×


Լիլի Էլբակյան.«Սիրո տեսարանը հանվել է «Չնչիկ»-ից, ինչին ես դեմ եմ»

Դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանի աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է, զրույցի համար մի քանի ամիս շարունակ պայմանավորվել ենք, մինչեւ կարողացավ ժամանակ գտնել: Իսկ սպասել նրա հետ հանդիպմանն իսկապես արժեր. խոսեցինք «Չնչիկ» ֆիլմի, իր մրցանակի, ընտանիքի ու մշակութային կարեւոր արժեքների մասին:

- Ինչպիսի՞ զգացողություն է «Չնչիկ» ֆիլմի համար 13 տարի անց լավագույն դերասանուհու տիտղոսը ստանալ «Անահիտ» մրցանակաբաշխությունում:

- Մրցանակներ չեմ սիրում, մրցույթների ամբողջ կյանքում չեմ մասնակցել, եթե, իհարկե, թատրոնից ինձ չեն ներկայացրել: Պարտվողի զգացողությունն ինձ համար չէ, չեմ սիրում զիջել: Համարում եմ՝ մարդուն կամ սիրում են ու գնահատում, կամ էլ՝ ոչ: Դա իմ առաջին դերն էր ֆիլմում եւ սերը կինոյի նկատմամբ այդպես սկսվեց: Խանդավառությամբ էր արված ֆիլմն ու շատ անկեղծ, եւ ուրախ եմ, որ հանձնաժողովը գնահատեց: Անգամ չգիտեի, որ այդ անվանակարգում ներկայացված եմ. ռեժիսոր Արամ Շահբազյանն ասաց, որ վաղը միասին պետք է ներկայանանք մրցանակաբաշխությանը: Նա շատ պարզ մարդ է ու այդպես էլ ապրում է, իրեն շատ եմ սիրում, բայց չի հասկանում, որ ամբողջ կյանքս պլանավորած է:

Հասմիկ Բաբայանը եւ Լիլի Էլբակյանը


- Բազմիցս եք ասել, որ Ձեզ համար «Չնչիկը» յուրահատուկ է, ինչո՞վ է առանձնանում ու ինչո՞ւ է այդքան կարեւոր:

- Մինչ այդ ես չգիտեի, թե ինչ է լավ կինոն, արտադրական գործընթացի մասին է խոսքը: Պրոֆեսիոնալների թիմ էր աշխատում, ու այդ մեծ կառույցի մի մասը լինելը շատ հետաքրքիր էր: Առաջին դերս էր, ու բոլորն ինձ վերաբերվում էին ինչպես հոլիվուդյան դերասանուհու՝ մեկը մազերս էր սարքում, մյուսը հագուստով զբաղվում (ծիծաղում է,-հեղ.): Այդ աստղային վիճակն, իհարկե, դուրս գալիս էր: Երբ դրանից հետո նկարահանվեցի սերիալում, մոտեցումս պահանջվածից ավելի պրոֆեսիոնալ էր. ինձ «Չնչիկն» էր այդպես կրթել: Արամն ասում էր՝ հագուստս շատ նոր է, թավալվեմ հողերի մեջ ու չլվանամ, որովհետեւ այն պետք է ապրված լինի: Նման խանդավառ մոտեցում աշխատանքին միայն այդ ֆիլմում եմ տեսել ու թատրոնում: Հիանալի օրեր ենք անցկացրել նկարվելու ընթացքում, մնացել ենք Լոռվա Չկալով գյուղում, այն շատ մթնոլորտային էր ու տրամադրում էր խաղին (մեզ է միանում Արամ Շահբազյանը, որի դրամապանակն ու հեռախոսը մնացել էին Լիլիի մոտ,- հեղ.):

Լիլի Էլբակյանը եւ Արամ Շահբազյանը


- Բավական բարդ կերպար եք մարմնավորել, որն ըստ էության շատ տեքստ էլ չունի ասելու:

- Ֆիլմը հեքիաթ-առած է հասարակության ու մյուսներին չնմանվող տարօրինակ մարդու բախման մասին: Չնչիկն իր աշխարհում ապրող աղջիկ է, որն ինձ համար բնության մի մասնիկն է՝ հովիվ է, կենդանիների ձայներ է հանում: Արամի հետ ամբողջ ընթացքում աշխատում էինք կովի ձայն ստանալու վրա, լուրջ պարապում էի, որ ստացվի: Աստվածաշնչում միշտ բոլոր ազնիվ ու պարզ մարդկանց կերպարներում հովիվներ են,  անգամ Քրիստոսն է համեմատվում հովվի հետ: Ինձ համար դա խորհրդանիշ էր, այդ աղջիկն աշխարհի հետ լեզու չի գտնում, բայց լավ է հասկանում կենդանիներին: Երբ հղիանում է, կովի հետ է փախչում, որն իր համար դառնում է ե՛ւ ապրելու միջոց, ե՛ւ մեկը, որին վստահում է: Ֆիլմում պետք է կթեի կովին, գյուղացի կանանցից մեկն ասաց, որ սիրեմ կենդանուն եւ շոյեմ, այդ դեպքում կվստահի ինձ, ու նա իսկապես հանձնվեց: Չնչիկի կերպարն իմ մեջ ամբողջ ընթացքում է խմորվել:

- Իսկ ինչպե՞ս գտաք Ձեզնից այդքան տարբեր կերպարի էությունը:

- Նրա հետ ապրել եմ, փորձել հասկանալ հոգեբանությունը, ինչը բավական բարդ էր: Զինվորին, որից նա հղիանում է, Միշոն է մարմնավորել: Սիրո տեսարանը մոնտաժվել ու հանվել է ֆիլմից, ինչին ես դեմ եմ, նախ դժվար էր նկարահանումը (ծիծաղում է,-հեղ.), բացի այդ էլ կարծում եմ՝ միտքը մի քիչ կորել է: Այս տղան միակն էր ամբողջ հասարակության մեջ, որին Չնչիկը վստահում է, որովհետեւ նա ասես բնության գրկից դուրս եկած լինի: Չնչիկի բոլոր զգացողությունները էմոցիոնալ են, այդպես էլ խաղացել եմ: Ֆիլմն իրական դեպքի հիման վրա է նկարահանվել, այդպիսի աղջիկ իսկապես եղել է, նրա կյանքը շատ դաժան ավարտ է ունեցել: Դատական գործը վարել է տատիկս՝ հոգեբան Էլդա Գրինը:

- Չնչիկներ մեր հասարակության մեջ շատ կան, որոնց անտեսում ենք ու փաստորեն նրանց կյանքի կործանմանը նպաստում:

- Արամը հրաշալի է ասում, որ սա մի «Մի դատիր» պատվիրանի հիման վրա նկարահանված ֆիլմ է: Նա Ֆրանսիայում է սովորել, բայց հետ է եկել Հայաստան,  որովհետեւ այնտեղ ո՞ւմ մասին պետք է ֆիլմ նկարեր՝ պատմություն չունեցող մարդկա՞նց, իսկ այստեղի խնդիրներին լավ ծանոթ է, գյուղում է մեծացել ու այդ ամբողջը տեսել: Այդ առումով «Չնչիկը» շատ ազնիվ է արված:

Լիլի Էլբակյանը


- Ձեր ամուսնու հետ ծանոթացել եք հենց ֆիլմի նկարահանումերի ընթացքում, ինչպե՞ս է տեղի ունեցել առաջին հանդիպումը:

- Համոն Միշոյի հետ էր գնացել քասթինգի, եւ Արամը նրան էլ էր հրավիրել: Երիտասարդ տարիքում շատ էր նման Չելենտանոյին: Համոն մի փոքր կտորում է նկարահանվել, բայց այն շատ համով է ստացվել: Այնպես էր լինում, որ ամբողջ ընթացքում բախվում էինք իրար: Նկարահանման ժամանակ Համոն ընկել էր ու ձեռքը պատռել, եւ միակ մարդը, որն ուներ բժշկական պարագաներ, ես էի, ինչի համար շնորհակալություն մայրիկիս: Շատ արագ պետք էր օգնել, ու վիրակապեցի նրա ձեռքը, այդ ընթացքում երեւի ինչ-որ ջերմ բան է զգացել (ծիծաղում է,-հեղ.), մինչդեռ ես ընդհանրապես ամուսնանալու մտադրություն չունեի: Հետո պարզվեց, որ վերքն ամեն օր վիրակապելու կարիք կա, այդ ընթացքը շատ երկար տեւեց, վերքն արդեն լավացել էր, իսկ ես դեռ շարունակում էի նրան բուժել: Համոն արդեն վերջացրել էր նկարվել ու բոլորին խաբեց, որ քաղմասում իրեն են փնտրում, դրա համար էլ պետք է մնա մեզ հետ: Նա ամեն օր պայքարում էր մեր սիրո համար, սենյակով մեկ գրում էր «Ես քեզ սիրում եմ»: Միեւնույն է՝ չէի հավանում իրեն, բայց հետաքրքիր բան եղավ՝ 2 օրով վերադարձա Երեւան, թողել էին գալ լողանալ (ծիծաղում է,-հեղ.): Այդ ժամանակ հասկացա՝ այնտեղ կա մեկը, որին կարոտում եմ, ու այդ ժամանակ սկսեցի Համոյին այլ հայացքով նայել: Դրանից հետո ամուսնացանք, 2 երեխա ունեցանք, բայց «Չնչիկը» դեռ չկար ու չկար, նույնիսկ աղջկաս լացի ձայնը կա ֆիլմում:

- Մինչ ֆիլմը կլիներ, Ձեր կյանքում շատ բաներ տեղի ունեցան, ինչպե՞ս եք փոխվել այդ ընթացքում:  

- Այն Լիլին շատ ավելի համարձակ էր, ավելի մեծ սպասումներ ուներ կյանքից եւ մաքսիմալիստ էր, ինչպես բոլոր երիտասարդները: «Չնչիկ»-ից հետո մերժել եմ նկարվել երեւի թե 15-20 գեղարվեստական ֆիլմում: Նախ Արամն ինձ չէր թողնում, հետո էլ մտածում էի՝ պետք է լավ նախագիծ լինի, որ համաձայնեմ: Հիմա կարծում եմ, որ սխալ եմ արել: Բայց սերիալներում նկարվելու արդյունքում կինոյից հիասթափվեցի, կյանքիս 2 ամիսը վատ սերիալի վրա վատնելու փոխարեն թատրոնում 2 բեմադրություն կանեմ: Թատրոնում 2 դերասանով կարող ես ֆանտաստիկ ներկայացում ստեղծել, կինոյում անհնար է: Ռեժիսորը դրանում մեղավոր չէ, բայց սցենարիստներին են շատ թերանում, թեմա չունեն: Թեեւ ամբողջ աշխարհում է այդպես, հոլիվուդյան ֆիլմերում էլ: Չկա մի թեմա, որ իմ սրտին կդիպչի:

Լիլի Էլբակյանը


- Արդեն գործ ունենք այլ արժեհամակարգ ունեցող մարդկանց հետ, որոնց պահանջներն են փոխվել իրենց ու կյանքի նկատմամբ, անտարբեր են դարձել ուրիշների խնդիրներին:

- Մարդն ապրում է իր հաճույքի համար, ուրիշից ու աշխարհից հայացքը պտտվել է իր անձին, եսակենտրոն է դարձել, ֆիլմերից էլ դա երեւում է: Հիմա նույնիսկ գրողները կարծես ստատուս գրող լինեն, պրիմիտիվ է ասելիքը: Աշխարհն ամեն ինչի նկատմամբ շատ փոխվեց: Եթե առաջ մարդը կարեւորվում էր ամբողջ էությամբ՝ արտաքինով ու հոգով, հիմա կարող են միայն շուրթը վերցնել ու գնահատել, ամեն ինչ նեղացավ:

- Լիլի, Դուք հայտնի դերասանների ընտանիքից եք, նախ Ձեր պապիկն է խաղացել՝ Էդգար Էլբակյանը, ապա  նաեւ՝ ծնողները: Ի՞նչ յուրահատկություն ունեն դերասանների գերդաստանները:

- Օ՜, չգիտեմ, որովհետեւ ես ուրիշ ընտանիքում չեմ ապրել (ծիծաղում է,-հեղ.): Երբ հավաքվում ենք սեղանի շուրջ, միեւնույն է՝ արվեստից ենք խոսում, չնայած՝ նախապես ասում ենք, որ այս սեղանի շուրջ այդ մասին ոչ մի խոսք չի լինելու: Իմ ծնողների մեջ շատ եմ սիրում այն, որ չեն խաղում, իրական են ու պարզ: Միշտ մտածում եմ, թե հանրային մարդը ինչով է տարբերվում մյուսներից: Նախ նա օրինակ է, երբ Սոս Սարգսյանը քայլում էր փողոցով, զգացվում էր, որ սովորական մարդ չէ: Մայթի մյուս ծայրից ձգվում էի, զգում՝ մեծություն է: Նա ոչինչ չէր անում, պարզապես դանդաղ այս աշխարհին էր նայում, ու հիմա հայրիկի դեպքում եմ դա նկատում, բնավ էլ նրան չեմ գովում: Փողոցով արվեստագետ է անցնում, ուշադիր նայում է աշխարհին ու անտարբեր չէ իր շուրջը կատարվողի նկատմամբ: Ես էլ քայլելիս երկար կարող եմ նայել ծաղկած ծառերին, որոնք հրաշք են ինձ համար, երկինքը մեզ ինչ-որ բան է պատմում, ու դա նկատել է պետք: Նույնիսկ չեմ սիրում մեքենա վարել, որովհետեւ շատ եմ շեղվում: Այդ առումով ընտանիքս յուրահատուկ է: Իմ երեխաներն էլ անընդհատ ստեղծագործում են, գրում, նկարում, աղջիկս անընդհատ պարում է: Ոտքը բարձրացրած է հեռուստացույց նայում՝ այդ ընթացքում մկանը ձգելով: Նա արդեն այդ ամենի մեջ է, էլ ոչինչ չենք կարող փոխել: Արժեքային համակարգն է ուրիշ, գուցե, դա լավ չի:

Լիլի Էլբակյանը


- Ձեր ընտանիքում 3 Էդգարներ են եղել ու կան՝ պապիկը, եղբայրն ու որդին: Որքա՞ն կարեւոր էր, որ որդու անունն էլ Էդգար դնեք ու արդյոք նմա՞ն են իրար:

- Էդգարի մահը շատ ծանր եմ տարել, նա ինձ համար միայն եղբայր չէր, ինձ դաստիարակել է, ու շատ կապված ենք եղել: Իմ երազանքն էր որդի ունենալ ու նրան եղբորս անունը տալ: Երբ ամուսնացանք, Համոյին ասացի, որ որդուս անունը ես եմ դնելու, պայմանավորվեցինք, որ դստեր համար էլ նա է անուն ընտրելու: Շատ տխրեցի, որ առաջինը տղա չէր, բայց Էլմին ֆանտաստիկ երեխա է, եւ ուրախ եմ, որ մեծը հենց նա է, հիմա խենթանում եմ նրա համար: Էլմին է պահում Էդգարին, որն իր հերթին նման է Էդգարներին: Պապիկին չեմ հիշում. 2 տարեկան եմ եղել, երբ մահացել է: Ասում են՝ ամենակիրթ մարդկանցից էր, տաղանդավոր ու հումորով: Իրեն շատ էին սիրում թատրոնում ու կյանքում, մինչեւ հիմա էլ տարիքով կանայք կան, որ ասում են՝ սիրահարված էին Էդգարին: Եղբայրս նման էր իր պապիկին, նույնպես վառ անձնավորություն էր, գրում էր, երգում, խաղում, ու էլի նրան բոլորը սիրում էին: Որդիս նման է ե՛ւ հայրիկիս, ե՛ւ եղբորս, ե՛ւ պապիկին: Ձայնով է նման եղբորս ու տեսակով, ասես այս աշխարհից չլինի: Ամեն մեկից լավ բաներ է վերցրել, պապիկի հետ ընկերներ են, միասին կծու են ուտում, մեծերի պես զրուցում:

- Դերասանները հաճախ են ասում, որ իրենց աշխատանքին ավելի մեծ կրքով են մոտենում, քան այլ մասնագիտություններ ունեցողները: Իսկապես այդպե՞ս է:

- Երբ առաջին անգամ գնացի ատամնաբույժի, վերադառնալուց հետո մայրիկիս զարմացած ասացի, որ բժիշկներն էլ են սիրում իրենց մասնագիտությունը, ինձ թվում էր՝ միայն մենք ենք հաճույք ստանում: Հիմա կարծիք կա, որ դերասանությունն ի՞նչ է որ, մանավանդ սերիալներում նկարահանվելուց հետո մտածում են՝ բոլորն էլ կարող են: Ուզում եմ, որ այդ մարդիկ գոնե մեկ օրով գան թատրոն ու աշխատեն այն ռեժիմով, որով մենք փորձ ենք անում: Դժվար թե դրանից հետո ցանկանաք նորից գալ, այդպիսի մարդիկ 2 օր են մնում թատրոնում: Փորձերը կարող են տեւել առավոտից մինչեւ գիշեր՝ առանց ուտելու ու խմելու: Իմ ուսանողներին ասում եմ, որ մարմինն իրենց գործիքն է՝ ճիշտ զինվորի պես: Թատրոնում ամեն ինչ՝ նույնիսկ մարմնի հոտն ու հիգիենան կապ ունեն, չես կարող փողոցից մտնել բեմ ու համարել՝ հանճար ես: Թատրոնը հավատարիմների տեղ է:

Լիլի Էլբակյանը


- Իսկ Դուք թատրոնում ի՞նչն եք ամենաշատը սիրում, որ անգամ նման կենսակերպին եք պատրաստ հարմարվել:  

- Ես սիրում եմ փորձերը, ամեն դերն իր առանձին կյանքն ունի, անգամ ամեն մեկի համար նախատեսած կոսմետիկայի պայուսակ ունեմ: Յուրաքանչյուրի համար ուրիշ կերպ եմ շպարվում, այլ են իմ մազերը, հոգեվիճակը, քայլվածքը, հայացքն ու ժպիտը: «Չնչիկ»-ի ժամանակ Արամն ասաց, որ առաջին հերթին պետք է գտնեմ, թե ոնց է նա ծիծաղում: Իմ ժպիտը դե շատերը գիտեն, Ջուլիա Ռոբերթսի ժպիտի պես լայն է ու ճանաչելի: Երկար եմ աշխատել, հարցեր տվել ու պատասխաններ ստացել իրենից, մինչեւ ստացվել է:

- Դերասանի արտաքին փոփոխությունը միանգամից է երեւում, իսկ ներքին տեղաշարժերն ինչպե՞ս են կատարվում:

- Ներքինից է գալիս արտաքինը, ոչ երբեք հակառակը: Ամեն անգամ կերպարը խաղալիս, անգամ եթե դերը մեծ չէ, նորից ես նույն խնդիրը տալիս քեզ: Տարիների ընթացում դա դառնում է պրոֆեսիոնալիզմ, բայց միեւնույն է՝ ամենափորձառու դերասանն էլ ամեն դերի հետ զրոյից տանջվում է ու փնտրտուքների մեջ ընկնում: Օրինակ՝ «Դեկամերոնը» մենք բացօթյա էինք խաղում, հիմա բերել ենք բեմ, այստեղի ձայնի տոնը լրիվ ուրիշ պետք է լինի, երկար աշխատեցինք, մինչեւ այն գտանք: Բախտավոր եմ, որ խաղացել եմ ամենափոքր բեմից մինչեւ ամենամեծը, դա կարեւոր փորձառություն է: Ամեն տեղ ժեստերն ու ձայնը տարբեր պետք է լինեն:  

- Խոսենք «Դեկամերոնից», որը բեմադրել եք ու նաեւ խաղում եք ներկայացման մեջ: Ինչո՞ւ հենց այդ գործն ընտրեցիք:

- Բեմադրեցինք համավարակի ժամանակ, քանի որ ներսում չէինք կարող խաղալ, արեցինք բացօթյա: «Դեկամերոնն» ընտրեցի, որովհետեւ մեր կրած դիմակներն ինձ հիշեցրին ժանտախտը, Բոկաչչոյի այդ գործում այն կարմիր գծի պես է անցնում: Ժանտախտն անընդհատ հետապնդում է մարդուն, ու ինձ համար կարեւոր էր հասկանալ, թե այն ինչից է առաջացել: Հին հունական դրամաներում էլ այն որպես պատիժ է գալիս ու մարդկային մեղքերի հետեւանք է: Ուրեմն մենք էլ հիմա սխալ ուղղությամբ ենք գնում: Մարդկային անտարբերության գագաթնակետին ենք հասել, թվում է՝ իրարից տեղյակ ենք Ֆեյսբուքով, բայց հաճախ ընկած մարդուն չենք օգնում բարձրանալ: Գուցե Հայաստանում այդ խնդիրը չկար, բայց արդեն մեզ էլ է հասել,  մարդիկ լրիվ փակվել են: Առաջ բակային կյանք կար, իրար օգնում էին, հիմա ամեն մեկն իր համար է ապրում: Ժանտախտը կամ մեկ այլ հիվանդություն մարդկային այդ անտարբերության, Աստծո ու մարդու կապի կորչելու հետեւանքն է:

Լիլի Էլբակյանը


- Ի՞նչ եք ցանկացել ներկայացման միջոցով ասել մարդկանց, որո՞նք են ուղերձները:

- Ինչպես Բոկաչչոն է ասել՝ արհավիրքներն ու մահերն են մաքրում սերունդները մեղքերից: Ամեն դեպքում սերունդը մաքրվում է, դրա համար էլ ժանտախտ է լինում: Հիմա էլ կովիդից հետո կծնվի նոր սերունդ: Ներկայացման մեջ 8 կանայք Ֆլորենցիայից փախչում են ամառանոց, որպեսզի ժանտախտով չվարակվեն: Այնտեղ սկսում են ձանձրանալ ու իրենց նախնիների հետ տեղի ունեցած պատմություններ ներկայացնել: Սկզբում ուրախ են լինում, բայց սկսում են տխրել ու գիշերներն արտասվել: Պարզվում է՝ նրանից մեկն էլ վարակված է, նորից վերադառնում են Ֆլորենցիա՝ ինչ-որ բան փոխելու, քանի որ չեն կարող փակված մնալ ու պետք է աշխարհն ավելի լավը դարձնեն: Ես լուրջ պատմեցի, բայց ներկայացումը բավական հումորային է ստացվել, Բոկաչչոյին այլ կերպ հնարավոր էլ չի մատուցել: Իմ սիրելի ներկայացումներից է, նախ որովհետեւ 8 կանայք են խաղում, նաեւ տղամարդկանց ենք մարմնավորում, թիմը շատ ուժեղ է, նրանց հետ էլի եմ ուզում մի բան բեմադրել: Ավյունով լի են ու վարակիչ: Հանդիսատեսն էլ ներկայացումը շատ է հավանում:

