ՀՀ ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 17-ին հանդիպում է անցկացվել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը ներկայացրել է մայիսի 12-ից սահմանների ճշգրտման պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա զարգացման ընթացքը:
Ըստ աղբյուրի՝ նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, փաստացի խնդիրը դեռևս հանգուցալուծված չէ և Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում են գտնվել ադրբեջանական զինվորականներ:
Նշվել է նաև, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում