▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քայլերը բխում են հոգսերի մեջ տապակվող թուրքի հոգեբանությունից. Աթանեսյանի ֆիլմով հետաքրքրվել են Անկարայի փառատոնից

Aysor.am-ը գրում է. Սցենարիստ, ռեժիսոր Բոգդան Աթանեսյանը շուտով հանրությանը կներկայացնի իր առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նվիրված է Մեծ Եղեռնի օրերին նահատակված հայ բանաստեղծների հիշատակին: 29 րոպե 59 վայրկյան տևողությամբ «Ցորյանի ծովեր»-ը նկարահանվել է Մարտունիի շրջանի Արծվանիստ գյուղում: Դերակատարներն են Բաբկեն Չոբանյանը, Լուսինե Հարությունյանը, Սարգիս Հարությունյանը և այլք: Երաժշտական ձևավորումը կատարել է կոմպոզիտոր Լևոն Թևանյանը:

Կայքի հետ զրույցում Բոգդան Աթանեսյանն անդրադարձավ ֆիլմի ոչ միայն ստեղծագործական ընթացքին, այլև՝ ֆինանսական դժվարություններին ու փառատոնային ճակատագրին:

- Պարոն Աթանեսյան, սա Ձեր առաջին գեղարվեստական ֆիլմն է: Համարձակ քայլ չէ՞ որպես գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր դեբյուտը հենց այս թեմայով սկսելը:

- Իհարկե, սա ռիսկային քայլ է, քանի որ այսպիսի թեմաները ցանկացած ստեղծագործողի համար վտանգավոր են: Հրանտ Մաթևոսյանին հարցրել էին, թե դուք այսքան գրվածքներ ունեք, բայց ոչ մեկը Ցեղասպանության թեմայով չէ: Նա պատասխանել էր, որ ֆիզիկական ցավ է ապրում Ցեղասպանության մասին նույնիսկ մտածելիս: Գրելը նրան առավել կցավեցնի… Ես իրեն լիովին հասկանում եմ: Բայց սա հարցի մի կողմն է միայն: Մյուս կողմից, եթե դու, այնուամենայնիվ, վճռում ես անդրադառնալ նման թեմային, ապա պետք է հստակ գիտակցես պատասխանատվության գերագույն աստիճանը, քանի որ գործ ունես ժողովրդիդ ամենացավոտ ու ամենանուրբ զգացմունքների հետ: Սայթաքելու իրավունք չունե՛ս, կիսատ-պռատության իրավունք չունե՛ս, թերկատարության իրավունք չունե՛ս: Վերջապես՝ արյունահեղության տեսարաններին անհարկի անդրադառնալու իրավունք չունե՛ս: Սա անձնական պատասխանատվության խնդիր է:

Ու երբ ֆիլմը նայեք, կտեսնեք՝ արյունոտ տեսարաններ, բուն կոտորածին առնչվող կադրեր չկան: Պարտադիր չի պատմել պատերազմի մասին՝ պատերազմ պատկերելով: Առանցքում պետք է լինի մարդը, նրա հոգեվիճակը և այն, թե ինչ փոխեց այդ պատերազմը նրա ճակատագրում: Իսկ պատերազմ ու Ցեղաղասպանություն, արյուն պատկերելելով կարող ես և չստանալ մարդու վերապրումները:

- Մտահղացումն ինչպե՞ս առաջացավ:

- Գրեթե բոլորն են տեղյակ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին նաև հայ մտավորականների, բանաստեղծների հետ: Մի քանի օրվա մեջ բոլորին ձերբակալեցին, ապա ոչնչացրին: Այս իրականությունն ինձ միշտ հանգիստ չի տվել. գրականության մեջ, թատրոնում այս թեման շոշափվել է, բայց գոնե իմ տեսած ֆիլմերում Դանիել Վարուժանի, Սիամանթոյի կամ Սևակի ողբերգական կենսագրությանը ոչ-ոք չի անդրադարձել…

- Ձեր հերոսը այս գրողներից որևէ մե՞կն է:

- Ոչ, չցանկացա կենտրոնանալ որևէ մեկի անձի վրա, այլ ստեղծեցի մտավորականի մի հավաքական կերպար: Եվ ասեմ ավելին, ֆիլմում նրա մասին խոսում են, ֆիլմի ամբողջ առանցքում նրա կյանքն է, ամեն ինչ կառուցված է նրա շուրջ, բայց ինքը պատկերային շարքում գրեթե բացակայում է:

- Սցենարը որքա՞ն ժամանակում եք գրել:

- Մոտ երկու ամսում, բայց այնպես չի, որ ամեն օր կարողանում էի ժամանակ հատկացնել գրելուն: Նկարահանումներն էլ ուղիղ 4 օր են տևել, որից միայն երկու գիշեր է նկարահանող խումբը կարողացել հանգստանալ:

- Դերասանների ընտրությունն ինքնե՞րդ եք կատարել:

- Քանի որ սա հեղինակային ֆիլմ է, ապա ես ինձ նման ազատություն ընձեռելու հնարավորություն ունեի: Իհարկե, բացի Բաբկեն Չոբանյանից մյուս դերասանները կինոյում քիչ են նկարահանվել, կամ առհասարակ նման փորձ չունեին, բայց շնորհալի արտիստներ են:

Գլխավոր հերոսին՝ Սահակին մարմնավորող Սարգիս Հարությունյանը դերասան չի, մասնագիտությամբ ռեժիսոր է, ու սա իր համար դեբյուտ է: Գուցե չհավատաք, մեր ստեղծագործական խմբից, դերասաններից շատերը, ծանոթանալով սցենարին, ասացին՝ պատրաստ են անվճար աշխատել, ոչինչ չեն ուզում իրենց աշխատանքի դիմաց:

Ավելին, ոմանք նույնիսկ ֆինանսապես աջակցեցին նախագծին, ինչպես, օրինակ, բեմադրող նկարիչ Սուրեն Համբարձումյանը: Ես անչափ երախտապարտ եմ մարդկանց, ովքեր հավատացին այս նախագծին և կիսեցին ինձ հետ այն իրականցնելու բոլոր դժվարությունները: Չեմ կարող այստեղ անուն առ անուն նշել նրանց, բայց կրկնում եմ, որ առանց նրանց ոչինչ չէի կարող անել:

- Բաբկեն Չոբանյանին թուրք հնավաճառի դերն է բաժին հասել, այնինչ, մենք նրան սովորաբար դրական կերպարներում ենք տեսել: Չսրտնեղե՞ց, երբ իմացավ՝ ում է մարմնավորելու:

- Ոչ, ասեմ, որ Բաբկենն իր դերը շատ է սիրում: Գիտեք, ցանկացած լավ դերասանի համար բացասական կերպար խաղալը նվեր է: Ներքին, ստեղծագործական դժվարությունները շատ են լինում, ինչն իսկական պարգև է արտիստի համար… Բայց նկատեմ, որ թուրք հնավաճառի դերն այնքան էլ բացասական չեմ համարում: Ես չեմ արդարացնում կերպարի բարոյական նկարագիրը, բայց նրա քայլերը բխում են առօրյա հոգսերի մեջ տապակվող թուրք գեղջուկի հոգեբանությունից:

- Այս թեման մեզ համար բավական նուրբ է: Սովորաբար, դրան անդրադառնալիս, մենք «սևի ու սպիտակի» տարանջատում ենք անում. Ճի՞շտ է արդյոք թուրք ժողովրդի համատարած սևացումը:

- Տեղի է ունեցել նախճիր: Երկիր մոլորակի պատմության մեջ ամենասոսկալի հանցագործություններից մեկը: Ուզենք թե չուզենք մենք, ուզեն թե չուզեն թուրքերը, այդ մեղքը կախված է մնալու նրանց գլխներին այնքան, քանի դեռ թուրքական պետությունը, մտավորականությունը, հասարակությունը իր ամբողջ հավաքականության մեջ չընդունի տեղի ունեցածի փաստը: Ես որպես հայ, գլուխ եմ խոնարհում այն բոլոր թուրք անհատների առջև, ովքեր այդ օրերին անձնական կյանքը վտանգելով փորձել են փրկել մարդկանց, ապաստան տվել, նույնիսկ մեկ բաժակ ջուր տվել: Բայց հավաքականության իմաստով թուրք ժողովուրդը քավության խնդիր ունի:

 

- Ֆիլմը թուրքերենով է նկարահանված, այլ լեզուներով և՞ս կթարգմանվի:

- Այո, թարգմանվելու է հայերեն, անգլերեն և ռուսերեն: Նաև սուբտիտրեր կլինեն: Ամեն ինչ պետք է արվի, որ ֆիլմը լայն տարածում ու հանդիսատես ունենա:

- Հայ դերասանները չդժվարացա՞ն թուրքերենի հարցում, թե՞ տիրապետում էին լեզվին:

- Իսկապես, շատ մեծ դժվարություն էր, հատկապես, որ բարդ լեզու է: Բայց քանի որ թուրքերենի հրաշալի մասնագետներ ունենք, նրանք մեր դերասանների հետ աշխատեցին ու շեշտադրությունը, առոգանությունը հնարավորինս շտկեցին:

- Պարոն Աթանեսյան, ֆիլմը աջակիցներ, հովանավորներ ունի՞, բյուջեն որքա՞ն է կազմում:

- Ճիշտն ասած, եթե պետությունը կամ որևէ անհատ պատրաստ լիներ գումարը միանգամից հատկացնելու, նախապես հաշվարկ կանեի ու բյուջե կներկայացնեի: Բայց քանի որ ծախսերը մեծամասամբ ինքս եմ հոգացել իմ սեփական գրպանից, հարազատներիս և ընկերներիս աջակցությամբ, ու դեռևս որոշակի ծախսեր էլ կան անելու, դեռևս մանրամասն հաշվարկ չեմ արել, թե կոնկրետ որքան է ծախսվել մինչ այժմ: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ 1 մլն 800 հազար դրամ կինոկենտրոնի միջոցով մշակույթի նախարարությունն է հատկացրել, որից նաև պետական հարկերն ենք վճարել: Մոտավորապես այդ գումարի եռապատիկն էլ հատկացրել ենք մենք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Հռուստաէկրաններին կցուցադրվի՞:

- Անկեղծ ասած՝ Հայաստանում հեռուստաընկերություններին ձեռնտու չի այս կարգի ֆիլմեր ցուցադրել: Բայց եթե նման ցանկություն հայտնեն, դեմ չեմ լինի, կքննարկենք (ժպտում է՝ հեղ.):

- Իսկ փառատոնային ճակատագիր կունենա՞:

- Արդեն իսկ Անկարայից են հետաքրքրվել: Դա միջազգային փառատոն է, հետաքրքրվողն էլ փառատոնի միջազգային բաժնի ղեկավարն է: Հենց նրա ղեկավարած հանձնաժողովն է ընտրում տարբեր երկրներից ուղարկված հայտերը: Չգիտեմ՝ այս ֆիլմը կթույլատրե՞ն ներառել այդ փառատոնում, կունենա՞ արժանիքներ, թե՞ ոչ: Բայց գիտեմ, որ նման գաղափարներով ֆիլմեր ընդունում են: Վերջին տարիները ցույց են տվել, որ թուրք հասարակության, հատկապես՝ մտավորականության զգալի հատվածն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը:

- Պարոն Աթանեսյան, քանի որ թեման բավական նուրբ է, հնարավո՞ր է իրենք պայման դնեն՝ ֆիլմում որոշակի փոփոխություններ անել, ինչ որ հատված հանել կամ խմբագրել:

- Ես նախապես զգուշացրել եմ, որ որևիցե փոփոխություն անելու թույլտվություն չեմ տա: Ինձ համար Ցեղասպանությունն անհերքելի փաստ է: Կարող ենք այս թեմայի շուրջ զրուցել, տեսակետներ փոխանակել, բայց փաստը հարցականների ենթակա չէ…

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին