Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հայաստանը ուշի ուշով հետևում է իր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվող լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում դասախոսության ժամանակ ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում: Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք: Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց: Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ: Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- հայտարարել է ՀՀ Նախագահը:

Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր: ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:

 

ԱՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր»,- ընդգծել է նա

Ռուսաստանը ողջունում Է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման արդյունքները

Հայոց ցեղասպանության դատապարտում

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը նշել է. «Ինձ համար պատիվ էր այցելել այս մեծ երկիրը, ճանաչել մի հերոսական ժողովրդի, որը մեծ հարգանք է վայելում աշխարհում։ Ես արդեն սիրում եմ Հայաստանը»։ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն նշել է. «Մեր համակրանքն ու համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։ «Ատելությունը ձախողման ճանապարհն է»,- նշել է Կառլոս Էռնանդես Միրոն եւ հավելել, որ մարդկությունն աջակցում եւ մեծարում է հայ ժողովրդին։ 

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, եւ ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Նա հույս հայտնեց, որ ներդրումային համագործակցության դեպքում եւս կգրանցվի լավ արդյունք: «Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ երկկողմ առևտրաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսովԱմենակարեւորն այն էոր վերջին շրջանում մեր երկրները կարողացել են ձեւավորել փոխգործակցության ճիշտ մոդել ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ մակարդակում, այն է ԵԱՏՄ շրջանակում»,- ասաց Դմիտրի Մեդվեդեւը եւ հավելեց, որ գրանցած արդյունքները հենց ապացուցում են, որ երկու երկրները ճիշտ ուղու վրա են: ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարաշածրջանների միջև համագործակցությանը: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը,  առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Նրանք  պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին և վստահություն հայտնել, որ Երևանում այսօր կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաև կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է խորհրդի գործունեությունը և շնորհակալություն հայտնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը: ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետները լիակատար համաձայնության են եկել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագրի առնչությամբ, իսկ գազի առնչությամբ աշխատանքները կշարունակվեն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով` պետությունների նախագահները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի միասնական շուկայի ձևավորման սկզբունքային մոտեցումներն ու հայեցակարգը արտացոլող փաստաթուղթը, իսկ իրենք ներկայում  աշխատում են այդ հայեցակարգի իրականացման ծրագրի հաստատման ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորությամբ: 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է ԱԺ ընդունած «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին և մի շարք այլ օրենքներ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Զամբիայի Հանրապետության նախագահ Էդգար Լունգուին՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցին ՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի Ազգային օրվա առթիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, ով Երևան է ժամանել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում. հոկտեմբերի 20-24-ը մայրաքաղաքում միջոցառումներ են անցկացվել հիշարժան այդ հոբելյանի կապակցությամբ: 

ՀՀ ԱԳՆ-ում կայացան խորհրդակցություններ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր քարտուղարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցություններն անցկացվեցին «ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը Եվրամիության հետ» և «ԵԱՀԿ-ում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը եվրոպական անվտանգության հարցերի շուրջ» թեմաների շուրջ։

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերին «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսի մասնակցությունից հետո Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ընկերությունը կնքել է նոր՝ 480 միլիոն դրամի արտահանման պայմանագիր։ Արտահանումն իրականացվելու է դեպի Ռուսաստան։ Պայմանագրի կնքմամբ, փաստորեն, ոսկերչական ցուցահանդեսի արդյունքում ստացված պատվերների ծավալը գերազանցեց 1 միլիարդ դրամը։ Միայն ցուցահանդեսի օրերին ստորագրվել էին ավելի քան 580 միլիոն դրամի հայկական ոսկերչական իրերի ու զարդերի արտահանման գործարքներ։

Ներհայաստանյան զարգացումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՀՀ Նախագահը նշել է. «Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ իրականացնելն ու դրանց արդյունքում կարգապահական տույժեր կիրառելը, իսկ հանցանք կատարելու դեպքում՝ նաև քրեական պատասխանատվության ենթարկելը կարևոր են, բայց բավարար չեն: Հարկավոր է զուգահեռաբար գտնել համակարգային այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ իրապես կփոխվի ոստիկանության ողջ համակարգը»:

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ: Նա նշել է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը»։

Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ և այդ լսարանի առջև հանդես եկել դասախոսությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպումից հետո Նախագահ Սարգսյանը Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Գեղարքունիքի մարզ այցի ավարտին Հանրապետության Նախագահը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատու պաշտոնյաների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է 2018թ. ապրիլից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր գործունեությանը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը նախ հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը զբաղեցնելու է մինչև 2018թ. ապրիլ: «Հիշեցնեմ նաև, որ մինչև 2022թ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է մանդատ՝ ղեկավարելու իշխանությունը, իսկ պարոն Նախագահը մեր քաղաքական թիմի անբեկանելի առաջնորդն է»,- նշեց Շարմազանովը: Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ-ի առաջնորդը։

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է արտակարգ դրություն հայտարարելու, արտակարգ դրությունը դադարեցնելու լիազորությունները ՀՀ Նախագահից փոխանցել կառավարությանը: ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Ներկայացված փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքով հաստատվող հավելվածները և դրանք սահմանել կառավարության որոշմամբ: Բացի այդ, նախագծով նոր մոտեցում է որդեգրվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չափերը որոշելու հարցում: ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը հետապնդում է երեք հիմնական նպատակ` սահմանադրական բարեփոխումների գործադրման իրավական հիմքի ապահովում, ոլորտը կարգավորող օրենքների կոնսոլիդացում և նոր քաղաքականությունների ներդրում, այդ թվում` «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի իրականացումն ապահովելու իրավական դաշտի ստեղծում: ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այսուհետ քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունները նախագահական ինստիտուտից տեղափոխվում են կառավարության դաշտ:

ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Կառավարության ղեկավարի  հանձնարարականներից մեկը գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ էր: «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են։ Սակայն, մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են  սպասարկման որակի խնդիրներ և այլն: Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխությանԱյսինքն՝ անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիթորինգը»: 

Հաջորդ տարվա բյուջեն զարգացման մեկնարկի բյուջե է. այսպես է «Արմենպրես»-ի հետ զրույցում 2018թ. գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բնութագրում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ այն գործողությունները, որոնք դրվել են 2018թ. բյուջեի հիմքում, սրտում, միտված են լինելու զարգացման փուլի մեկնարկին. «2017թկայունացրեցինք, 2018 թվականին պետք է սկսենք զարգանալ»:

Լեռնագոգ-1 hնավայրում հայ-ճապոնական արշավախումբն այս տարի կավաշաղախից շինության մնացորդներ է հայտնաբերել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ հնավայրի տարածքում Ք.ա. VIII հազարամյակի վերջին և VII հազարամյակի առաջին քառորդում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային:

Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ: Վասիփ Շահինը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են պատրիարքական ընտրություններով՝ խնդրելով փոխանցել համայնքին, որ այդ ուղղությամբ մտահոգվելու կարիք չկա:

Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցի քննարկումը արդյունք չի տվել, ավելին` խնդիրն ավելի է խճճվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնեց, որ Պոլսո պատրիարքարանի ընտրությունների հարցի քննարկման համար պատվիրակություն էր գնացել նահանգապետարան, հանդիպել նահանգապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Այդտեղ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նահանգապետն ասել է, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` պատրիարքական տեղապահ ընտրվելու փաստը: Առաջարկվել է 2 հոգևորականի` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Սահակ եպիսկոպոս Մաշալյանին միասնաբար այս գործընթացը սկսել սկզբից: Առաջարկվել է, որ մեկը տեղապահ լինի, մյուսը մնա փոխանորդ, բայց դա մեր կարգ ու կանոնին հարմար չէ և հոգևոր համայնքի կողմից ընդունելի չէ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել: Նախաձեռնող խմբից հեռանալու մասին հայտարարել են խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը, անդամներ Անթո Քյոսեդաղը և Հաչիկ Ջանելը: Ուշագրավ է, որ այս հրաժարականները հաջորդել են Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ հանդիպմանը:

Չեխիայում գործող հայտնի «Մառլենկա Ինթերնեյշընլ» ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց  գերմանական հանրահայտ «Dr.Oetker» ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշին՝ նույն անվանումով ու տեսքով։

Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի պարգևատրման արարողությունը՝ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների և մյուս ժողովուրդների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

«Մեգաֆոն»-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Գեւորգ Վերմիշյանի թեկնածությունն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:

Միջազգային խճանկար

Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հոկտեմբերի 27-ին հավանություն Է տվել Իսպանիայից հանրապետության անկախության հռչակման բանաձեւին։ Բանաձեւը պարունակում Է 17 կետ, դրանք բոլորը վերաբերում են Կատալոնիայի կողմից անկախության ձեռքբերման տարբեր գործընթացների: Այդ կետերի թվում են՝ «օժանդակությունը Իսպանիայի հետ կրկնակի քաղաքացիության մասին պայմանագրի կնքմանը», «բոլոր պետությունների առջեւ Կատալոնիայի հանրապետության ճանաչման առաջմղումը», «Կատալոնիայի եւ Իսպանիայի միջեւ ակտվիների ու պարտավորությունների բաշխման վերաբերյալ առաջարկությունների մշակումը» եւ ուրիշներ: Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված դրույթները Կատալոնիայի նկատմամբ կիրառումը, ինչը ենթադրում է Մադրիդի կողմից Կատալոնիայի նկատմամբ  ուղիղ կառավարման հաստատում: Այս քայլը հնարավորություն է տալիս Իսպանիայի կառավարությանը և վարչապետ Մարիանո Ռախոյին Կատալոնիայի նկատմամբ ուղիղ կառավարում իրականացնել, ինչը իրականացնելու համար կարող է լուծարվել Կատալոնիայի կառավարությունը և ձեռնարկվել ինքնավարությունը սահմանափակող այլ քայլեր: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության ղեկավարի գործառույթները ներկայիս ղեկավար Կարլոս Պուդչեմոնի փոխարեն եւ  դրանց պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Սորայե Սաենս դե Սանտամարիային:

Իտայիայի Վենետո եւ Լոմբարդիա հյուսիսային մարզերի բնակիչները հոկտեմբերի 22-ին կայացած հանրաքվեներում հանդես են եկել երկրի կենտրոնական իշխանություններից ինքնավարության օգտին: Այսպիսով, տարածաշրջանների ղեկավարները ժողովրդի մանդատն են ստացել կառավարության հետ բանակցություններ սկսելու համար, ինչպես որ նախատեսված Է Իտալիայի Սահմանադրությամբ: Վենետոն եւ Լոմբարդիան միասին կազմում են Իտալիայի տնտեսության մեկ երրորդը։ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին պատրաստակամություն Է հայտնել ընդառաջել Վենետոյի եւ Լոմբարդիայի մարզերի ինքնավարության ընդլայնման կողմնակիցներին: «Ես հետաքրքրությամբ, հարգանքով ու պատրաստակամությամբ եմ հետեւում այն բանավեճին, որը ծավալվել Է ինքնավարության շուրջ հանրաքվեների անցկացմամբ,- ասել Է Իտալիայի վարչապետը:- Ես պատրաստ եմ ընդառաջող քայլեր անել»:

Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները եւ երկրի Սահմանադրության հիման դրա երկխոսություն սկսել Բաղդադի հետ: «Վտանգավոր իրադրությունն ու լարվածությունը, որում հայտնվել են Իրաքն ու Քրդստանը, մեզ բոլորիս ստիպում են պատմական պատասխանատվություն ստանձնել եւ հետագա առաճակատում թույլ չտալ իրաքյան զորքերի եւ փեշմերգայի (քրդական զինված կազմավորումներ) միջեւ»,- նշվում Է հայտարարության մեջ: Քրդական աշխարհազորի ջոկատները դիմագրավել են իրաքյան բանակի գրոհը Մոսուլ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Այդ մասին ասված Է հատուկ հայտարարության մեջ, որը զետեղված Է Իրաքյան Քրդստանի կառավարության կայքում: Փաստաթղթում նշվում Է, որ հարձակվողներն օգտագործել են ամերիկյան արտադրության ծանր տեխնիկա, որն ԱՄՆ-ը մատակարարել Է Բաղդադին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պետր Պավելը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային  համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին: Գեներալի խոսքով, եթե այդ գործարքը կայանա, Անկարան չի կարող ինտեգրվել դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգին:

Սպորտ

Հունաստանի Հին Օլիմպիայում կայացել Է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը, Օլիմպիադա, որը տեղի Է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց երիտասարդական հավաքականները լավագույնն են դարձել Եվրոպայի առաջնության թիմային պայքարում: Ալբանիայի Դուրրերս քաղաքում ավարտված Հայաստանի Մ23 տարեկանների թիմը նվաճել է 8 ոսկե մեդալ, մեկական արծաթե և բրոնզե մեդալներ: Հայաստանի կանանց մինչև 20 տարեկանների թիմը ևս առաջինն է թիմային հաշվարկում, որտեղ հայ ծանրորդները նվաճել են  6 ոսկե մեդալ:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի դարձավ Նիդեռլանդների ազգային թիմի ֆուտբոլիստ Լիկե Մարտենսը ,իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]