«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և ՀՀ-ի միջև պայմանագրի խզման հարց չկա օրակարգում. ՀՀ փոխվարչապետ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման հարց չկա երկու կողմերի օրակարգում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Լրիվ բնական և կառուցողական հարաբերություններ են: Երեկվա հանդիպմանը ես մասնակցել եմ, և քննարկումների օրակարգն էր` երկաթգծի ապագա զարգացումն ու իրենց ռազմավարությունը: Այս պահին ընդհանրապես պայմանագրի խզման հարց չկա օրակարգում»,- ասաց Գրիգորյանը:
RTVi հեռուստաընկերությունը, վկայակոչելով անանուն աղբյուրի, հայտնել է, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում