ՆԱՏՕ-ն կընդլայնի համագործակցությունը Վրաստանի հետ Սև ծովում և երկիրը կներառի Ռուսաստանից «հիբրիդային պաշտպանության» համակարգում: Այս մասին հայտնել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Ըստ նրա՝ դաշինքը անհանգստացած է Սևծովյան տարածաշրջանում «անվտանգության վատթարացող իրավիճակից»: Դրա պատճառը նա համարում է Ռուսաստանի գործողությունները, որոնց արդյունքում այնտեղ ռազմական ուժեր են ստեղծվում:
Հիբրիդային պաշտպանության շրջանակներում ՆԱՏՕ-ն կօգնի Վրաստանին ամրապնդելու իր պաշտպանությունը «Ռուսաստանի կիբերհարձակումներից, ապատեղեկատվությունից, գաղտնի հետախուզությունից և ռազմական գործունեությունից»: Բացի այդ, դաշինքը մտադիր է Թբիլիսիին ներառել օդային տարածքի անվտանգության ապահովման ծրագրում:
Ապատուրայը նաև առաջարկել է, որ ուկրաինացի զինվորականներն ավելի շատ ներգրավված լինեն Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում անցկացվող զորավարժություններին: