×


«Ուրախ ենք, որ երկրորդ երեխան շատ սպասելու առիթ չտվեց». Արամ Չախոյան

Հաղորդավար, դիջեյ Արամ Չախոյանի եւ Աննա Պողոսյանի ընտանիքում համալրում է եղել։ Նախորդ տարի՝ դեկտեմբերի 23-ին, ծնվել է զույգի երկրորդ դուստրը, որին անվանել են Լանա։ BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել է նրանց տանը, լուսանկարել եւ, իհարկե, հետաքրքիր զրույց ունեցել Արամի եւ Աննայի հետ։

- Արամ, դեռ Միլայի երկու տարին էլ չլրացած ծնվեց երկրորդ բալիկը, ընտանիքի համալրումը պլանավորվա՞ծ էր։

- Առաջնեկս երբ ծնվեց, ես 45 տարեկան էի, եւ երկրորդ երեխայի ծնունդը որքան շուտ լիներ, այնքան լավ։ Իրականում հասկանալով, որ ժամանակը սահմանափակ ռեսուրս է, երեխաների ծնունդը հնարավորիս շուտ էինք ակնկալում: Ուրախ ենք, որ Լանան այդքան սպասելու առիթ չտվեց։

Արամ Չախոյանի եւ Աննա Պողոսյանի ընտանիքը


- Վստահ եմ՝ հիմա էլ շրջապատում արու զավակ են մաղթում...

- Այո, իհարկե, շատերն են ասում՝ «Բա մի հատ էլ տղա չունենա՞ք» (ծիծաղում է,-հեղ.): Կնոջս ցանկությունից է կախված: Իհարկե, շատ կուզեմ որդի էլ ունենալ: Որքան շատ երեխա ունենամ, այդքան ուրախ կլինեմ: Բոլորը կլինեն սպասված, եւ բոլորի համար պատրաստ եմ հավելյալ պատասխանատվության։ Մեր օրերում երիտասարդները հաճախ երեխայի ծնունդը պլանավորում են՝ հաշվի առնելով ֆինանսը, ժամանակը, իսկ ահա ես ավելի փիլիսոփայորեն եմ մոտենում հարցին՝ եթե երեխաները շատ լինեն, ես էլ շատ կաշխատեմ։

- Ինչպե՞ս ընդունեցիք լուրը: Նույնքա՞ն հուզված էիք, որքան Միլայի ժամանակ։

- Երբ կինս հայտարարեց, որ հղի է, հավանաբար, անսպասելի, բայց միեւնույն ժամանակ սպասելի եւ ուրախալի նորություն էր։ Բացի այդ, ուրախալի է նաեւ այն փաստը, որ տարիքային տարբերությունը մեծ չի լինի, ինչի արդյունքում դուստրերս կարող են լավ ընկերներ էլ լինել հետագայում։

- Իսկ այսօր դժվա՞ր չէ մեծացնել երկու փոքրիկների, նրանց առօրյան կազմակերպել։

- Իհարկե, մեկը քնում է, մյուսն է արթնանում, մեկը լացում է եւ մյուսին արթնացնում, գալիս է երկուսին կերակրելու ժամանակը, եւ այդպես շարունակ։ Փառք Աստծո, կինս տոկուն անձնավորություն է եւ ինձ հետ կհաղթահարի այդ ամենը։ Կինս բացառիկ կազմակերպվածություն եւ հստակ պատկերացումներ ունեցող մարդ է, հետեւաբար, երեխաների խնամքն այնքան մտածված եւ ճիշտ է կազմակերպում, որ դժվարությունները շատ ժամանակ նկատելի չեն։

Աննա. Խոստովանեմ, որ երեխաների քնի հարցում բախտս իրոք բերել է, քանի որ չքնելու խնդիր չունենք: Երկու դայակ ունենք, օգնում են նաեւ մեր ծնողները: Համատեղ ուժերով փորձում ենք զերծ մնալ դժվարություններից։

Միլան եւ Արամ Չախոյանը


- Աննա՛, նկատում եմ՝ որքան կապված են Միլան եւ Արամը:

- Այսօր Միլան ավելի կապված է ինձ հետ, չնայած՝ վստահ եմ, որ հետագայում նա շատ մտերիմ է լինելու Արամի հետ. նրանց սերն այլ է, հոգեբանական ուժեղ կապ կա։ Մշտապես զբոսնում են, շատ լավ ընկերներ են։ Միլան շատ է սիրում նայել, թե ինչպես է սափրվում Արամը։

- Արա՛մ, նախորդ անգամ մեզ հետ զրույցում ասացիք, որ Միլան «ռեստարտ» արեց Ձեր կյանքը: Հետաքրքիր է՝ ինչ փոխեց Լանան։

- Երկրորդ բալիկս էլ տունը լցրեց։ Միլան լույսի պես ընտանիքը լիարժեք դարձրեց, իսկ Լանան լցրեց եւ մեծացրեց։ Մենք արդեն ընտանիք ենք: Միշտ ասում եմ՝ երբ ես եւ կինս հեռանանք, հանգիստ կլինենք, քանի որ մեր տեղը դատարկ չի լինի. երկու մարդ թողնելու ենք, եւ երբ մեկն էլ ունենանք, արդեն լրացուցիչ մարդ կլինի։

Աննա Պողոսյանը՝ Միլայի հետ


- Ձեր տեսակն իմանալով՝ պատկերացնում եմ, թե որքան եք մտածում նրանց ապագայի մասին:

- Թե՛ ես, թե՛ Աննան այսօր ապրում ենք մեր երեխաներով: Իմ կարեւոր մտքերն ու պատկերացումներն այլեւս իմ անձի հետ կապված չեն, այլ՝ իմ երկու հրաշքների։ Տարիների իմ փորձն ու գիտելիքը պատրաստ եմ փոխանցել Միլային եւ Լանային, լինել նրանց ընկերը եւ անել հնարավորը, որպեսզի լավ մարդ մեծանան։

- Իհարկե, լավ է անցնում օրը երեխաների հետ, բայց երբեմն կարիք չե՞ք զգում երկուսով մնալու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու։

Արամ. Երեխանեի ծննդից հետո շատ բան է ֆիլտրվում. եթե նախկինում ազատ ժամանակը շատ էր, եւ մենք այն փորձում էինք ծախսել մեր շրջապատի հետ, ապա այսօր այդ ժամանակն անցնում է երեխաների հետ, իսկ մնացած ժամանակը փորձում ենք տրամադրել ամենամտերիմ եւ հարազատ մարդկանց հետ շփմանը։ Ուղենիշը փոխվել է. ամեն բան անում ենք, որ երեխաների հետ ավելի շատ լինենք, իսկ ընկերական հավաքույթներ, իհարկե, լինում են, Աննայի հետ եւս հասցնում ենք լավ եւ հետաքրքիր ժամանակ անցկացնել։

Աննա. Երբ հասուն եւ գիտակից տարիքում ես երեխա ունենում, երեխայից հանգստանալու, փախչելու կարիք չի լինում։ Միլայի ծննդից հետո երբ սկսեցի աշխատանքի գնալ, հիշում եմ, թե ինչպես էի անհամբեր տուն գալիս, որպեսզի ժամանակ անցկացնեմ նրա հետ, նույնն այսօր է. ցանկանում ենք ամեն րոպեն, վայրկյանը երեխաների հետ անցկացնել։

Արամ Չախոյանը՝ դուստրերի հետ


- Արա՛մ, թվում է՝ Ձեզ էլ ոչինչ չի պակասում:

-Այո, մեր կյանքում ամեն բան հոյակապ է: Ես լիարժեք երջանիկ մարդ եմ։

Զրուցեց Մարիամ Հովունին/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին