«Պատգամավորը հրաժարվել է ընդունել ոստիկանության հրավերը՝ գալ ոստիկանություն, և խնդրել է այդ հարցով իրեն չանհանգստացնել». Վալերի Օսիպյան

«Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ ու ճիշտ ժամանակին։ Վարչապետը հայտարարեց՝ ուժային կառույցները, որոնցից մեկը ոստիկանությունն է, հնարավոր է, թերացել է։ Ես արդեն տվել եմ համապատասխան հանձնարարականներ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրավապահ մարմինները լավ չեն հասկացել ոմանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու հանձնարարականը:

Ըստ նրա՝ ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրա թիկնազորի կողմից քաղաքացիներին հայհոյելու դեպքից հետո ժամեր անց արդեն եղել են բերման ենթարկվածներ՝ 5 մարդ, այդ թվում՝ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները:

Անձամբ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի պահվածքի մասով Օսիպյանը նշեց, որ նյութեր են նախապատրաստվում, և հաշվի առնելով, որ նրանք պատգամավորներ են և ունեն հատուկ կարգավիճակ, նյութերը կփոխանցվեն Հատուկ քննչական ծառայությանը:

Ոստիկանապետը հերքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած հանրահավաքի օրը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի նկատմամբ կիրառվել է ոչ համաչափ գործողություն, իսկ ԱԺ տարածքում ավտոմեքենաներ են վնասվել ու ապակիներ կոտրվել։ Ըստ նրա՝ ոստիկանությունն այդ հայտարարությունից հետո կապ է հաստատել Ռ.Առաքելյանի հետ, ով հայտնել է, որ այդ ամենը չափազանցված է, ինքը որևէ խնդիր չի տեսնում.

«Պատգամավորը հրաժարվել է ընդունել ոստիկանության հրավերը՝ գալ ոստիկանություն, և խնդրել է այդ հարցով իրեն չանհանգստացնել»:

Օսիպյանի խոսքով՝ որևէ քաղաքացի չի դիմել ոստիկանություն՝ հանրահավաքի օրն իր մեքենան վնասվելու հարցով, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը հայտարարել է, որ վնասված մեքենաներ ու կոտրված ապակիներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս