▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է անում Հայաստանը Սփյուռքի համար և ի՞նչ է պահանջում Սփյուռքից

Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից, ավելի հստակ՝ մայիսի 15-ին ներկայացնելով ՀՀ սփյուռքի նոր նախարարին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սփյուռքի հետ հարաբերակցության մեր գլխավոր խնդիրը, որ պետք է դնենք, մեծ հայրենադարձությունն է: Դա ենթադրում է նաև կապիտալի, մտավոր պոտենցիալի հայրենադարձություն:

Պետք է արձանագրենք այդ պրոցեսի ողջ բարդությունը, հայրենադարձության առաջին փուլում պետք է ստեղծենք աշխատատեղեր, որպեսզի ապահովենք երկրորդ փուլում ոչ միայն վերադառնալը, այլև Հայաստանում ապրելու պայմանների գոյությունը»: Մի կողմ ենք թողնում այն հարցը, թե այս հայտարարությունից շուրջ վեց ամիս անց,  բացի բանավոր կոչերից որևէ հստակ վիճակագրություն կա՞, թե քանի հոգի է վերադարձել հայրենիք:

 

 

 

 

 

 

 

Փորձենք քննարկել Նիկոլ փաշինյանի մեկ այլ՝ սփյուռքահայերի համար ոչ պակաս կարևոր դրույթ. «Այսօր Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված են որոշ օրինագծեր, որոնք ըստ էության խոչընդոտում են սփյուռքի ներուժի ներգրավումը պետական կառավարման համակարգում: Եվ հատկապես, այս նոր իրավիճակում մենք պետք է լրջորեն մտածենք այդ խնդրի մասին, որը սահմանադրական խնդիր է և մեկ օրում չի լուծվի, բայց պետք է հնարավորինս արագ զբաղվենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Պետք է փորձենք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ: Սփյուռքի ներկայացուցիչները պետք իրենց ավելի ու ավելի ինտեգրված զգան Հայաստանում, պետք է զգան, որ իրենց ձայնը լսելի է, պետք է զգան իրենց լիարժեք շահառու և պոտենցիալ քաղաքացի»:

Հայաստանից հեռացած, բայց միևնույն ժամանակ Հայաստանով ապրող հայերի համար, որոնք Հայաստանի հանդեպ սերը պահելով իրենց սրտում, փորձում են օտարության մեջ սեփական գործով և ազգային ավանդույթների պահպանմամբ պահպանել հայկականը, նոր իշխանությունների կողմից այս կոչերն ընդունեցին առանձնահատուկ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ, այն մեծ հավատով ու վստահությամբ, թե վերջապես «հեղափոխված» Հայաստանը գործնական քայլեր կձեռնարկի:

 

 

 

 

 

 

 

Սակայն այսքան ամիս հետո այդ արտահայտությունները բացի ականջ շոյելուց ոչ մի օրենսդրական ձևակերպման կամ գոնե շահագրգռող առաջարկի տեսք չստացան, ինչը մարդկանց կստիպի օտարության մեջ երկար տարիների ստեղծածը կամ դրա մի մասնիկը տեղափոխել նաև հայրենիք: Ցավոք դա բացակայում է, քանի որ նոր իշխանությանը հետաքրքրում է միայն հնարավոր ներդրումների ներգրավվածությունը՝ անտեսելով ինչպես երկրի անկայուն վիճակը, այնպես էլ բիզնես ծրագրերի իրականացման համար մի շարք կարևոր հանգամանքներ: Ի դեպ, արդարացի լինելու համար նշենք նաև, որ նախորդների նման այս իշխանություններին ևս սփյուռքի հետ կապված մեկ՝ «կարծրացած» ձեռնարկ է հետաքրքրում՝ դրամահավաքությունը:

Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ամիսներ անց սփյուռքի մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկ էլ հիշեց ընդամենը օրեր առաջ, Բեյրութում լիբանանահայ համայնքի հանդիպման ժամանակ երբ կոչ արեց վստահությամբ վերաբերել Համահայկական հիմնադրամին. «ստուգումները շարունակվում են, բայց, ամենայն հավանականությամբ, գումարների հետ որևէ բան չի եղել: Ես կոչ եմ անում՝ եթե որևէ անվստահության էջ եղել է, փակել այդ էջը և մենք պետք է նոր շունչ տանք Համահայկական հիմնադրամին»,-նշեց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Ու օգտվելով  լիբանանահայերի ներկայությունից՝ Փաշինյանը հավելեց, որ հնարավոր է նոր մեխանիզմ ներդրվի, որպեսզի ցանկացողների բանկային քարտով ամսական իրենց նշած չափով ավտոմատ փոխանցում արվի: «Թափանցիկությունն ամենակարևորն է, վստահությունը, եղբայրության զգացումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է  հիմնված լինեն առաջին հերթին վստահության վրա, իսկ փողը տեխնիկական հարց է:

Վստահության, թափանցիկության, հայրենիք-սփյուռք՝ մեկ միասնության մասին կոչերն այնքան ծանոթ ու այնքան չարչրկված են, որ կարծեք թե օդուջրի պես «պետք է» յուրաքանչյուր սփյուռքահայի: Իրականում այդ խոսքերը պետք են Հայաստանի իշխանություններին, ով էլ, որ լինի:

Ու բացարձակ պատահական չէր, որ հենց այս օրերին Նիկոլ Փաշինյանը հիշեց  հայրենիքի նկատմամբ սփյուռքի վստահության մասին, չէ՞ որ արդեն մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնների շրջանը:

Ի դեպ, վարչապետ պաշտոնակատարի կոչից հետ չմնաց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ընդունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ տնօրենին՝ նշեց. «Իմ շնորհակալության խոսքը կրկին ուղղելով մեր հայրենակիցներին՝ ուզում եմ տեղեկացնել, որ հիմնադրամը ոչ միայն կենդանի է, այլև ունի պրոֆեսիոնալ շատ լավ թիմ: Որևէ դժվարություն իրականում չի կարող սասանել մեր հավատը, մեր սերը, նվիրվածությունը հայրենիքի և այն կառույցների հանդեպ, որոնք իրենց ներդրումն են բերում այդ հայրենիքին և մեծ հայրենիքին՝ նկատի ունեմ Հայաստանը, Արցախը ու նաև Սփյուռքը, քանի որ ակնկալում եմ, որ հիմնադրամը ի վերջո նաև շատ ակտիվ պետք է գործի ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլև Սփյուռքում, հետևաբար, համազգային ծրագրերի ոլորտում որևէ կասկած չպետք է լինի, որ բոլորս մեր ներուժը պետք է ներդնենք, հնարավոր ամենն անենք, որ և՛ հայրենիքը, և՛ Արցախը, և՛ ողջ հայ ժողովուրդը հասնեն իրենց նպատակներին: Ակնկալում եմ, որ բոլորս միասին կաջակցենք, սատար կկանգնենք հիմնադրամին, որպեսզի այն կատարի իր ազգանվեր գործը Հայաստանում և Արցախում»:

Այսինքն, ինչ է ստացվում, որ միայն իշխանություններն են փոխվել, իսկ գործելաոճը մնացել է նույնը՞:

Բայց չէ որ այն հայերը, որոնք այսօր ներկայացնում են սփյուռքը Հայաստանի և Արցախի համար կազմակերպվող հնարավոր դրամահավաքներին մասնակցելուց զատ՝ ցանկանում են նաև ինչ-որ կերպ գնահատված լինել սեփական երկրի կողմից, քանի որ սփյուռքը միայն գումար հավաքելու համար չէ: Այսօր իրապես անհրաժեշտություն կա կանոնակարգերի փոփոխության, որտեղ կարող է լինել նաև օտարության մեջ ապրող հայերի պատվավոր կոչման հարգը՝ կոչում տալու գործընթացը դարձնելով առավել թափանցիկ ողջ հայության համար: Տվյալ պարագայում համագործակությունը ՀՀ հյուպատոսությունների հետ կարող է տալ իր դրական արդյունքները:

 

 

 

 

 

 

 

 

Գաղտնիք չէ, որ գործող իշխանության համակարգում տեղի է ունեցել սերնդափոխություն և երիտասարդությունն այսօր մեծամասնություն է կազմում, ինչպես կառավարությունում, այնպես էլ ավագանու թիմում և ամեն սերունդ իր պատկերացումն ունի, թե ով և ինչ վաստակի համար կարող է արժանանալ այս կամ այն կոչմանը՝ շատ կարևոր է, թե տվյալ հատուկ ստեղծված հանձնաժողովում, որտեղ անձին կոչում շնորհելու մասին առաջարկությունը կուսումնասիրվի և հավանության պարագայում կներառվի օրակարգ, հաշվի կառնվեն նաև մեծ վաստակ ունեցող այն հայերին, որոնք այսօր կազմում են Սփյուռքի անբաժանելի մասը, ում շնորհիվ հայ համայնքներն այսօր կարողանում են օտարության մեջ պահպանել հայկականը:

Սփյուռքի մեր հայրենակիցներին, որոնք ունեն նշանակալի ներդրում իրենց բնագավառում և իրենց աշխատանքով նպաստում են հայրենիքի առաջընթացին: Իսկ տվյալ անձանց կոչում շնորհելու կանոնակարգը կարելի է ինչ-որ տեղ համարել նաև այն դինամիկ փաստաթուղթը, որի գործնական կիրառումը կարող է նոր դրական միտումներ ու տեղաշարժեր բերել Հայաստանին, քանի որ օտարության մեջ ապրող հայի համար, հայրենիքի կողմից գնահատված լինելն ամենաթանկն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գնահատե՛ք մարդկանց, ոչ թե սեփական շահի համար, այլ ուղղակի՝ հայրենակից լինելու համար, բացի ականջ շոյող խոստումները՝ տվեք մարդկանց արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն, թույլ տվեք, որ մարդիկ պիտանի զգան սեփական հայրենիքում՝ ոչ միայն դրամահավաքների ժամանակ, այլ առհասարակ, և նախքան որևէ բան պահանջելը կամ հորդորելը նրանց՝ մտածեք, ի՞նչ եք առաջարկում և ինչպե՞ս եք փորձում իրագործել հայրենադարձության գաղափարը, ոչ մի հնարավորություն չտվող քաղաքացիության շնորհումից զատ:

 

Արման Խարազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին