ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց դատական կարգադրիչներին հավելավճար տալու մասին օրինագծին
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Նազելի Բաղդասարյանի հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը:
«Այս նախագծով արդարությունը վերականգնելու փորձ է արվում: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանակում հավելավճար տրվում է բոլորին, բայց դատական կարգադրիչներն այդ ցանկում չկան: Փոփոխությունը վերաբերում է նրան, որ այդ հոդվածում ներառվեն նաև դատական կարգադրիչները: Խրախուսում ընդհանրապես նրանց մոտ չի լինում»,-ասաց Դավթյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում