Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները հայտարարում են համատեղ միջոցառման մասին. Հայաստանից կմասնակցի 10 երիտասարդ

Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները հայտարարում են 
համատեղ միջոցառման մասին. Հայաստանից կմասնակցի 10 երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ խորհրդի ֆրանսիական նախագահության առիթով Երիտասարդների հետ աշխատանքի գերմանաֆրանսիական կառույցը (Deutsch-Französische Jugendwerk DFJW / OFAJ (Office franco-allemand pour la Jeunesse)՝ համագործակցությամբ Օթցենհաուզենի եվրոպական ակադեմիայի և Rue de la Mémoire կրթամշակութային կենտրոնի, կկազմակերպի միջոցառում «Համագործակցության նոր ոլորտներ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում. ի՞նչ կարող է անել երիտասարդությունն իր ապագայի համար» խորագրով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները:

«Մենք՝ Երևանում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանություններս, ուրախությամբ հայտնում ենք, որ 2022թ. հունիսի 6 – 10-ը Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայանալիք վերոնշյալ միջոցառմանը Հայաստանից կմասնակցեն 10 երիտասարդներ: Այդ առիթով դեսպանությունները որոշել էին մայիսի 31-ին համատեղ ընդունելություն կազմակերպել նրանց համար: Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը միասին ողջունեցին հյուրերին: Հանդիպումը հայաստանցի մասնակիցներին առիթ ընձեռեց նաև Ստրասբուրգ ուղևորվելուց առաջ ծանոթանալու և կապ հաստատելու միմյանց հետ, հարցեր ուղղելու դեսպաններին:

Համոզված ենք, որ Ստրասբուրգի երիտասարդական հավաքը տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռի լավագույնս ծանոթանալու Եվրամիության գործունեությանը և ֆրանս-գերմանական բարեկամության էությանը, հանդիպելու համախոհների, խորացնելու գիտելիքները Եվրոպայի, ԵՄ անդամ պետությունների և Կովկասի մասին: Դրան կնպաստեն նաև քաղաքական, գիտական, հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բազմաբնույթ հանդիպումները, այցելությունները եվրոպական կամ ֆրանս-գերմանական հաստատություններ:

Նախագիծը, որը մեր դիտարկմամբ ֆրանս-գերմանական համագործակցության հաջող օրինակ է, երիտասարդ մասնակիցներին կքաջալերի խոսել և քննարկումներ ծավալել Եվրոպայի հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակում ընթացող համագործակցության շուրջ: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանից, Ադրբեջանից, Գերմանիայից և Ֆրանսիայից ժամանած 18 – 30 տարեկան երիտասարդներ, որոնք զբաղված են ակտիվ հասարակական գործունեությամբ, մեծապես հետաքրքրված են հասարակական-քաղաքական թեմաներով, Եվրամիության քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով:

Մասնակիցների կացության ողջ ծախսը կհոգա կազմակերպող կողմը»,- նշված է դեսպանությունների տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]