News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վանաձորի Քիմիագործների 2 տնակային ավանում հետերկրաշարժյան տարիներին մի քանի տասնյակ ընտանիք էր ապրում: Տարիների ընթացքում ավանում պայմանների վատթարացմանը զուգահեռ նրանցից շատերը հեռացան տարածքից:

Այժմ այստեղ բնակվում է 4 ընտանիք՝ 12 անձով, որոնք տարիներ շարունակ զրկված են ոչ միայն ջուր, այլև կոյուղի ունենալու հնարավորությունից: Բանն այն է, որ դեռևս 2007թ.-ին Վանաձորի քաղաքապետարանը վաճառել է այս տարածքի հողը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ տարածքում տնակներ կան դրված, որտեղ տասնյակ ընտանիքներ են բնակվում:

Տարածքի սեփականատերն էլ պարսպապատել է սեփական դարձած հողը, տնակների կողմից օգտագործվող կոյուղագիծը հեռացրել տարածքից, այդպիսով զրկելով նրանց սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից:

«Մեր տարածքները քաղաքապետն առանց մեզ, էս 1000 քառակուսի մետրը ծախեց: Մենք գրել, խնդրել էինք, որ խնդրում ենք աճուրդին մասնակցենք: Պատասխանել էին, որ անգամ եթե մի շան բուն էլ լինի, հնարավոր չի, որ այդ տարածքի համար քաղաքապետարանը աճուրդ անցկացնի»,- հիշում է տարածքի տնակներից մեկում բնավող Նելլի Ներսիսյանը:

Կայացած աճուրդի մասին բնակիչներն իմացել են 3 տարի անց, երբ քաղաքապետարանը դիմել է դատարան, վաճառված տարածքից բնակիչներին վռնդելու համար:

«Դարբինյանին ասի՝ ինձ հետն ե՞ս վաճառել 10 մլն 900 հզր դրամով,- վրդովվում է բնակչուհին:

 Հարցին՝ ինչպե՞ս են ապրում առանց կոյուղի, բնակիչները դժվարանում են բառերով ներկայացնել: Մեկը հարակից տնտեսվարողի զուգարանից է օգտվում, մյուսը՝ աշխատավայրի զուգարանից, մի քանիսն էլ կարիքները հոգալու համար օգտագործում են նախնադարին բնորոշ մեթոդներ...

Սանիտարահիգիենիկ անմխիթար պայմանների պատճառով տարածքում առատորեն վխտում են առնետներ, մկներ, տարատեսակ միջատներ:

«Պատկերացում ե՞ք, մենք ի՞նչ հակասանտիտարական վիճակում ենք: Էս հակասանիտարական վիճակը մեզ սպանել ա: Անհնար ա, էլ հնարավոր չի»,- բողոքում են բնակիչները:

Խնդրի հետ կապված բնակիչները բազմիցս դիմել են թե Լոռու մարզպետին, թե Վանաձորի նախկին ու ներկա քաղաքապետերին: Հարցը, սակայն, ոչ մի կերպ չի լուծվում ու բնակիչները շարունակում են ապրել առնետների հետ՝ զուրկ ջուր ու կոյուղի ունենալու հնարավորությունից:

Տպել
Ամենաշատ