«Չի կարելի, որ իշխանությունը ժողովրդի հետ տուն-տունիկ ու բռնոցի խաղա».  Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանի նշած գաղտնի փաստաթղթի մասին

Սեպտեմբերի 6-ին  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ այցելել է Կառավարություն և ծանոթացել վարչապետի նշած «հույժ» գաղտնի փաստաթղթին:

Դեռևս այդ ժամանակ 168.am-ը Է. Մարուքյանից հետաքրքրվել էր, թե այն ի՞նչ փաստաթուղթ է, և արդյո՞ք չի պատրաստվում հանրությանը ևս ծանոթացնել այդ փաստաթղթին: Սակայն Է. Մարուքյանն ասել էր, որ այն  հույժ գաղտնի փաստաթուղթ է և չի կարող ծանոթացվել հասարակությանը:

168.am«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԲՀԿ-ն չի պատրաստվում ծանոթանալ տվյալ փաստաթղթին, և, ընդհանրապես, դրա վերաբերյալ իրենց որևէ բան հայտնի՞ է:

«ԲՀԿ խմբակցությունը կաշկանդված չէ որևէ փաստաթղթի հետ ծանոթության ցանկության հարցում, եթե վստահ է, որ այդ ծանոթացումն ունի կոնկրետ նպատակ: Այսինքն՝  ձևի համար չասենք՝ այսինչ փաստաթղթին ևս ցանկանում ենք ծանոթանալ, և դրանից հետո լուռ հետևենք, թե ինչ է կատարվում: Եթե մենք նպատակահարմար ենք գտնում ծանոթանալու որևէ փաստաթղթի հետ, պետք է ունենանք կոնկրետ թիրախ ու նպատակ, թե ինչի համար ենք մենք դա ուզում: Ես չգիտեմ` Մարուքյանը կոնկրետ ի՞նչ նպատակով ու ի՞նչ փաստաթղթի է ծանոթացել: Մեզ եթե մի փաստաթուղթ հետաքրքրում է այնքանով, որքանով այն առնչվում է ՀՀ պետական ու ազգային անվտանգությանը, մեր ժողովրդի իրավաչափ ակնկալիքների հետ կապված հարցերին, բնականաբար, մենք կարող ենք ծանոթանալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ հավատո՞ւմ է, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, քանի որ այն, ստացվում է, տեսել են Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ, եթե բնակչությունն ունի լեգիտիմ իշխանություն, ապա հավաստիության կանխավարկածով պետք է վերաբերվի լեգիտիմ իշխանության և, առավել ևս՝ այդ իշխանության ղեկավարի հայտարարություններին և գործողություններին:

«Այս պահին ես չեմ կարող պնդել, որ այդպիսի փաստաթուղթ կա կամ չկա, սա գուշակության ոլորտից է, բայց մի բան կարող եմ ասել, որ, եթե դա համարվում է գաղտնի փաստաթուղթ, ապա դրա մասին ընդհանրապես չպետք է բարձրաձայնվեր, իսկ եթե արդեն բարձրաձայնել են, ապա թող բարի լինեն, մինչև վերջ մանրամասնեն, թե խոսքն ինչի մասին է: Չի կարելի, որ իշխանությունը ժողովրդի հետ տուն-տունիկ ու բռնոցի խաղա: Որպես իրավաբան՝ շատ լավ գիտեմ, որ մեր կյանքում կան գաղտնի փաստաթղթեր, որոնք չեն գաղտնազերծվում, և դրանք պահվում են՝ մեր ազգային անվտանգության շահերից ելնելով: Բայց եթե գաղտնի է, ինչո՞ւ են ասել, որ գաղտնի է, եթե ասել են, ապա թող բարի լինեն ու գաղտազերծեն»,- եզրափակեց Գ. Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով արձակուրդը՝  ֆեյսբուքյան  ուղիղ եթերում անդրադարձել էր մի փաստաթղթի, որը, ըստ նրա, կազմել են նախկին իշխանությունները՝ 2014 թվականին։

«Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել: Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետևություններ չանել, վերցնել ինձ հետ նաև արձակուրդի ընթացքում կարդալու: Կարդացի, ինչով է կարևոր այդ փաստաթուղթը, որ հիմա էլ իմ սեղանին դրած է, կարևոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն:

Երբ որ այս փաստաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետևյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում և, ինչ-որ առումով, նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարևոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ՝ այս փաստաթղթի հեղինակներն իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»,- ասել էր վարչապետը։

Հիշեցնենք, որ 168.am-ին հայտնի էր դարձել, որ խոսքը մի զեկույցի մասին է, որը պատրաստվել է 2014թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից` որպես Հայաստանի հետ հետագա ֆինանսական գործունեության, այսպես ասած, բովանդակային հիմք։ Այդ զեկույցում փորձագետները, այո՛, գորշ գույներով են նկարագրել իրավիճակը, և երբ այդ ժամանակ զեկույցը պատրաստ էր եղել և ներկայացվել էր կառավարություն, այնտեղ մանրամասն քննարկումների արդյունքում պարզվել էր, որ զեկույցում գույները խտացված են, և այն օբյեկտիվ չէ։ Ե՛վ կառավարությունն էր հրաժարվել այն հիմք ընդունել, և՛ Համաշխարհային բանկը, որն այլևս այդ զեկույցի մասին որևէ հիշատակություն չի արել։ 2014-ի նշյալ զեկույցը չի ընդունվել՝ որպես Հայաստանի կառավարության հետ աշխատանքի հիմք։ Այնպես որ, որևէ գաղտնի-խորհրդավոր փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող։ Եթե այն մանիպուլյացիա չէ, ապա պետք է հրապարակվի։ Այս համոզմանն են բազմաթիվ քաղաքական, տնտեսական գործիչներ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս