News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է 2017 թ. կատարված աշխատանքները եւ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը (ծավալը) կազմել է 298.9 մլրդ դրամ (հանրապետականի 5.2 տոկոսը), կամ աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 103.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է  146 մլրդ 408.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 98.6 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.8 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 900.0 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 115.8 տոկոս,  տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.7 տոկոս: Շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 785.4 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 106.0 տոկոս,  տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 4.3 տոկոս: Մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 37 մլրդ 635.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 94.7 տոկոս,  տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 2.8 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը կազմել է 18 մլրդ 214.7 մլն դրամ,  աճը 2016թ. նկատմամբ՝ 115.5 տոկոս,  տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 1.3 տոկոս: Հաստատվել է 2017-2025 թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը եւ ամբողջությամբ պատրաստ է 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը, որում ներառված են 2018 թ. ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, մասնավոր ներդրումներով, դոնորներով, միջազգային եւ այլ կազմակերպությունների կողմից Լոռու մարզում ընթացիկ տարում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Ռազմավարությամբ սահմանվել է մարզի զարգացման տեսլականը, այն է՝ ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն եւ զարգացած զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ։

Արթուր Նալբանդյանի խոսքով՝ մարզի համայնքների բյուջեներով 2017 թ. նախատեսված մուտքերն  ապահովվել են 96.6 տոկոսով, կամ նախատեսված 7333.3 մլն դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 7086.7 մլն դրամ: 2016 թ. համեմատ սեփական եկամուտների կատարողականն ավելացել է 11.1 տոկոսով. Մարզպետը նշել է, որ 100 տոկոսանոց հավաքագրում չի հաջողվել արձանագրել հողի հարկի մասով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականատերերի հանրապետությունից բացակայելու հանգամանքով: Վարչապետն ընդգծել է, որ պետք է հարցը կարգավորել եւ հանձնարարել է ներկայացնել լուծումներ:

Շինարարության մասով կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ  2016 թ. շինթույլտվությունների թիվը կազմել է 114, 2017 թ.՝ 212, նոր իրականացված շինարարության ծավալը կազմել է 29686 քմ՝ 2016 թ. 17380  քմ դիմաց: 2018 թ. համար վարչապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել տրվող շինթույլտվությունների տրամադրման քանակը եւ շինարարության ծավալը՝ կարեւորելով կառավարման արդյունավետության բարձրացումը. «2017 թ. շինթույլտվությունների քանակը ձեզ մոտավորապես պետք է հուշի, թե 2018 թ. որքան շինարարություն եք ունենալու ծավալային հաշվարկով: Հիմա մենք համատիրությունների վերաբերյալ օրենք ենք պատրաստում եւ նոր ինստիտուտ ենք ներդնում, որին պետք է ակտիվ մասնակցել: Մենք ցանկանում ենք նաեւ դրանով արդյունավետ կառավարիչների ինստիտուտ ձեւավորել»:

«Մաքուր Հայաստան» ծրագրի կատարման ամսով զեկուցվել է, որ մարզի համայնքներում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները ինքնածախսածածկման եղանակով կատարելու եւ անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովելու նպատակով մարզի բոլոր համայնքներում, բացի շատ փոքր համայնքներից, առաջարկվել է նախատեսել աղբահանության գծով վարձավճարներ եւ ապահովել դրանց գանձումը: Ըստ համայնքների կողմից ներկայացված 2018 թ. բյուջեների՝ աղբահանության գծով վարձավճարները նախատեսվել է 327.3 մլն դրամ, 2017 թ. նախատեսված 241.9 մլն դրամի կամ փաստացի 226.2 մլն դրամի դիմաց: Նախատեսվել է աճ՝ 2017 թ. պլանի նկատմամբ 35.3 տոկոս, իսկ փաստացիի նկատմամբ՝ 44.7 տոկոս: Վարչապետը Կարապետյանը նշել է, որ աղբահանության մուտքերի եւ ծախսերի մասով 2018 թ. նպատակադրված ցուցանիշները պետք է համաչափ լինեն. «Աղբահանության բյուջեն պետք է բալանսավորված լինի, եւ վարձավճարներից ակնկալվող մուտքերն ու բյուջեով նախատեսված ծախսերը պետք է համարժեք լինեն: Եթե մարզի բոլոր համայնքապետերը կարողանան այս ոճով աշխատել, մենք սուբսիդիան կշարունակենք տալ այնքան, որքան տալիս ենք եւ կկարողանանք աղբահանությունն արդյունավետ կազմակերպել: Հաջորդ շաբաթ վերանայում եք բոլոր համայնքների բյուջեները, աղբահանության մուտքերը պետք է ավելի շատ լինեն, քան ծախսերը: Ձեր նշաձողը դնում եք ու կատարում եք»:

Անդրադառնալով մարզում ճանապարհաշինության հարցին՝ վարչապետը Լոռու մարզի ղեկավարությանը եւ համայնքապետերին առաջարկել է ուսումնասիրել եւ ներկայացնել միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ առաջարկություններ՝ պետություն-համայնք համատեղ ջանքերով իրականացնելու հեռանկարով: «2018 թվականն ընդհանրապես մեր տարածքային, մարզպետային կառավարման ճարտարապետությունը, կառուցվածքը վերջնական պետք է արդեն ձեւավորենք: Ամեն վարչություն հստակ պետք է իմանա իր ծրագիրը, վիճակագրությունը, հստակ պետք է ախտորոշած լինի իր խնդիրները: Եթե քաղաքաշինության հետ է կապված, բոլոր համայնքներում շինթույլտվությունների տրամադրման կարգերը պետք  է մաքսիմալ պարզեցված լինեն, մաքսիմալ պոտենցիալ ներդրողի համար հասկանալի լինեն: Դուք պետք է հետեւեք խոչընդոտ, պրոբլեմ տեղերում կա, թե ոչ, նաեւ պետք է հետեւեք, որ մենք աստիճանաբար պետք է գոտիավորում անենք, մանավանդ մեծ քաղաքների համար»:

Գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակի մասով կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ գյուղատնտեսական վարելահողերի ծավալը 42000 հա է, օգտագործվում է 30000-33000 հա-ն, եւ ոռոգման ցանցի վատ վիճակի պատճառով կա ընդամենը 9000 հա ոռոգելի հողատարածք: Վարչապետ Կարապետյանը համայնքապետերին առաջարկել է դիտարկել այն տարբերակը, որ եթե պոտենցիալ ներդրողն իր բիզնես ծրագրով լուծում է որեւէ  համայնքի ջրամատակարարման հարցը, ապա կարելի է քննարկել չօգտագործվող հողատարածքի որեւէ մասը ներդրողին տրամադրելու հնարավորությունները: Նշվել է, որ 2017 թ. պետական աջակցության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել եւս 30-ը: Վարչապետը հանձնարարել է գույքագրել,  թե մարզում տեխնիկայի ընդհանուր պահանջարկը որքան է կազմում եւ քանի միավոր է անհրաժեշտ՝ գյուղատնտեսական շուկան զարգացնելու համար եւ դրա հիման վրա մշակել ծրագիր: Մարզում կա 5 հա ջերմոցային տնտեսություն, 10 հա ոռոգվում է կաթիլային համակարգով, իսկ 2018 թ. ծրագրվում է կաթիլային համակարգով ոռոգել մոտ 60 հա հողատարածք եւ հիմնել եւս 2 ջերմոցային տնտեսություն: Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե որ համայնքում որ ոլորտի զարգացումն է առավել նպաստավոր եւ  ըստ համայնքների գոտիավորում իրականացնել:

Անդրադառնալով հակակարկտային կայանների բացակայության հարցին՝ վարչապետը նշել է, որ հակակարկտային պաշտպանության նոր համակարգ է ներդրվում, տեղադրվելու է 36 հրթիռային կայան, որոնք ծածկելու են ողջ գյուղատնտեսական դաշտը:

Մարզային, համայնքային եւ հանրապետական գույքի կառավարման հարցին՝ վարչապետը նշել է, որ արդյունավետ կառավարելու նպատակով պետք է ներգրավել մասնավոր կառավարիչներ, որոնք համապատասխան բիզնես ծրագրի իրականացմամբ եւ միաժամանակ պետական գույքի պայմանների պահպանմամբ կարող են արդյունավետ կառավարում իրականացնել: «Եթե կա չօգտագործվող համայնքային, մարզային, հանրապետական նշանակության գույք, պետք չէ տարիներով սպասել, որպեսզի գան այդ գույքը գնեն: Պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի եւ կնպաստի մարզի զարգացմանը»:

Ներդրումային ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում իրականացվել է 34 մլրդ 645 մլն դրամին համարժեք ներդրում, ստեղծվել է 950 աշխատատեղ, հիմնականում թեթեւ արդյունաբերության ոլորտում:  2018 թ. նախատեսվում է 22 մլրդ դրամի ներդրում միայն մասնավոր հատվածում, 1122 աշխատատեղ: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ընթացքի մեջ է համայնքների անձնագրերի պատրաստման գործընթացը, որոնք կավարտվեն մինչեւ մարտի կեսեր: 2017 թ. մոտ 200000 զբոսաշրջիկ է է այցելել՝  2016 թ. համեմատ կրկնակի աճ է արձանագրվել: Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկին Լոռու մարզ բերելու համար պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ եւ ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատել: Ընդգծելով մարզում առկա տեսարժան վայրերի եւ հուշարձանների ճիշտ ներկայացման կարեւորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ակտիվ աշխատել զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է նաեւ, որ վճարովի ծառայությունների աճ է արձանագրվել առողջապահության ոլորտում, իսկ կրթության բնագավառում  10 համայնքում 17 մարզային ենթակայության դպրոցներում ստեղծվել են սմարթ դասասենյակներ, միջոցների ծավալը կազմել է 128.0 մլն դրամ: Վարչապետը կարեւորել է ֆիզկուլտուրայի եւ օտար լեզուների դասավանդումը հատկապես գյուղական համայնքների դպրոցներում՝  նշելով. «Ինչպիսին եմ պատկերացնում մեր վաղվա քաղաքացուն: Մեր երեխան անպայման պետք է առողջ լինի, դրա համար ֆիզկուլտուրան չափազանց կարեւոր է: Հայաստանի քաղաքացին պետք է առնվազն երեք լեզու իմանա՝ ոչ թե որովհետեւ դա մոդայիկ է,  այլ դա դառնալու է խիստ անհրաժեշտ: Մենք պետք է կարողանանք դպրոցում երեխաներին սովորեցնել բնական գիտություններ, լեզուներ, ֆիզկուլտուրա, ՏՏ, ռոբոտատեխնիկա, բիզնես եւ ֆինանսական մտածելակերպ»:

Տպել
Ամենաշատ