Վարդանյան․ Դիմում է մշակվել՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի քարտուղարի հատուկ խորհրդականին

Վարդանյան․ Դիմում է մշակվել՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի քարտուղարի հատուկ խորհրդականին

PanARMENIAN.Net - Ծավալուն դիմում-վերլուծություն է մշակվել՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության բնակչության առջև 2020-ի պատերազմի ընթացքում, դրանից հետո և արդեն հարյուր օր տևող շրջափակման պայմաններում ծառացել է գոյապահպանական լուրջ մարտահրավեր, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը միտված է բացառապես Արցախը հայաթափելուն, այդ թվում՝ ցեղասպանություն կազմակերպելու և իրականացնելու միջոցով՝

մենք Տարոն Սիմոնյանի գլխավորած իրավաբանական թիմի հետ համատեղ մշակել ենք ծավալուն (ավելի քան 120 էջ) դիմում-վերլուծություն՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին։

Վերլուծությունը մշակվել է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, միջազգային կոնվենցիաների, այլ նաև 2014թ-ին ՄԱԿ-ի կողմից հրապարակված “Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention” փաստաթղթի հիման վրա, որտեղ ներկայացված են Ընդհանուր 8 և Հատուկ 6 ռիսկային գործոններ։ Այս գործոններից մի քանիսի առկայությունն անգամ բավարար է ցեղասպանության վտանգը իրական համարվելու համար, ինչը պահանջում է անհրաժեշտ գործողություններ միջազգային հանրությունից՝ վերահաս ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով։

Վերլուծությունն իրավական և փաստական հիմնավորումներ է բերում բոլոր 14 գործոններով և դրանց ներքո ներկայացված ենթագործոններով՝ օգտվելով մինչ այս եղած ազգային և միջազգային կազմակերպությունների փաստահավաք եզրակացություններից և միջազգային իրավունքի կարգավորումներից։

Հատկանշական է, որ վերլուծության արդյունքում ապացուցվում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում»,-ասվում է գրառման մեջ։

Նա հավելել է, որ դիմում-վերլուծությունը փոխանցելու են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ հույս ունենալով, որ այն կներկայացվի միջազգային կառույցներին և Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---