Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումները մարզպետների հետ

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումները մարզպետների հետ

ԳՅՈՒՄՐԻ, 30   ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 30-ին ՀՀ  դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները Գյումրիում հանդիպել են մարզերի ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը մինչ հանդիպումը,  դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ ոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին  ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե  լռությամբ հարգել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:

Ավելի ուշ՝ «Էմիլի Արեգակ» կենտրոնում հանդիպման ընթացքում, մարզերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց մարզերի զարգացման տեսլականն ու  այն ծրագրերը, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ներդրում ու աջակցություն: Տվյալ ծրագրերը կուսումնասիրվեն դիվանագիտական կորպուսի կողմից: 

Հանդիպման ընթացքում ողջունելով Գյումրի այցելած հյուրերին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույս հայտնեց, որ համայնքների ու մարզերի կողմից խնդիրները ճիշտ ներկայացնելու դեպքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կօգնեն ներդրումներ ուղղորդել մարզեր:«Այսօր պատմական օր  է, քանի որ մինչ այս չէր եղել, որ դիվանագետները մարզպետների հետ քննարկեն  այնպիսի խնդիրներ, որոնք կնպաստեն քաղաքների ու մարզերի զարգացմանը: Պետք է ճիշտ ներկայացնենք մեր առջև ծառացած խնդիրները, որպեսզի դիվանագետների միջնորդությամբ կարողանաք դրանք լուծել»,- նշեց Գյումրու քաղաքապետը:

 ՀՀ  զարգացումը հնարավոր է տարածքային համաչափ զարգացման դեպքում, իսկ դրա համար անհրաժեշտ է զարգացնել մարզերը: Մարզերի զարգացումը հնարավոր կլինի նաև դիվանագետների կապերն ու ներուժն օգտագործելով: Այս մասին իր խոսքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ նմանատիպ իրադարձություն տեղի չէր  ունեցել, երբ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հավաքվեն և տարածքային պատասխանատուներից լսեն  խնդիրները և լուծումներ փնտրեն ու համատեղ աշխատեն: Իսկ դրա համար պետք է շատ անկեղծ  ներկայացնել խնդիրները, քանի որ խնդիրների լուծման համար կարևորը դրանց ախտորոշումն  է, այս հանդիպումը այդ խնդիրների լուծման ամենապարզ ու կարևոր հարթակն է»,-նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով տարածքային համաչափ  զարգացման հարցերին: «Մենք  ունենք  մայրաքաղաք,  որը 30 տարում որոշակի զարգացում է ապահովել, արդյունքում՝ իր  հետևից քաշել է նաև մարզային ռեսուրսը՝  և՛ ինտելեկտուալ, և՛ հասարակ աշխատուժը: Երևանը, որպես տնտեսական  լոկոմոտիվ, բնականորեն իր վրա է վերցրել Հայաստանի քարշակի դերը, բայց հիմա եկել հասել ենք մի իրավիճակի, երբ այդ քարշակի դերով Երևանը խանգարում է երկրի բնականոն զարգացմանը: Այստեղ մեղավորությունը բոլորինս է, քանի որ չունենք  հավասարաչափ  զարգացման ճիշտ պլանավորում, չունենք ճիշտ  թիրախներ և այդ թիրախների ուղղությամբ ճիշտ աշխատաոճ: Հաճախ մենք տարբեր երկրների հետ ունենք միջհամայնքային, միջմարզային համագործակցություն, որը  երբեմն զուտ արարողակարգային է, բայց Հայաստանն իր քիչ հնարավորությունը պետք է օգտագործի մեծ արդյունք ապահովվելու համար: Այսօրվա մեր հավաքից հետո մենք պետք է  մեր առջև խնդիր դնենք մինչև  տարեվերջ և՛ կառավարությանը, և՛ դիվանագետներին ներկայացնել մարզերի զարգացման տեսլականը և սրանից բխելով գործընկերներն էլ պետք է փնտրեն հնարավոր առկա ռեսուրսը և ներարկեն մեր տնտեսության մեջ: Սա սկիզբն է այն կարևոր համագործակցության փոխկապակցման, որի համար հավաքվել ենք: Մեր երկրի զարգացման հենասյունը մարզերի համաչափ զարգացումն է»,-նշեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առջև դրած խնդիրները, այդ թվում նաև, Երևանից բացի, այլ կենտրոնների զարգացումը: Նախարարը նաև կարևորեց ճանապարհների նորոգման և ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը, որը կբերի տնտեսական զարգացման: «Սա  վերաբերում է ոչ միայն զբոսաշրջային, այլ նաև արդյունաբերական, գյուղատնտեսական կենտրոնների զարգացմանը: Կարևոր է,  որ մեր խնդիրները դիվանագետներին ներկայացնելիս հստակ ուղղություններ նշենք»: Նախարարը խոսեց նաև  խոշորացված համայնքների մասին, կարևորեց Հյուսի-հարավ ճանապարհի կառուցումը, որը կհանդիսանա որպես սնող ճանապարհ՝ զարգացնելով նաև հարակից համայնքները:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնելով տարածքային կառավարման նախարարությանը մարզպետների հետ հանդիպումը կազմակերպելու համար, հանդիպումը պրակտիկ որակեց: «Սա չափազանց կարևոր  պրակտիկ հանդիպում է, որը նշանակում է, թե մենք արտաքին  հարաբերությունների լավագույնս օգտագործմամբ կնպաստենք մեր երկրի ներքին օրակարգին և գերակայություններին ծառայեցնելուն և մեր կառավարության ծրագիրը լավագույնս իրականացնելու համար»,-նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպման ընթացքում մարզպետները դիվանագետներին ներկայացրեցին այն ծրագրերը, որոնք ներդրումների կարիք ունեն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]