×


«Ուզում ենք՝ մեր աղջիկն ամուր պահի կապը Հայաստանի հետ»․ Միքայել Շարաֆյան

Միքայել Շարաֆյանն ու Նարե Գրիգորյանն աշնան սկզբին Հայաստանում էին։ Ամերիկաբնակ դիզայները BRAVO.am-ին պատմել է այցի առիթի, Երեւանում եւ մարզերում անցկացրած անմոռանալի օրերի մասին։

«Կնոջս հետ փորձում ենք հաճախ գալ հայրենիք, վերջին անգամ մարտին էինք եղել։ Կարծում եմ՝ այս դժվար օրերին հատկապես պետք է մեր երկրում լինենք։ Բացի դա, շատ ենք ուզում, որ մեր դուստրը՝ Սթեֆանին, ամուր պահի իր կապը հայրենիքի հետ, շփվի այդտեղ ապրող մեր բարեկամների հետ»,-ասել է Միքայելը։

Նա նշել է, որ կյանքի 15 տարին Երեւանում է ապրել.«Գնալուցս հետո շատ բան է փոխվել։ Մաշտոցի 16 շենքում էր մեր տունը, ճիշտ է՝ այն այլեւս գոյություն չունի, բայց փոխարենը կարող ենք տնտեսական խանութ այցելել։): Իրականում մեր քաղաքը շատ երիտասարդ է, դեռ աճելու տեղ ունի։ Շատ եմ կարոտում Երեւանի փողոցներում երկար ու ծույլ զբոսանքները»։

Միքայել Շարաֆյանի ընտանիքը


Հասցրել են մշակութային մի շարք վայրեր այցելել․«Ամեն գալուց գնում եմ Օպերայի եւ բալետի թատրոն, մայրս 30 տարի այնտեղ աշխատել է որպես բալետի կոնցերտմայստեր: Այս տարի առաջին անգամ աղջկաս տարա ներկայացման. «Չիպոլինո» բալետը վայելեցինք: Վերջին տարիներին հասցրել եմ սերտ կապեր հաստատել թատրոնի հետ. նոր, հետաքրքիր ծրագրեր են սպասվում։ Այս անգամ հատուկ ծրագիր էի մշակել՝ այցելել տուն-թանգարաններ: Հասցրի լինել Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Սիլվա Կապուտիկյանի, Խաչատուր Աբովյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Լուսիկ Ագուլեցու թանգարաններում: Գյումրիում եւ Էջմիածնում ենք եղել։ Էջմիածնում ինձ համար իսկական բացահայտում էր Խորեն Տեր-Հարությունյանի թանգարանը»,- պատմել է դիզայները։

Միքայել Շարաֆյանը՝ դստեր հետ


Նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ չի կարող մշտական բնակության վերադառնալ Հայաստան․«Ցավոք, ինձ շատ դժվար կլինի. կյանքիս 20 տարին անցկացրել եմ ԱՄՆ-ում, որտեղ մասնագիտություն եմ ձեռք բերել, ընկերություն եւ շրջապատ»:

Միքայել Շարաֆյանը՝ կնոջ հետ


Միքայելն ու կինը Հայաստանից մեկնել են լավ հուշերով եւ պիտանի նվերներով․ «Ամեն անգամ խորհրդանշական փոքրիկ նվերներ էինք տանում մեր մտերիմներին, այս անգամ նախապատվությունը տվեցինք հայալեզու գրականությանը՝ փորձելով մեր փոքրիկ ներդրումն ունենալ հայկական տպագրության զարգացման մեջ»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Միքայել Շարաֆյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին