Մատչելիության հղումներ

Արմեն Շեկոյանը «մեր երկրի, մեր քաղաքի, մեր երկրի պատմության տարեգիրն է»


Երեկ երկարատև հիվանդությունից հետո 68-ամյա հասակում իր մահկանացուն կնքեց մեր լավագույն գրողներից ևս մեկը՝ բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը:

Նրա մահվան բոթը շատերին անակնկալի բերեց, որովհետև քչերը գիտեին, թերևս չէին էլ պատկերացնում, որ Արմեն Շեկոյանը ծանր հիվանդ էր:

Դժվար էր նրան այդ վիճակում պատկերացնել իր անսահման հումորի ու լավատեսության պատճառով: Ինքն էլ խուսափում էր հանդիպումներից ու իր մասին խոսելուց: Թե' իր սերնդի, թե' երիտասարդ գրական սերնդի շրջանում նա չափազանց սիրված էր ու գնահատված:

«Շեկոյանի մահվան լուրը շատ ծանր ընկալեցի, որովհետև Շեկոյանը ինչ-որ իմաստով մեր 20-րդ դարի վերջի, նաև մեր օրերի ես իրեն վավերագրող բանաստեղծ եմ համարել։ Ես նաև իրեն համարում եմ մեր օրերի քրոնիկոնը, երբ որ ինքը երկար ժամանակ «Առավոտ»-ում ինքնախոսությամբ մեր ժամանակների հերոսներին էր բացահայտում, մենք մեզ այնտեղ էինք գտնում և գտնում էինք մեր ժամանակը... Վավերագրող գեղարվեստական լուսանկարչի այդ հայացքը մեր ժամանակներին ուրիշ գրողների մոտ ես չեմ տեսել։ Ինքը մի ժամանակաշրջան մարմնավորող գրող էր, հետաքրքիր և աննկարագրելի հումորը իր, և նաև ինքնախարազանման հումորը... Ես շատ եմ ափսոսում, մանավանդ որ իր հետ բարեկամություն անելու առիթ եմ ունեցել։ Ազնիվ մարդ... հնարավոր չէ ազնիվ մարդ չլինել և լինել ազնիվ գրող», - «Ազատության» հետ զրույցում ասաց հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ Լիլիթ Գալստյանը։

Գրականագետ Հայկ Համբարձումյանի համոզմամբ, Արմեն Շեկոյանը հատկապես իր պոեզիայով կարևորագույն դեր խաղաց մեր անկախության շրջանում ծնունդ առած գրականության մեջ. - «Հայ գրականությունը, հայ հանրությունը, մեր ժողովուրդը շատ ցավալի կորուստ ունեցավ։ Արմեն Շեկոյանը, մեր հիանալի բանաստեղծը, արձակագիրը, ցավոք, արդեն մեզ հետ չէ։ Շատ տարբերվող բանաստեղծ է իրականում, որովհետև ինչ-որ մի փուլում հասկացավ, որ բանաստեղծության դասական ձևը իրեն սպառել է, սկսեց փոքրիկ փորձարարություններ անել։ Պատահական չէ, որ հայ գրականության մեջ իրենով սկսված և ավարտված մի բան կար անտիպոեզիա անունով, որ նրա հետ կապվեց։ Թեև իրականում դա անտիպոեզիա չէր, լավ էլ պոեզիա էր, նոր շունչ հաղորդեց մեր բանաստեղծությանը։ Այսինքն՝ նորարարությունները, որոնք նույնիսկ գրականագետների կողմից հաճախ չէին ընդունվում, նոր շունչ բերեցին, և շատ երիտասարդ բանաստեղծների ճանապարհ բացեցին»։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, չափազանց ցավալի է Արմեն Շեկոյանի կորուստը թե' մեր գրականության, թե' մեր ողջ հանրության համար. - «Որովհետև ինքը մեր երկրի, մեր քաղաքի, մեր երկրի պատմության տարեգիրն էր, ըստ իս։ Նրա բանաստեղծական ժողովածուները և հատկապես նրա «Հայկական ժամանակ» վեպը մեր կյանքի մի հիսուն-վաթսուն տարվա շրջանի չասեմ միայն գեղարվեստականացումն է, այլ նաև վավերագրությունն է, որը Շեկոն արել է իրեն բնորոշ փառահեղ հումորով, նուրբ դիտողականությամբ, արտակարգ պատմելու ոճով։ Եվ ես վստահ եմ, ապագայում, երբ մենք ուզենանք շատ բան իմանալ էս մեր ժամանակների մասին, նախևառաջ իր վեպն ենք ընթերցելու։ Ինքը ինձ համար մեր ժամանակների ամենամեծ գրողներից մեկն է»։

Երիտասարդ արձակագիր, թարգմանիչ Արմեն Սարգսյանն էլ համոզված է, որ Արմեն Շեկոյանի ստեղծագործությունը չափազանց սրտամոտ է մեր բոլոր համաքաղաքացիներին ՝ անկախ սերնդային տարբերակումից. - «Արմեն Շեկոյանի մահվան լուրը իսկապես շատ ցավով ընդունեցինք։ Եվ էդ առիթով հրապարակախոս, գրող Լուսինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան պատին արեց հետաքրքիր գրառում, որը, կարծում եմ, լավագույնս բնորոշում է Արմեն Շեկոյանի ընթերցողների խումբը։ Նա գրել էր՝ Ես չգիտեմ Արեմն Շեկոյանը իմ հո՞ր սիրելի գրողն էր, թե՞ իմ դստեր, իմ որդու սիրելի գրողն էր։ Դա, կարծում եմ, գրողի համար լավագույն գնահատականն է, երբ քեզ կարդում են բոլոր սերունդները։ Ես վստահ եմ, որ Արմեն Շեկոյանը և' իմ ընկերների սերնդի, և' հետագա սերունդների սիրելի գրողն է լինելու, որովհետև նրա գրականությունը ունի արժեք, նրա տեքստը ունի խաղի էլեմենտ, որը տանում է ընթերցողին իր հետ դեպի Արմեն Շեկոյանի սիրելի Երևանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG