Կարծիք

11.07.2019 20:00


Ձախողված լրագրող-հեղափոխականի վերջը

Ձախողված լրագրող-հեղափոխականի վերջը
Նա մինչ հեղափոխական դառնալը լրագրող էր, իսկ հեղափոխությունից հետո երկրում չկար մեկը, ով նրանից ավելի շատ սեր և համակրանք վայելեր։
Նրա վարկանիշն անհավանական բարձր էր: Նա իշխանության էր եկել թավշյա, ոչ բռնի ճանապարհով, նաև՝ պոպուլիզմով։ Նա հայտարարում էր, թե կյանքի է կոչելու միմիայն ժողովրդի կամքը և որ չի կարող ապրել առանց ժողովրդի։
«Եվ այն ժամանակ, երբ դուք կասկածեք ինձ, սպանե՛ք ինձ»,-կիսահիստերիկ տոնայնությամբ հայտարարում էր նա՝ արժանանալով բուռն ծափահարությունների։ Ելույթներ ունենալիս հասնում էր ուշագնացության՝ այդ վիճակին հասցնելով նաև իրեն հավատացող հպարտ միտինգավորներին։
Նա իրեն համարում էր ճակատագրի ընտրյալ և ժողովրդի ներկայացուցիչը երկրի վրա։ Չէր ծառայել բանակում, բայց սիրում էր զինվորականի հագուստ կրել։
Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ դուխով առաջնորդն իրականում դատարկ փուչիկ է, ապաշնորհ, գիտի միայն ճամարտակել ու դեմագոգիայով զբաղվել։ Նրան սկսեցին մեղադրել գլուխգովանության ու բոնապարտիզմով տառապելու մեջ։
Նրա սխալ կադրային և ընդհանրապես բոլոր ոլորտներում ձախողված քաղաքականությունը երկիրը կանգնեցրեց ծանր վիճակի և տարածքային կորուստների առաջ։ Ցանկանում էր վերակենդանացնել երկիրը, սակայն դարձավ դրա գերեզմանափորը։
Նրա ղեկավարած նոր կառավարությունը փորձում էր վերացնել հին կարգուկանոնը, սակայն ստեղծեց քաոս, կառավարման համակարգը ճահճանում էր, խնդիրներ էին առաջացել առաջնագծում։ Երկրում համատարած ճգնաժամ էր։
Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը վերածվեց ատելության և բռնության քարոզի։ Հարցերը սկսեց լուծել ոչ թե իշխանությունը, այլ ամբոխը, որը գլուխ ցխել, պատերին ծեփել, ծնոտ ծռել և ընդհանրապես արյուն էր տենչում։ Ամբոխը վերածվեց անկառավարելի հրեշի. այն չէր ենթարկվում ո՛չ օրենքին, ո՛չ օրինականությանը և չուներ բարոյական ոչ մի արժեհամակարգ։
Այդ ամբոխի սրտի վարչապետն ինչպես արագ վեր էր հառնել քաղաքական արենայում, նույնպիսի արագությամբ էլ գահավիժեց՝ իր հետ դեպի անդունդ տանելով նաև ողջ երկիրը։
Նա օր օրի կտրվում էր իրականությունից և կորցնում վերահսկողությունը։ Շուտով նրան սկսեցին անվանել հեղափոխության ամենատխուր կերպարներից մեկը։
Ռուսական Ժամանակավոր կառավարության վարչապետ Ալեքսանդր Կերենսկին 1917թ․ ստիպված եղավ փախուստի դիմել երկրից, ըստ որոշ աղբյուրների՝ անգամ կանացի շորերով։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը