1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը քննարկում է 89 ներդրումային ծրագիր՝ 2,7 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով. ՀՀ վարչապետ Փաշինյանի ներածական խոսքը ասուլիսում

Կառավարությունը քննարկում է 89 ներդրումային ծրագիր՝ 2,7 մլրդ ԱՄՆ դոլար 
ծավալով. ՀՀ վարչապետ Փաշինյանի ներածական խոսքը ասուլիսում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն ԱՄՆ դոլարի ծավալով, ըստ էության, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսները գտնվում են ակտիվ քննարկման փուլում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսի ներածական խոսքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ներածական խոսքում նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձևաչափով, եթե չեմ սխալվում, և այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի: Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել և կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան եմ ստացել.

2019 թվականի փետրվարին 2018 թվականի փետրվարի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում հիպոթեկային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով: Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիպոթեկային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը փետրվարի նկատմամբ: Ընդհանրապես այսօրվա դրությամբ երկրում հիպոթեկային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, և մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է: Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա. սա նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ: Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր՝ ոչ միայն շինարարության ոլորտում, այլև շինանյութերի արտադրության ոլորտում և ընդհանրապես սպասարկման ոլորտում և այդպես շարունակ: Սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որն իր հերթին, բնականաբար, բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման:

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ այս պահի դրությամբ Հայաստանում առկա է, կառավարության հետ առնվազն քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն ԱՄՆ դոլարի ծավալով, ըստ էության, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսները գտնվում են ակտիվ քննարկման փուլում: Սա նշանակում է, որ երկրում նաև որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք:

Հաջորդը, որ կցանկանայի նախաբանում ասել՝ գիտեք, որ մարտի 23-ին  երկրում տեղի է ունենալու համապետական մաքրության օր, և հույս ունեմ՝ այդ օրը մենք բոլորս կմասնակցենք համապետական մաքրության այդ գործողություններին: Ես ինքս էլ անձամբ, բնականաբար, մասնակցելու եմ և կփորձեմ թերևս մասնակցել նախապես չհայտարարված որևէ բնակավայրում: Հույս ունեմ՝ մեր քաղաքացիները նույնպես ակտիվ կմասնակցեն: Ցանկանում եմ ասել, որ վիզուալ առումով երկրում ամենամեծ պրոբլեմներից մեկն աղբի համարատածության պրոբլեմն է: Մի անգամ կառավարության նիստում առիթ եմ ունեցել ասելու՝ կհամարեմ, որ երկրում իսկապես հեղափոխական մասշտաբի փոփոխություններ են տեղի ունեցել, դա, իհարկե, խնդրի վիզուալ կողմը կլինի, որը բազմաթիվ բովանդակային նրբությունների մասին կվկայի, եթե մենք մեր երկիրը, մեր չնաշխարհիկ երկիրը կարողանանք ազատել աղբից և այլ թափոններից, մասնավորապես՝ ավտոմեքենաների, տարբեր կրպակների թափոններից: Ուրախ եմ, որ այս գործընթացն արդեն սկսվել է:

Ընդհանուր առմամբ կառավարության գործունեության մանրամասներին առիթ կունենանք առաջիկայում անդրադառնալու՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցի քննարկման ընթացքում: Դրա համար այսօր ես այլ մանրամասների չեմ անդրադառնում և ուրախ եմ այս առիթի համար:

Ցանկանում եմ ասել, որ եկել եմ այստեղ՝ ձեր բոլորին հարցերին պատասխանելու և հույս ունեմ, որ այս քննարկման ընթացքում կհնչեն բոլոր հնարավոր հարցերը, որովհետև նախկին ասուլիսների փորձից ես գիտեմ, որ կան դեպքեր, երբ, օրինակ, լինում են թեմաներ, որոնք, այսպես ասած, համացանցում մեծ իրարանցում և փոթորիկներ են անում և ասուլիսի ժամանակ, չգիտեմ ինչու, այդ թեմաներով հարցեր չեն հնչում: Հույս ունեմ, որ այսօր բոլոր հնարավոր հարցերը կտաք՝ արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, անձնական, ոչ անձնական, բոլոր հարցերը՝ ամեն ինչի մասին, որովհետև այս ասուլիսների ձևաչափի կարևորագույն նպատակն է, որպեսզի ես անձամբ, կառավարությունը, մենք բոլորս, իմ ընտանիքը լինենք 100 տոկոս թափանցիկ և հաշվետու մեր հանրության առաջ:

Հավաստիացնում եմ, որ չկա որևէ հարց, որը ես չէի ցանկանա, որ հնչի, և չկա որևէ հարց, համոզված եմ ասում, որի պատասխանը ես չունեմ: Այնպես որ, եթե որևէ մեկը հարցը չի տալիս՝ մտահոգվելով, որ ես, հնարավոր է, այդ հարցի պատասխանը չունեմ, խնդրում եմ՝ մի մտահոգվեք, հանգիստ առաջադրեք ձեր հարցերը:

Շնորհակալություն»:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]