Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հիմնանորոգվում է Ծովակ գյուղի մշակույթի տունը

Հիմնանորոգվում է Ծովակ գյուղի մշակույթի տունը

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում պետական միջոցների հաշվին մեկնարկում են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը, մշակույթի տան հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 30 միլիոն դրամ, իսկ շինարարական մրցույթը շահվել է 22 միլիոն 644 հազար դրամով:«Նախատեսվում է հիմնանորոգել շենքի տանիքը, փոխել դռներն ու լուսամուտները, կատարել արտաքին ու ներքին հարդարման որոշակի աշխատանքներ: Ջեռուցման համակարգի կառուցման եւ կահավորման համար լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք կլինի: Մշակույթի տունը, որտեղ տեղավորված է նաեւ գյուղապետարանը, չի հիմնանորոգվել իր շահագործման պահից ի վեր՝ 1966 թվականից սկսած: Տարիների ընթացքում շենքը քայքայվել ու համարյա կորցրել էր պիտանիությունը շահագործման համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա հոկտեմբերին: Մշակույթի տան շահագործմամբ մեր երեխաները հնարավորություն կունենան՝ ակտիվորեն ներգրավվելու մարզական կամ արվեստի ու մշակույթի խմբակներում: Սա Ծովակում երկար տարիներ սպասված ծրագիր էր, որը, վերջապես, կյանքի է կոչվում»,-նշեց համայնքի ղեկավարը:
Առաջիկա շաբաթվա ընթացքում Ծովակում մեկնարկում է եւս մեկ կարեւոր ծրագիր. տեղական բյուջեի միջոցներից ներդրված 3 միլիոն 600 հազար դրամի հաշվին հիմնանորոգվում է «Խարաբեք» թաղամասի խմելու ջրատարի ներքին ցանցը՝ 1170 մետր երկարությամբ: Նոր ու զարգացող թաղամասին սպասարկող այդ ջրատարը եւս քայքայվել է: «Երկաթե խողովակներն ամբողջությամբ փոխարինվելու են պոլիէթիլենային խողովակներով: Թաղամասի 34 ընտանիք կապահովվեն մշտական խմելու ջրով, իսկ առաջիկա տարիներին այստեղ բնակության եկող նորաստեղծ ընտանիքները եւս ջրատարից օգտվելու հնարավորություն կունենան»,-շարունակեց Գարիկ Հակոբյանը:
Առաջիկա օրերին Ծովակում մեկնարկելու է նաեւ գիշերային լուսավորության ցանցի կառուցման երկրորդ փուլը, որն իրականացվում է «Վիվասել ՄՏՍ»-ի եւ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանություն» կազմակերպության միջոցների հաշվին: «Նախորդ տարի այդ կազմակերպությունների միջոցներով Ծովակում կառուցվել է 1 կիլոմետր 150 մետր երկարությամբ գիշերային լուսավորության ցանց: Այս տարի դարձյալ դրանց միջոցներով եւս նույնքան ցանց կկառուցվի, որով կավարտվի ծրագրի երկրորդ փուլը: Նախատեսվում են նաեւ ծրագրի երրորդ ու չորրորդ փուլեր, որոնք կիրականացվեն առաջիկա երկու տարում»,-ամփոփեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am