ՌԴ դեսպանատունը հերքում է ռուս զինծառայողի առնչությունը Գյումրիում կնոջ սպանությանը

ՌԴ դեսպանատունը հերքում է ռուս զինծառայողի առնչությունը Գյումրիում կնոջ սպանությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպանատունը հերքում է ռուս զինծառայողի առնչությունը Գյումրիում կնոջ սպանությանը:

Դեսպանատունը հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, թե 102-րդ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը ծեծել է Գյումրու բնակչուհուն, որը մարմնական վնասվածքներից հետո տեղում մահացել է, հայտնում է Sputnik Արմենիան։

Սպանությունը տեղի է ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել է այդ թաղամասի բնակիչ, 1961 թվականին ծնված կնոջ վրա ու դաժանաբար ծեծել: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել է։ Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում որպես փողոցի հավաքարար։ Նա լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։

Ավելի վաղ հայկական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության հետ առնչություն ունի ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկը։ Նրան բերման են ենթարկել Գյումրու ոստիկանության աշխատակիցները։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տվյալների համաձայն` դեկտեմբերի 3-ին վերոնշյալ ռուս զինծառայողը ծառայության դուրս չի եկել։ Նման դեպքերում, փոխգործակցության կանոնակարգի համաձայն, ռուս զինվորականներն այդ մասին պետք է տեղեկացնեն տեղի ինքնակառավարման մարմիններին։ Զինծառայողի մասին տեղեկությունը հայտնվել է հետախուզական ամփոփագրում, ինչը պատճառ է դարձել, որ նրան ընդգրկեն այդ աղմկահարույց իրադարձության հետ առնչություն ունեցողների շրջանակում։

Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության հետ համատեղ պարզել է, որ ռուս զինծառայողն առնչություն չունի այդ դեպքի հետ։

Դեսպանատունը նաև հայտարարություն է տարածել, որտեղ հայտարարել է, որ «անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում»:

Քննչական կոմիտեն իր հերթին հայտնել է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում 57 ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, ով հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---