Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մերժում ստանալով ընդդիմությունից՝ որոշեցինք վերադառնալ «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը. Փաշինյան

Մերժում ստանալով ընդդիմությունից՝ որոշեցինք վերադառնալ «Ճանապարհային 
քարտեզ»-ի բնականոն իրագործմանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:

Պատասխանելով հարցին՝ կա՞ ներքաղաքական ճգնաժամ, վարչապետը նշել է, որ ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանալ դրա պարամետրերը: «Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կայուն են: Իսկ որ, իհարկե, հետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, դա էլ ակնհայտ է: Եվ, իհարկե, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունն այդ պատասխանները գտնելու հարցում՝ կառուցողական լինելու իմաստով, և մենք, իհարկե, պատրաստ ենք դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարեվերջին հանդես է եկել, առաջին հերթին, խորհրդարանական ուժերին ուղղված առաջարկով՝ 2021 թվականին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Բայց այդ առաջարկը մերժվեց, և մեզ համար ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում, ապա ցավոք, մենք տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է: Եվ ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որը մերժվում է իրենց կողմից, և այս հետևությունը բխում է այդ մերժումից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի հետևանքով Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, բայց ավելի կարևոր է, որ դրա հետևանքով՝ մեծ հավանականությամբ կահագնանան նաև արտաքին մարտահրավերները: Եվ այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այդ է պատճառը, որ, ըստ էության, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես՝ ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը նկատել է՝ այսինքն՝ ընտրությունների հավանականությունը պահպանվում է, վարչապետը նշել է. «Տեսեք, մենք չասացինք՝ չէ որ չէ, պարտադիր ընտրություններ պետք է լինեն: Նույն կերպ մենք չենք կարող ասել՝ չէ որ չէ, ընտրություններ չպետք է լինեն: Բայց խնդիրն այն է, որ շատ կարևոր է, օրինակ, ինչո՞ւ միակողմանի որոշում չկայացնել՝ խորհրդարանական մեծամասնություն-կառավարություն ֆորմատով իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություններ անելու իմաստը պարզապես կորում է: Որովհետև մեր առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին: Բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասցեին, նրանք պարզապես տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով: Եվ եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք, իհարկե, այդտեղ, ինչպես ասում են՝ «երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]