Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Չկալովի փողոցում մի քանի տղամարդու կողմից դաժան ծեծի ենթարկված ծանոթը կոմայի մեջ է ընկել ու հիվանդանոցում մահացել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ սկսվեց Արսեն Օհանյանի, Գարեգին Գրիգորյանի և Հրաչյա Թորգոմյանի գործի դատաքննությունը:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով:

Այս գործով կա նաև չորրորդ գործող անձը՝ Վազգեն Գ.-ն, գործի նախաքննության ընթացքում կատարված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ նա ճանաչվել է անմեղսունակ, նրա մասով առանձին գործ է քննվում նույն դատավորի վարույթում՝ քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց ընտրելու վերաբերյալ:

Դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Գոհար Օ.-ն: Նրա բացակայությամբ գործի քննությունը շարունակելու հարցը դատարանը քննարկման դրեց: Ամբաստանյալների շահերի պաշտպանները միջնորդեցին գործի քննությունը հետաձգել՝ նկատի ունենալով, որ տուժողի իրավահաջորդի պատշաճ ծանուցման մասին դատարանը հավաստի ապացույց չուներ:

Մեղադրող դատախազը հարցի լուծումը թողեց դատարանի հայեցողությանը:

Նախագահողը կողմերին լսելով՝ որոշում կայացրեց  գործի քննությունը շարունակել տուժողի իրավահաջորդի բացակայությամբ՝ նկատի առնելով, որ տվյալ գործը դատարանի վարույթում է 2019 թվականի սեպտեմբերից, և դատարանը, մի շարք օբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված, դեռ չի հաղթահարել նախապատրաստական փուլը: Նախագահողը նկատեց, որ տուժողի իրավահաջորդը տեղյակ է դատարանում գործի քննության մասին, նրան ուղարկվել է ծանուցագիր, որը վերադարձվել է «Չպահանջված» մակագրությամբ, բացի այդ՝ տուժողի իրավահաջորդը բնակվում է Վանաձորում: Նախագահողը շեշտեց, որ գործի քննությունը շարունակելու որոշում է կայացնում՝ ելնելով գործը ողջամիտ ժամկետներում քննելու սկզբունքից, տվյալ որոշումը բխում է հենց ամբաստանյալների լավագույն շահից, քանի որ նրանց երեքի խափանման միջոցն էլ կալանավորումն է: Իսկ տուժողի իրավահաջորդը հաջորդ նիստի վերաբերյալ նորից կծանուցվի, դատարանը ջանքեր կգործադրի, որ կողմը ներկայանա դատարան, իսկ եթե նա դատաքննությունը լրացնելու միջնորդություն ունենա, դատարանը այդ միջնորդությունը կլսի ու քննարկման կդնի:

Նախագահողը պարզեց, որ երեք ամբաստանյալները չեն ցանկանում իրենց գործի քննությունն արագացված ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել:

Մեղադրող դատախազ Տ. Պողոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Արսեն Օհանյանը, Գարեգին Գրիգորյանն ու Հրաչյա Թորգոմյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի մարտի 30-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում գտնվել են Երևանի Չկալովի փողոցի տներից մեկում, որը վարձակալել էր Գարեգինը: Նրանց հետ էին նաև հետագայում դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ անմեղսունակ ճանաչված Վազգեն Գ.-ն ու գործով տուժող Կարեն Ա.-ն:

Ըստ մեղադրանքի՝ Կարենի կողմից Հրաչյայի հասցեին հայհոյանք հնչեցնելու հետ կապված՝ վիճաբանություն է եղել, որի ժամանակ չորս տղամարդիկ՝ Արսենը, Գարեգինը, Հրաչյան ու Վազգենը Կարենի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխի շրջանին հարվածներ են հասցրել ձեռքերով ու ոտքերով, նրա առողջությանը  պատճառել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ապա անգիտակից վիճակում գտնվող Կարենին հիշյալ տնից դուրս են բերել ու թողել Պարոնյան փողոցի մայթեզրին, որտեղ նրան նկատել են քաղաքացիները, ահազանգել են շտապօգնություն:

Կարեն Ա.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժշկական փաստաթղթերի, առանց գիտակցության գալու, 2019 թվականի ապրիլի 1-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ն անց 30-ի սահմաններում, մահացել է:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ մահը վրա է հասել գանգուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որն առաջացել է գանգուղեղի փակ, բութ վնասվածքի հետևանքով: Տուժողի մարմնի տարբեր մասերին՝ կրծքավանդակի, գոտկային, վերջույթների շրջաններում նույնպես արձանագրվել են վնասվածքներ՝ արյունազեղումներ և քերծվածքներ, որոնք անմիջական կապի մեջ չեն եղել մահվան հետ:

Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումից հետո երեք ամբաստանյալներն էլ հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:

Գարեգին Գրիգորյանը, որ նախաքննության ժամանակ իրեն մեղավոր էր ճանաչել, դատարանում ասաց, թե իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ նախաքննության ժամանակ եղել է «խառնված» վիճակում ու չի հասկացել, թե ինչ է ասում…

Ամբաստանյալներից՝ Հրաչյա Թորգոմյանը իր դիրքորոշումը «գեղարվեստական ձևով» արտահայտեց՝ նշելով. «Հովհաննես Թումանյանի հեքիաթն ա էդ մեղադրանքը, լրիվ սուտ ա…»:

Դատարանը կողմերին լսելով՝ որոշեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը՝ հետազոտել գործում առկա գրավոր և այլ ապացույցները, հարցաքննել տուժողի իրավահաջորդին, վկաներին՝ գործով դատակոչված է ընդամենը երկու վկա, ապա անցնել մեղադրանքը չընդունող ամբաստանյալների հարցաքննությանը:

Դատարանը հրապարակեց ու հետազոտեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, որին մասնակից էր եղել գործի հետագա քննության ընթացքում դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ անմեղսունակ ճանաչված Վազգեն Գ.-ն: Զննությանը մասնակցել է նաև տանտիրուհին, որը նշել է, թե  դեպքից կարճ ժամանակ առաջ մեկսենյականոց բնակարանը վարձակալել էր Գարեգին Գրիգորյանը:

Հետաքննիչը դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմել էր վատ ձեռագրով, նախագահող դատավորն ու մեղադրող դատախազը որոշ դժվարություններով ու համատեղ ուժերով  հրապարակեցին արձանագրությունը:

Նշված էր, որ լոգասենյակում լվացարանն ու զուգարանակոնքը եղել են կոտրված, դեպքի վայրում հայտնաբերվել է դանակ, որն առգրավվել է: Դանակի վերաբերյալ զնննության գործողությանը մասնակցող Վազգեն Գ.-ն հայտնել է, որ ինքն է դանակը հեռու տեղ դրել, որ միջադեպի ժամանակ դանակահարություն չլինի:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից բամբակի խծուծներով նմուշներ են վերցվել: Վազգեն Գ.-ն հայտնել է, որ սենյակի հատակին արյուն կար, որն ինքը լվացել է, իրենից հետո նույնպես հատակը լվացվել է:

Արձանագրության մեջ նշվել էր, որ զննության պահին հատակը դեռ թաց էր: Այնուամենյանիվ արնաման հետքեր հայտնաբերվել են:

Վազգեն Գ.-ն նշել է, թե լվացարանն ու զուգարանակոնքը միջադեպի պահին չեն կոտրվել, այլ՝ ավելի վաղ, ինքը չգիտի, թե երբ:

Վազգեն Գ.-ն նշել է նաև, որ ինքը և գործով ամբաստանյալներից մեկը հարվածներ են հասցրել Կարեն Ա.-ին, իսկ երբ նա գիտակցությունը կորցրել է, նրան տանից դուրս են բերել ու թողել Պարոնյան փողոցի մայթեզրին:

Դեպքի վայրի զննության արձանագրության հրապարակումից հետո ամբաստանյալների շահերի պաշտպաններից՝ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ այս արձանագրությունը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց, քանի որ նախ՝ գրված է անընթեռնելի ձեռագրով, դատավորն ու դատախազը համարյա վերծանում էին որոշ բառեր: Բացի այդ, ըստ պաշտպանի, դեպքի վայրի զննության գործողությունը կատարվել էր օրենքի խախտումով՝ գործողությանը մասնակից էր դարձվել Վազգեն Գ.-ն, ով, ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ ճանաչվել է անմեղսունակ, նշվել է, որ նա տառապել և տառապում է հոգեկան հիվանդությամբ և չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին: Հետևաբար, ըստ պաշտպանի, Վազգեն Գ.-ի մասնակցությամբ տվյալ գործողությունը պետք է ճանաչվի որպես օրենքի խախտմամբ կատարված գործողություն: Անմեղսունակ անձը դեպքի վայրի զննության ընթացքում որոշ հանգամանքների մասին է հայտնել, մասնավորապես նշել է, որ տուժողին հարվածներ է հասցրել ամբաստանյալներից մեկի հետ, փաստորեն՝ վերջինիս դեմ տվել է մեղադրող ցուցմունք, ինչը, նկատի առնելով նրա՝ անմեղսունակության հանգամանքը, չի կարող դրվել տվյալ ամբաստանյալի մեղադրանքի հիմքում:

Ամբաստանյաների շահերի պաշտպանները միացան իրենց գործընկերոջ միջնորդությանը՝ հավելելով, որ Վազգեն Գ.-ն անհասկանալի պատճառով է մասնակից դարձվել դեպքի վայրի զննությանը այն դեպքում, երբ նա չէր տվյալ բնակարանի վարձակալը, նա նախկինում այդ բնակարանում չէր եղել, առաջին անգամ հենց միջադեպի օրն էր գտնվել այնտեղ և չէր կարող իմանալ՝ տվյալ բնակարանում ինչն էր նախկինում կոտրված կամ ինչը որտեղ էր գտնվում:

Մեղադրող դատախազն ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ, ճիշտ է, արձանագրությունը վատ ձեռագրով էր գրված, բայց այն ամբողջությամբ ընթերցվեց դատարանում և հրապարակվեց: Ինչ վերաբերում է զննության գործողությանը Վազգեն Գ.-ին  մասնակից դարձնելուն, ապա զննությունը կատարվել է դեպքից կարճ ժամանակ անց, իսկ Վազգեն Գ.-ի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն կատարվել ու անմեղսունակության վերաբերյալ եզրակացությունը ստացվել է շատ ավելի ուշ, դեպքի վայրի զննության պահին հայտնի չէր, որ Վազգեն Գ.-ն անմեղսունակ է, հետևաբար՝դեպքի վայրի  զննության գործողությունը կատարվել է օրենքի պահանջներին համապատասխան՝ ընթերակաների մասնակցությամբ:

Դատարանը որոշեց այս ու պաշտպանական կողմի հետագա միջնորդությունները՝ այս կամ այն ապացույցը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, քննարկման առարկա դարձնել գործով վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ, երբ գործով բոլոր ապացույցները հետազոտված կլինեն, ու գործի քննությունը ավարտված կլինի:

Հրապարակվեց ու հետազոտվեց դեպքի վայրի զննության ևս մեկ արձանագրություն: Սա Պարոնյան փողոցի մայթեզրի զննությունն էր, որտեղ գործով վկա կինը տեսել էր անգիտակից ընկած տղամարդու:

Հրապարակվեց ճանաչման ներկայացնելու արձանագրություն: Գործով վկա մեկ ուրիշ կնոջ ճանաչման էին ներկայացրել չորս տղամարդու, նա ճանաչել էր Վազգեն Գ.-ին՝ որպես այն մարդու, ով մոտեցել էր մայթեզրին ընկած տղամարդուն, փոխել էր նրա դիրքը, և մոտակա աստիճանին ընկած կոշիկը մոտեցրել էր նրան: Նույն տղամարդը քիչ անց օգնել էր նաև շտապօգնության անձնակազմին՝ ընկած տղամարդուն մեքենա տեղափոխելիս:

Փաստաբան Էդուարդ Աղաջանյանը միջնորդեց այս ապացույցը նույնպես ճանաչել անթույլատրելի, քանի որ գործողությանը մասնակից էր դարձվել հետագայում անմեղսունակ ճանաչված Վազգեն Գ.-ն: Դատախազը նորից ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ նախ՝ ճանաչման գործողության ժամանակ նույնպես դեռ հայտնի չէր, որ Վազգեն Գ.-ն անմեղսունակ է, բացի այդ, եթե անգամ հայտնի լիներ Վազգենի անմեղսունակության մասին, այս գործողության ժամանակ կարևորը ճանաչողն է՝ տվյալ դեպքում՝ գործով վկա կինը, որը ճանաչել է այն մարդուն, ով մոտեցել ու տեղաշարժել էր մայթեզրին ընկած տղամարդուն, նրան էր մոտեցրել քիչ հեռու ընկած կոշիկը:

Պաշտպանի այս միջնորդությունը ևս դատարանը քննության կառնի գործով վերջնական դատական ակտ կայացնելիս:

Դատարանը հրապարակեց դիակի դատաբժշկական փորձաքննության եզակացությունը, որտեղ պաշտպանների ուշադրությունը գրավեց փորձագետի ձևակերպումը, թե ստացած վնասվածքների պայմաններում տուժողը, ենթադրաբար, կարող էր տեղաշարժվել, որոշ գործողություններ կատարել, գոռալ: Բայց նույն եզրակացության մեջ, գործի փաստական հանգամանքների մասում, նշված էր, թե շտապօգնության անձնակազմն արձանագրել է, որ մայթեզրին ընկած տուժողը եղել է անգիտակից վիճակում, նրան այդ վիճակում են տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժշկական փաստաթղթերի, տուժողը մահացել է առանց գիտակցության գալու: Այս անհստակությունը պարզելու նպատակով գործի քննության ընթացքում պաշտպանական կողմը հնարավոր է՝ հետագայում հանդես գա դատաբժշկական փորձագետին դատարան հրավիրելու միջնորդությամբ:

Դատական հաջորդ նիստին դատարանը կշարունակի գործով ձեռք բերված ապացույցների հետազոտումը, ինչպես նաև կանցնի տուժողի իրավահաջորդի ու վկաների հարցաքննությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում