211652_close_icon
views-count1010 դիտում article-date 18:58 17-09-2021

Ամփոփում՝ առաջին տարվա ընթացքում դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի իրականացման արդյունքների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից հետո մեկ տարվա ընթացքում այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները:

Ըստ այդմ՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու և ստուգման արդյունքներով համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) դատախազության այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, 1 դատավճռի և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութերի հիման վրա նշված ժամանակահատվածում սկսել և միաժամանակ շարունակում է 247 անձի գույքի ուսումնասիրություն:

Դրանց շրջանակներում դատարան համապատասխան հայցադիմումներ ներկայացնելու նպատակով ձեռք են բերվում անհրաժեշտ ապացույցներ: Մասնավորապես, իրավասու մարմնի կողմից կատարվել և կատարվում են բազմաթիվ գործողություններ՝ միտված ուսումնասիրությունների պատշաճ, համապարփակ և արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ կազմվել և պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, մի շարք այլ մարմինների և կազմակերպություններին ուղարկվել է գրեթե 2200 հարցում, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 165 հանձնարարություն:

Վերոնշյալ միջոցառումների արդյունքներով ստացված պատասխանների հիման վրա իրականացվում են համապատասխան անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ:

Մի շարք ուսումնասիրությունների շրջանակներում երեք տասնյակ դիմումներ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և/կամ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով, որոնք բավարարվել են։

Ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով Վարչության դատախազների կողմից նշանակվել է 14 փորձաքննություն, որոնցից 7-ի վերաբերյալ ստացվել է եզրակացություն:

Թվով տասը ուսումնասիրության շրջանակում ներկայացվել են նաև հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումներ, որոնք արդեն իսկ բավարարվել են: Այդ որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման, և համապատասխան անձանց գույքի/գույքերի վրա դրվել է արգելանք:

Նշված ժամանակահատվածում ավարտված 10 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք, 21 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր հաշվարկով 21,721,395,028 ՀՀ դրամի չափով գումար:

Վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով Վարչության կողմից ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ  ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու միասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ներկայացել և ստացել են ուսումնասիրությունների նյութերը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ առաջիկայում համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներով դատարան կներկայացվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Այս շրջանակներում դիտարկվում է նաև ուսումնասիրությունը հաշտության համաձայնությամբ ավարտելու հնարավորությունը, որի պարագայում կարող է պետությանը փոխանցվել ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի նվազագույնը 75 տոկոսը:

Վերոնշյալից բացի, առաջիկայում ամփոփման փուլում գտնվող ավելի քան 10 այլ գործերով նույնպես դատարան կներկայացվեն հայցի նախնական ապահովման մասին դիմումներ։
Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։

Ուսումնասիրությունները մյուս վարույթներով շարունակվում են, և ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ դրանց ամբողջականության և լիարժեքության ապահովման, համապատասխան սուբյեկտների եկամուտների, նրանց փաստացի պատկանող, այդ թվում նաև՝ հնարավոր այլ անձանց անվամբ գրանցված գույքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման և ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության կամ բացակայության վերաբերյալ վերջնական օբյեկտիվ եզրակացություններ կատարելու ուղղությամբ:
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր