, հիշեցնենք, երեկ նշել էր․ - «Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ»:

Վճռաբեկ դատարանի առջև օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են ընդունել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և ազատ արձակել նրան:

«Քաղբանտարկյալների պաշտպանության» խմբի ներկայացուցիչ, Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ նախորդ շաբաթ նույնպես այս պահանջով եղել են Վճռաբեկ դատարանի դիմաց․ - «Մենք չենք ստացել նաև պատասխան, թե ինչպիսի վերաբերմունք ունի Վճռաբեկ դատարանը կալանքը, որպես խափանման միջոց, փոխելու մեր միջնորդության պահով: Եվ այսօր մենք հերթական անգամ հավաքվում ենք, որպեսզի պահանջենք կոնկրետ պատասխան Վճռաբեկ դատարանից»:

Անցած նոյեմբերին ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ դատավճռի՝ Բաբայանը դրդել էր մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, նաև փոխարկման արդյունքում ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Այնինչ նա պնդել է, որ ռուսաստանաբնակ ընկերոջից պարտքն է ստացել: Առաջին մեղադրանքով ղարաբաղցի նախկին զինվորականի դեմ դատարանում ոչ ոք ցումունք չէր տվել:

Այս տարվա փետրվարին վերաքննիչ ատյանը մերժեց Բաբայանի բողոքը, որով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը արդարացում էր պահանջում:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանն ու հիշեցրեց Փաշինյանի խոսքը․ - «Նոր ձևավորված իշխանությունը, հատկապես պարոն Փաշինյանը, կարելի է ասել, ամեն օր անդրադառնում է նաև դատական իշխանության անկախության հիմնահարցերին: Եվ ամենավերջին ելույթը, կոչը, հորդորը, որում ինքը ընդգծեց կարմիր գծի գաղափարը, և մատնանշեց, որ որևէ միջամտություն թե՛ դատական համակարգի ներսում, թե՛ այլ բնույթի միջամտություններ անթույլատրելի են», - ասաց Ավետիսյանը:

Դիմելով Բաբայանի աջակիցներին՝ Սերժիկ Ավետիսյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանը միայն բողոքներ է ընդունում, ընդգծեց, որ սա առաջին դեպքն է, երբ վճռաբեկ ատյան նաև միջնորդություն է բերվել: Նրա խոսքով՝ նախադեպային որոշումներ եղել են, բայց այս դեպքը դեռ ուսումնասիրման կարիք ունի․ - «Չեմ հիշում մի դեպք, երբ այսպիսի խնդիր առաջանա․ բերվեն վճռաբեկ բողոքներ և բողոքների հետ մեկտեղ կամ բողոքներից հետո ներկայացվեն միջնորդություններ խափանման միջոցի վերաբերյալ: Նույնիսկ այդպիսի պրակտիկա էլ չունենք: Ուստի ժամկետ էլ գոյություն չունի՝ ի տարբերություն առաջին ատյանի դատարանի: Կա կոնկրետ գործ, կան բողոքներ, դրանք ուսումնասիրվում են: Որևէ մեկը չի ցանկանում ձգձգել անհիմն, արհեստածին․․․ սպասել մինչև եռամսյա ժամկետը լրանա և նոր որոշում լինի ողջամիտ, նշված ժամկետի շրջանակում, որքան հնարավոր ա սեղմ ժամկետում»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած ու նրան ազատ արձակելու պահանջով Վճռաբեկ դատարանի առջև հավաքված բողոքի ակցիայի մասակկցիները հեռացան՝ նշելով, եթե «ողջամիտ ժամկետ» ասածն ամիսներ տևի իրենք ճնշումը կուժեղացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG