Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը գերեվարել է վեց հայ զինծառայողների. ՊՆ 


Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել և գերեվարվել են Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային վեց զինծառայողներ, առավոտյան նման հաղորդագրությամբ հանդես եկավ Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչության փոխանցմամբ` ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։ Նախարարությունը նաև իրականությանը չհամապատասխանող է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստը բացելիս պնդեց` նշված վեց զինծառայողները սահմանի կահավորման՝ ականապատման աշխատանքներ էին իրականացնում Հայաստանի ինքնիշխան տարածքում. «Տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար, և այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անեն, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»:

Փաշինյանը տեղի ունեցածը բնութագրեց հայ զինծառայողների առևանգում Հայաստանի տարածքից, ինչը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և Հայաստանը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում` միջազգային լծակները իրադրությունը շտկելու համար։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հակառակորդը առնվազն երկու նպատակ է հետապնդում. «Տարբերակ Ա` իրադարձությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան, երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ` հրահրել ռազմական բախում իրադարձությունն ամբողջությամբ և իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք, առաջինը հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերը անվերապահորեն պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից, և երկրորդը` մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք առավել շրջահայացորեն»:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ անցած գիշեր Կութ համայնքի ուղղությամբ վեց հայ զինվորականների գերեվարումը ուղեկցվել է փոխհրաձգությամբ։ Կութը Գեղամասար խոշորացված համայնքի մաս է կազմում։

«Ազատություն» - Հիմա ի՞նչ իրավիճակ է Կութ համայնքի ուղղությամբ:

Հակոբ Ավետյան - Դե լարված իրավիճակ է շատ:

«Ազատություն» - Հիմա է՞լ է լարված իրավիճակ, այսինքն` կրակո՞ւմ են:

Հակոբ Ավետյան - Չէ, այս պահին տենց կրակոցներ չկան, քիչ ա էլի, ինտենսիվություն չկա, բայց դե էտ գերիների հետ կապված վտանգավորության ու լարվածության ամենաբարձր աստիճան է այս պահին:

«Ազատություն» - Պարո՛ն Ավետյան, ե՞րբ են կրակել` առավոտ շո՞ւտ, մինչև ե՞րբ տևեցին այդ կրակոցները:

Հակոբ Ավետյան - Չէ, հենց գերեվարելու պահից էլ եղել ա:

«Ազատություն» - Այսինքն` գիշե՞րն են սկսել կրակել:

Հակոբ Ավետյան - Գիշերը եղել է, որ արդեն գերի են տարել, դրանից հետո լռել են, մեկ էլ առավոտը նորից կրակոցներ եղել են, փոխհրաձգություն:

«Ազատություն» - Դրանք խոշոր տրամաչափի՞ զենքեր էին:

Հակոբ Ավետյան - Չէ, ավտոմատի:

«Ազատություն» - Իսկ դիրքային ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցե՞լ են, իրենց առաջ եկե՞լ են կամ հետ գնացել են:

Հակոբ Ավետյան - Չէ, այս պահին դիրքերի փոփոխություններ չկան, նույն դիրքերում կանգնած են:

«Ազատություն» - Միայն Կութի՞ ուղղությամբ է այդ լարված իրավիճակը, թե՞ նաև ուրիշ համայնքի:

Հակոբ Ավետյան - Ընդհանրապես լարված իրավիճակը ամբողջ սայմանով մեկ է, որովհետև չի կարող մի պահ լարված լինի, մյուս տեղերում` շատ հանգիստ, բայց դեպքը տեղի է ունեցել Կութի հատվածում:

«Ազատություն» - Իսկ Դուք տեղեկություններ ունե՞ք այդ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը զոհեր, վիրավորներ ունի՞:

Հակոբ Ավետյան - Չէ, չկա, ոչ մի բան էլ չկա, վիրավոր էլ չունենք:





Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG