Ի՞նչ հրատարակեց newmag-ը 2019 թվականին

December 30, 2019

1․ Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը | Լուկա Կայոլի


Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետեւողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը եւ շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։

2․ Աղջիկ ջան, ուշքի արի | Ռեյչլ Հոլիս


Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
[embed]https://www.youtube.com/watch?v=L9B9BjqW8d8[/embed]

3․ 100 մոնոլոգ | newmag


Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով: Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ:
[embed]https://www.youtube.com/watch?v=JWLh3m7wCJE[/embed]

4․ Սպանության հրամաններ | Թաներ Աչքամ


Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։
[embed]https://www.youtube.com/watch?v=-B3DEPMmJzc[/embed]

5․ Սիրո 5 լեզուները | Գերի Չեփմեն


Ավելի քան 10 միլիոն տպաքանակով վաճառք: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
[embed]https://www.youtube.com/watch?v=JlG3FVuImLw[/embed]

6․ Կյանքից կառչած | Շառլ Ազնավուր


Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջև շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին:
[embed]https://youtu.be/n17SPgzWgy8[/embed]

7․ Նեյմար | Լուկա Կայոլի


Լուկա Կայոլին՝ Մեսսիի եւ Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների եւ երկրպագուների հետ: Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, Բրազիլիայի հավաքականի պարտության, որում, թերեւս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը, եւ «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի մասին։
[embed]https://www.youtube.com/watch?v=c4IThn8aUww[/embed]

8․ Գահերի խաղը. ինչպե՞ս հաղթել շախմատում | Տիգրան Պետրոսյան


Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային եւ ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը: Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։
[embed]https://youtu.be/-3rZMCyXK7c[/embed]

9․ Ինչ է պոպուլիզմը | Յան-Վերներ Մյուլլեր


Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը:
[embed]https://youtu.be/8ZwbW-4Mjvc[/embed]

10․ Ալի. աշխարհի արքան | Դեյվիդ Ռեմնիք


Ոչ ոք չի կարողացել Դեյվիդ Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին եւ նրա ժամանակաշրջանը, որին նա շունչ ու ոգի է տվել։ Պատմելով Ալիի անցած ճանապարհի մասին՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչեւ Սոնի Լիստոնի եւ Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտերը, Ռեմնիքը ստեղծել է նմանը չունեցող հարուստ կտավ: Նա հիանալիորեն կարողանում է փոխանցել սուր լեզու ունեցող մարզական լրագրողների եւ մարդասպան գանգստերների, մռայլ Լիստոնի, վախեցած Պատերսոնի, հանդուգն Նորման Մեյլերի եւ առեղծվածային Մալքոլմ Իքսի կերպարները:
[embed]https://www.youtube.com/watch?v=nttSCgpMMCQ[/embed]

11․ Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը | Առնո Ռամսե


Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ եւ ինչու է ստացել SNAKE մականունը: Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կա- տարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն եւ Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։
[embed]https://www.youtube.com/watch?v=B_6RZvUKJLo[/embed]

12․ Հիմա մասամբ գիտեմ | Փոլ Իգնեշիուս


Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։ Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։
[embed]https://www.youtube.com/watch?v=KiSGsXGcDok[/embed]

13․ Աղջիկ ջան, մի՛ արդարացիր | Ռեյչլ Հոլիս


Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
[embed]https://www.youtube.com/watch?v=ap3dUOBgYkU[/embed]

14․ Մեղմ շշուկով | Շառլ Ազնավուր


2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է: Նա պատմում է իր ստացած կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Խորհում է Շառլ Կրոյի երաժշտական մրցանակի մասին 20 տարի երազելու եւ այդ մրցանակից հրաժարվելու մասին։ Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի եւ, իհարկե, սիրո մասին։
[embed]https://www.youtube.com/watch?v=h5Q65lV4Spc[/embed]

15․ Մահաբեր ընտրություն | Փոլ Օֆիթ


Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլեւս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին եւ պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները եւ քողազերծում պատվաստանյութերի հետեւանքների մասին սարսափ պատմությունները։ Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը։
[embed]https://www.youtube.com/watch?v=A9FkWD7SMuA[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում