Զինդատախազը բացառել է, որ վաշտի կացարանում հրդեհի պատճառը կարող էր ԱԹՍ-ի հարվածը լինել

Զինդատախազը բացառել է, որ վաշտի կացարանում հրդեհի պատճառը կարող էր ԱԹՍ-ի հարվածը լինել

PanARMENIAN.Net - Զինդատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, խոսելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից, բացառել է, որ բռնկված հրդեհի պատճառը կարող է ԱԹՍ–ն լինել։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստատեսության եթերում։

Նա հավելել է, որ ողջ մնացած զինծառայողների հետ զրույցները ցույց են տալիս, որ պայթյուն տեղի չի ունեցել։

Զինդատախազը նաև ասել է, որ զոհված զինծառայողներից ոմանց մարմիններն անճանաչելի են և վերցվելու են գենետիկական նմուշներ։

Էլիզբարյանը նաև տեղեկացրել է, որ վառարանի կրակը թեժացնելու համար բենզին օգտագործած սպան ողջ է։ Նա հավելել է, որ սպան բղավել է, միջոցներ է ձեռնարկել զինծառայողներին հանելու, բայց կրակն արագ տարածվել է, մուտքը արգելափակվել և զինծառայողները չեն կարողացել դուրս գալ։

Քննչական կոմիտեն նույնպես մանրամասներ է ներկայացրել հրդեհի հետևանքով նույն վաշտի զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ։

ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Ըստ ստացված նախնական տվյալների, ինժեներասակրավորային վաշտը 2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Ազատ գյուղի տներից մեկում։ Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակից, որոնցից մեկը ծառայել է որպես զինանոց, իսկ մյուսը՝ զորանոց, որտեղ տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտի վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում։

2023-ի հունվարի 18-ին, զորամասի ինժեներական ծառայության սպա կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու և իր ծառայությունը կատարել է նշված կացարանում։ 18․01․2023թ-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակզմը, ավարտելով իրեն հանձնարարված աշատանքները, վերադարձել է հիշյալ կացարան և ժամը 21։30-ից սկսած պառկել է քնելու։

19․01․2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։

Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։

Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։

Ամբողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։

Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի մեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում 15 ժամկետային զինծառայող մահացել է։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո։

Նախաձեռնված քրեական վարույթով որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու և նմուշ ստանալու մասին, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, դատագենետիկական փորձաքննություններ։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից, նախնական տվյալներով, 15 զինծառայող է զոհվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---