211652_close_icon
views-count1314 դիտում article-date 16:46 03-12-2020

ՊԲ հրամանատարը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության բանակի հրամանատարը ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները և նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը: Միքայել Արզումանյանն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման և Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման և ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները հայկական երկու հանրապետությունների անվտանգային համակարգի վերափոխման և առավել ամրապնդման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցերին: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտությունը: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՀ նախագահի, ԱՀ ՊԲ հրամանատարի և ԱՀ ԱԻՊԾ ղեկավարի հետ մասնակցել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը: Վաղարշակ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը շուրջօրյա բանակցություններ է վարում ադրբեջանական և ռուսական կողմերի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ որոնումների ինտենսիվությունը բարձրացնելու և որոնողական տարածքներն ընդլայնելու ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ իր պաշտոնակցի, Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ՝ քննարկումների առանցքում պահելով գերության մեջ հայտնվածների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման հարցը:

Նմանատիպ նյութեր