Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Չնայած ժողովրդավարական Հայաստանում հնչող դատողություններին, Բելառուսը մնում է Երևանի վստահելի բարեկամը»


«Բելառուսը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական ասպարեզներում», - այսօր Մինսկում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Չնայած ժողովրդավարական Հայաստանում հնչող տարատեսակ դատողություններին, Բելառուսը միշտ եղել և մնում է ձեր լավ և վստահելի բարեկամը: Մենք աշխատում ենք միասնական տնտեսական տարածքում` մեր Եվրասիական Միությունում, նաև ռազմաքաղաքական միության` ՀԱՊԿ շրջանակներում: Եվ ինչ էլ ասեն կամ գրեն, միևնույն է՝ մենք սրբորեն կատարում ենք մեր պայմանավորվածությունները, այն ամենը, ինչ նախատեսված է այդ կազմակերպությունների շրջանակներում», - հայտարարել է Լուկաշենկոն:

Վերջին մեկ տարում, սակայն, պաշտոնական Մինսկը զգալիորեն ակտիվացրել է ռազմաքաղաքական համագործակցությունը նախևառաջ Եվրասիական Միության և ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ: Այդ գործակցության թերևս ամենավառ ապացույցը դարձավ բելառուսական արտադրության «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի վաճառքի շուրջ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: Դեռ ամռանը, երբ Երևանում դժգոհություններ էին հնչում «Պոլոնեզների» վաճառքի կապակցությամբ, բելառուս փորձագետները նշում էին, թե ֆինանսական շահը Մինսկին անհամեմատ ավելի շատ է հետաքրքրում, քան դաշնակցային հարաբերությունների զարգացումը:

«Մեր ղեկավարությունը, հատկապես այժմ, առաջնորդվում է պարզ մի սկզբունքով` լավ է, որ դուք մեր դաշնակիցն եք, բայց ի՞նչ կարող եմ ես վաճառել ձեզ, եթե փող չունեք», - ընդդիմադիր Belsat հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ռազմական փորձագետ Լեոնիդ Սպատկայը:

Ուշագրավ է ի դեպ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, հատուկ ընդգծել է, թե որքան կարևոր են անվտանգության խնդիրները Հայաստանի և հայերի համար: Անվտանգության խնդիրների հիշատակումը ևս պատահական չէր, քանի որ Արմեն Սարգսյանը Մինսկ է ժամանել եվրոպական ամենահեղինակավոր համաժողովներից մեկի` «Մյունխենի անվտանգության ֆորումի» հովանու ներքո կազմակերպված կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

«Այսօր, վաղը, հատկապես վաղը նախատեսված են անվտանգության խնդիրներով զբաղվող Մյունխենի խմբի հիմնական միջոցառումները: Այս խնդիրը շատ կարևոր է: Ձեր այցելությունը Մինսկ, ձեր մասնակցությունը այդ խմբի [անվտանգության] թեմային նվիրված նիստերին վկայում է, որ Հայաստանի համար սա պարզ հետաքրքրության խնդիր չէ: Անվտանգությունը հայ ժողովրդի համար անչափ հրատապ խնդիր է», - դիմելով իր հայաստանցի պաշտոնակցին՝ հայտարարում էր Լուկաշենկոն:

Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բավական բարձր էր գնահատում պաշտոնական Մինսկի վարած քաղաքականությունը` պնդելով, որ իր տեսակետին են հակված նաև միջազգային հանրության մի շարք ներկայացուցիչներ:

«Բելառուսի կերպարն այսօր կայունությունն է և կանխատեսելիությունը: Այս նոր աշխարհում, որում մենք ապրում ենք, այդ որակները բավական հազվադեպ են հանդիպում: Ոչ միայն տարբեր տարածաշրջանները, այլև ողջ աշխարհն անկանխատեսելի և անկայուն է դարձել: Եվ այն պետությունները, որոնցում առկա են այդ երկու որակները, բարձր են գնահատվում իմ կողմից, իմ բելառուս ընկերների, նաև կարծում եմ, ողջ միջազգային հանրության կողմից», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի ներկա վիճակին՝ Բելառուսի նախագահը պնդել է, որ Երևանն ու Մինսկը կարող են երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 150 միլիոն ամերիկյան դոլարի: 2017-ի տվյալներով, Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները 42 միլիոն դոլար էին կազմել, այս տարվա առաջին ութ ամիսների տվյալներով` շուրջ 30 միլիոն, ինչը մեկ երրորդով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG