«Ռոստելեկոմը» ընդլայնում է հեռավար կրթության շրջանակը

«Ռոստելեկոմը» ընդլայնում է հեռավար կրթության շրջանակը

PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը» նոր քայլեր է ձեռնարկում Հայաստանում արտակարգ դրության պայմաններում հեռավար կրթությունն ավելի մատչելի և հասանելի դարձնելու ուղղությամբ:

Ընկերությունը հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր մալուխային հեռուստատեսության օպերատորներին վերահեռարձակելու Սմարթ հեռուստատեսության միջոցով հեռարձակվող Hybrid Edu (ch121) հեռուստաալիքը:

«Ներկա պայմաններում, հաշվի առնելով հեռավար ուսուցման կարևորությունը՝ մենք որոշում ենք կայացրել ՀՀ տարբեր բնակավայրերում գործունեություն ծավալող մեր գործընկերներին հնարավորություն ընձեռել՝ իրենց բաժանորդներին ևս հասանելի դարձնելու ուսուցողական այս հեռուստաալիքը։ Համոզված ենք, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր լուծել բարդ իրավիճակներում առաջացած խնդիրները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Նախորդ շաբաթ «Ռոստելեկոմը»՝ գործակցելով «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ, հայտարարել էր ընկերության Սմարթ հեռուստատեսության միջոցով նոր կրթական հեռուստաալիքի (Hybrid Edu (ch121)) հեռարձակման մասին:

Hybrid Edu-ի եթերում հնարավոր է հետևել ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստվող և ՀՀ լավագույն ուսուցիչների կողմից մատուցվող հեռավար դասընթացներին՝ հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ: Տեսանյութերը կարելի է դիտել նաև Ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով:

Հեռավար կրթությունն ավելի հասանելի դարձնելու նախաձեռնության շրջանակում «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության Hybrid Edu կրթական ալիքի եթերում այսուհետ հնարավոր է դիտել «Այբ» կրթական հիմնադրամի «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ուսուցողական նյութերը:

«Քան» ակադեմիայի մասնագետների մշակած վարժություններն ու դասերը ունեն բազմազան բովանդակություն՝ մաթեմատիկայից մինչև արվեստ, վիճակագրության և հավանականության տեսություն: Համագործակցության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի գտնել ընկերության պաշտոնական կայքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---