- Իսկ ինչպե՞ս են ներկայացումների գաղափարները ծնվում Ձեր գլխում:

- Սիրում եմ, որ ինձ առաջարկում են բեմադրել, այդ ժամանակ սկսում եմ հստակ աշխատել, որովհետեւ իմ գլխում մոտ 100 ներկայացում կա: Շատ սիրում եմ բեմադրել դերասանների համար: Առաջ նույնիսկ պիեսներ էի գրում, հիմա դադարել եմ, քանի որ ինձ միամիտ են թվում, դրանք հենց դերասաններին էի հարմարեցնում՝ Շեքսպիրի պես:  

- Այդ դեպքում ինչպե՞ս են բոլորը հաշտ մնում Ձեր գլխում ու չեն խառնվում իրար:

- Ամեն մեկն իր ոճի մեջ է, մանկականները մի ուրիշ աշխարհ են, շատ եմ սիրում դրանք, որովհետեւ երեխաների համար բեմադրություն անելն ամենաշնորհակալ գործն է: Նրանք հավատում են այդ իրականությանն ու սովորում երազել: Իմ երեխաները մինչեւ հիմա հավատում են Ձմեռ պապիկին ու Ատամի փերիին: Մենք ամբողջ ընտանիքով միջոցառում ենք կազմակերպում ամեն ատամի համար, խաղում ենք ու զարմանում, որ փերին նվեր է բերել:

- Որտեղի՞ց Ձեզ այսքան էներգիա ու ինչպե՞ս չեք մեծանում:

- Նրանից է, որ շատ եմ աշխատում, հենց տանն եմ մնում, մազերս սկսում են սպիտակել (ծիծաղում է,-հեղ.): Տատիկս՝ Էլդա Գրինը, մինչեւ 90 տարեկանն աշխատում էր: Նա տարվա սկզբին պլանավորում էր ամբողջ անելիքը, ուներ մինիմում եւ մաքսիմում ծրագիր, դա մեզ էլ է սովորեցրել: Թեեւ ես չեմ գրում, բայց իմ մտքում ունեմ՝ տարվա մեջ նվազագույնը 2 բեմադրություն անել: Անընդհատ աշխատում եմ, ինչն ինձ օգնում է ապրել, թեեւ մայրիկս ասում է, որ շատ աշխատելու արդյունքում ընտանիքս տուժում է: Ես ընկղմվում եմ գործի մեջ, լրիվ սուզվում, փորձերի ժամանակ ինձ ոչինչ չպիտի խանգարի: Այդ ընթացում ինձ համար աշխարհը վերանում է ու մտածում եմ միայն այդ դերի մասին՝ տանը, ուտելիս, քայլելիս, մարդկանց նայելիս: Աղբանոցում կարող է որեւէ բան գտնեմ ու վերցնեմ, որովհետեւ որեւէ ներկայացման մեջ կարող է պետք գալ (ծիծաղում է,-հեղ.):

Լիլի Էլբակյանը


- Լիլի, ի՞նչ նվիրել:

- Սեր:

-Ինչի՞ց երբեք չհրաժարվել:

- Աշխատանքից:

- Ինչո՞վ լցվել:

- Աստծով:

- Ինչո՞ւ ստեղծագործել:

- Որպեսզի վարակես մարդկանց քո մտքերով ու ասելիքով:

- Ինչպե՞ս վայելել կյանքը:

- Այնպես, որ ուրիշներին չվնասես:

- Ինչի՞ց չհագենալ:

- Բարությունից:

- Ո՞ւմ անվերջ գերել:

- Հանդիսատեսին:

- Ինչո՞ւ երբեք չդադարել սիրել:

- Որովհետեւ սերը կյանք է ու այն աստվածային է:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին