«Սարգսյանի որոշման հիմքում նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարն էր»․ անգլիացի վերլուծաբան

«Հայաստանում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությանը միացած ժողովուրդը ժողովրդավարական ճեղքում ցուցադրեց»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին ու ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին:

Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ շատերը չէին հավատում այն ամենին, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ Ըստ նրա, ժողովուրդն ապացուցեց, թե ինչ արժեքների կրող է։

«Արժանին պետք է մատուցել ՀՀ վարչապետին ևս, ով խուսափեց դիմել ուժային կառույցների միջամտությանը, խուսափեց նման որոշումից՝ չհեղինակազրկելու համար իրեն, իր կուսակցությունն ու հայ ժողովրդին։ Միանշանակ է, որ ուժային կառույցները կարող էին ավելի երկարաձգել Սարգսյանի պաշտոնավարումը։ Բայց ուկրաինական զարգացումներն ապացուցեցին, որ Յանուկովիչի կողմից Բերկուտի կիրառումը ժողովրդի դեմ է՛լ ավելի սրեց երկրում տիրող իրավիճակը՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի։ Հաղթանակ էր այն, որ հասարակությունն ու իշխանությունը ստեղծված իրավիճակից այս կետում դուրս եկան առանց բռնության և կորուստների։

Վստահ եմ, որ առաջիկա բանակցությունները ևս ընթանալու են փոխադարձ հարգանքի ու ըմբռնումի մթնոլորտում։ Այս գործընթացը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ձգտում է այլ որակի կյանքի, արժեքների»,- ասաց Մաքֆարլեյնը։

Նրա գնահատմամբ, դեռ վաղ է խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանն իշխանություն է կորցրել, քանի որ իշխող կուսակցությունը դեռ պահպանում է իր դիրքերը, և կողմերը դեռ պետք է բանակցեն։ Պետք է հիշել, ըստ նրա, որ իշխող կուսակցությունը ևս ընտրազանգված ունի, և դրա հետ հաշվի չնստել չի ստացվի։

«Եթե չեմ սխալվում՝ Փաշինյանն ընդունել էր խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ներկայումս, բնականաբար, նրա ընտրազանգվածը չափազանց մեծ աճ է գրանցել, փոփոխվել, որը կարձանագրվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց հետաքրքրական կլինի հետևել նաև նրան, թե որքան ձայն կհավաքի իշխող կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը երկրորդ տեղում էր նախորդ ընտրություններում։ Տեսնենք, թե զարգացումներն ինչ հունով կընթանան։ Ինչպես նշում է շարժման ղեկավարը, սա դեռ վերջը չէ»,- ասաց Մաքֆարլեյնը։

Խոսելով այն մասին, թե այս զարգացումներն ինչպես կանդրադառնան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա՝ անգլիացի վերլուծաբանն ասաց, որ ԵՄ անդամ երկրները ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու փուլում են։ Բնականաբար, նրա խոսքով, ցանկացած հակաժողովրդավարական զարգացում Հայաստանում կասեցնելու էր այդ գործընթացը, երկարաձգեր, ինչպես երկարաձգվեց Եմ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի դեպքում, որը պայմանավորված էր ուկրաինական ողբերգական իրադարձություններով։

Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ, ամենայն հավանականությամբ՝ հասկանալով, որ 2013 թվականին երկար բանակցված Ասոցացման համաձայնագիրը տապալվեց, Սարգսյանը նման որոշում կայացրեց՝ հաշվի առնելով նաև բոլոր հնարավոր հետևանքները։ «Եվրոպական միությունն այս օրերին մի քանի անգամ զգուշացրել էր չխախտել հիմնարար ազատությունները, ազատ արձակել խաղաղ ցուցարարներին, բռնությունը կլիներ մեծ հարված այդ համաձայնագրին, և եթե ոչ՝ ԵՄ-ն, ապա առանձին ԵՄ շատ երկրներ առիթից օգտվելով՝ չէին վավերացնի համաձայնագիրը՝ հաշվի առնելով միգրացիոն ճգնաժամը, ԵՄ-ՌԴ կոնֆլիկտը և ԵՄ ներքին խնդիրները։

Դրանք ստիպում են ԵՄ-ին կենտրոնանալ ներքին խնդիրների վրա, իսկ Արևելյան գործընկերությունը մեծ ծախսեր է պահանջում ԵՄ-ից, և շատ ԵՄ անդամ երկրներ հարց են տալիս, թե ինչու պետք է իրենց գումարներն ուղղվեն այս երկրներին։ Այսինքն՝ այս համաձայնագրի վավերացման գործընթացը բավականին խոցելի է նման գործընթացների համար»,- նման տեսակետ հայտնեց Նեյլ Մաքֆարլեյնը։

Նրա պնդմամբ, իրադարձությունների զարգացման ներկայիս կոնֆիգուրացիայի պայմաններում ԵՄ-ն հույս կունենա աշխատել առկա օրակարգի շրջանակում՝ հասկանալով, որ այդ ամենն անհրաժեշտ է հայ ժողովրդին՝ թե ներկայիս իշխանությանը, թե ընդդիմությանը։ Սա, նրա գնահատմամբ, կարևոր արձանագրում էր ԵՄ-ի համար։

Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ այս զարգացումները, ամենայն հավանականությամբ, խոչընդոտ չեն դառնա ՀՀ-ԵՄ մասնակի ներդրման գործընթացը սկսելու համար։

Տեսանյութեր

Լրահոս