Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կտավների «մեղեդին». երիտասարդ նկարչուհու աշխատանքների յուրօրինակ ցուցադրությունը

Կտավների «մեղեդին». երիտասարդ նկարչուհու աշխատանքների յուրօրինակ 
ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան վերջին պատերազմը նոր մարտահրավերներ է նետում մեր արվեստագետներին. կյանքը պետք է շարունակվի: Կոտայքի մարզի Քանաքեռավանից էր երաժիշտ-քամանչահար Մհեր Վաչագանի Փոթոյանը (ծնված` 30. 01. 1998 թ.): 2020-ին ծառայում էր Արցախում: Հազարավոր զինվորների պես Մհերն էլ հերոսաբար նահատակվեց ու դարձավ հավերժի ճամփորդ, կիսատ մնացին բազում երազանքներ: Նրա ավագ եղբոր՝ Նարեկ Փոթոյանի կողմից ստեղծվել է «Մհեր Փոթոյան» մշակութային հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է պահպանել, վերարժեւորել հայկական երաժշտությունն ու բացահայտել տաղանդավոր երաժիշտների, արվեստագետների։

Նախօրեին «Մհեր Փոթոյան» ՀԿ-ի եւ Երեւանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի (տնօրեն՝ Արմինե Գրիգորյան) համագործակցությամբ տեղի ունեցավ արցախցի երիտասարդ նկարիչ, Բերձոր քաղաքի բնակիչ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանի գեղանկարների ցուցահանդեսը՝ համեմված երաժշտությամբ։ Ներկայացնելով նկարները, խոսելով իր մասին՝ նկարչուհին տեղեկացրեց՝ կես տարեկան էր, երբ ընտանիքով Երեւանից տեղափոխվել են Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր քաղաք, որտեղ էլ հասակ է առել։ Մանկուց է սիրել գեղեցիկը եւ փորձել այն նկարել։ Այս հարցում նրան օգնել են հոր կազմակերպած արշավները Քաշաթաղի տարածքում։ 6 տարեկանից հաճախել է Բերձորի արվեստի դպրոցի նկարչության եւ դաշնամուրի դասարաններ։ Կարեւորում է այդ դպրոցի դերն իր կայացման գործում։ Նույն դպրոցի սաները, նաեւ ինքն ու քույրերը, տարբեր տարիքում մասնակցել են համահայկական նկարչական մրցույթների, որոնք կազմակերպվում էին «Հենրիկ Իգիթյան» կենտրոնի կողմից, եւ միշտ էլ դարձել են մրցանակակիրներ։ Ուսանողական տարիներին ունեցել է մի քանի անհատական ցուցահանդեսներ Ստեփանակերտում, Բերձորում, Երեւանում, Բեյրութում։ Սովորել եւ ավարտել է նաեւ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դիզայնի բաժինը։

-Ապրել ու մեծացել եմ Բերձորում, գեղեցիկ բնության եւ ստեղծագործ մարդկանց միջավայրում,- ասաց Անահիտը եւ հավելեց,- «Մհեր Փոթոյան» կազմակերպության մասին առաջին անգամ իմացել եմ իմ լավ ընկեր նկարիչ Արեւիկից։ Նա էլ ծանոթացրել է ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Նարեկի հետ։ Ստացել եմ առաջարկ՝ ցուցահանդես բացել։ Ծանոթանալով ՀԿ-ի գործունեությանը՝ սիրով համաձայնեցի ցուցադրելու աշխատանքներս։ «Մհեր Փոթոյանի» նպատակը լիովին համապատասխանում է իմ նպատակներին, այն է՝ զարգացնել հայկական մշակույթը, ներկայացնել ազգային մշակույթի գանձերը եւ հասարակությանը տանել դեպի ազգային արմատներ: Մեր համագործակցությունը լինելու է շարունակական, ինչի առթիվ շատ ուրախ եմ, մաղթում եմ նորանոր հաջողություններ բոլորիս...

Անահիտը ցուցադրության է ներկայացրել 21 աշխատանք՝ տարբեր թեմատիկայով։ Հիմնականում երաժշտական գործիքների շարք է։ Տարբեր ժողովուրդների երաժշտական գործիքներ են կտավի վրա «նվագում»։ Պատերազմի օրերին մի կտավ է նկարել, որը վաճառվել է բարեգործական նպատակներով։ Ցուցադրված կտավները նախապատերազմյան շրջանի են։ Նկարիչը կարեւորում է վառ գույները, որոնք մարդու համար դրական հույզեր են ապահովում։ Կան արցախյան բնապատկերներ։ 2 աշխատանք կատարվել է պատերազմից հետո։ Մեկը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու՝ թշնամու ռմբակոծությունից հետո տեսարանն է՝ կոտրված նստարաններով։ Երկրորդը ռմբակոծված Ստեփանակերտի մի հատված է։ Կա նաեւ ինքնանկար, որը համավարակի շրջանի աշխատանք է։ 3 կտավ ցուցադրված են առանձին. հիվանդանոցային պատկերներ են։ Նկարել է, երբ հայրը վիրահատվել էր եւ հիվանդանոցում էր։ 

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը նշեց՝ այստեղ կազմակերպվում են միջոցառումներ՝ փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ։

-Անահիտի հետ ծանոթությունը շատ հաճելի էր, քանի որ նրա գեղանկարները երաժշտական թեմայով են, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հենց երաժշտությունն ենք գովերգում։ Ես արմատներով Արցախից եմ, եւ Անահիտն ու նրա կերտած բերձորյան բնանկարները շատ հոգեհարազատ են ինձ,- ասաց Լ. Միսակյանը՝ հուսալով, որ կշարունակեն համագործակցությունը:

Ցուցասրահում ողջ ընթացքում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ «Experimental duo» խմբի քանոնահարուհիներ Լիլիթ Գեւորգյանի, Սուսաննա Մանսուրյանի եւ թավջութակահար Գեւորգ Սմարոդինովի կողմից: Ներկա էին արվեստասերներ, նկարիչներ, երաժիշտներ, ինչպես նաեւ Քանաքեռավանի արվեստի դպրոցի (տնօրեն՝ Միհրան Մանուկյան) քանոնի դասարանի սաները։ Նրանց ուսուցչուհին՝ Անի Քամալյանը, բարձր գնահատեց ցուցադրված նկարները եւ հնչող երաժշտությունը։

Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում է 8 տարի սովորել Անահիտը, եւ նրա նկարների ցուցահանդեսին ներկա էին հարազատ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Մովսեսյանը, ովքեր պատերազմի պատճառով նույնպես տեղափոխվել են Երեւան, ստեղծել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունը։

-Քաշաթաղի բոլոր երեխաներն էլ հրաշալի են,- ասաց Ա. Քոսակյանը,- բայց Անահիտը յուրահատուկ էր՝ որպես իր ես-ը պահպանող տեսակ։ Ցուցադրված նկարներում երեւում է դա։ Շնորհակալություն կազմակերպիչներին՝ հրաշալի կազմակերպված ցուցադրություն, հրաշալի երաժշտություն:

Զրուցում եմ Նարեկ Փոթոյանի հետ. գոհ է նախաձեռնությունից։ Նախ տեղեկացրեց իր հիմնադրած կազմակերպության մասին, որն ստեղծվել է արցախյան վերջին ու ավերիչ պատերազմից հետո։ Ներկայացրեց եղբորը. «Մհեր Փոթոյանը տաղանդավոր քամանչահար էր, ով, ցավոք, զոհվել է։ Կազմակերպության նպատակն է մեր մշակութային կյանքը նորովի ներկայացնելը, այն ավելի հագեցնելը, նոր տաղանդներ գտնելը, հասարակությանն ավելի մոտեցնելն արվեստին: Մի քանի միջոցառումներ արդեն տեղի են ունեցել։ Սա առաջին համագործակցությունն է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի եւ Անահիտի հետ:

Անահիտի աշխատանքները շատ յուրօրինակ են՝ հետաքրքիր լուծումներով։

Շարունակական բնույթ են կրելու նման ցուցահանդես-համերգները Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Նախատեսել են կազմակերպել մոտ 40 ցուցահանդես ու համերգ: Ապրիլի կեսից լինելու են հայկական ժողովրդական երաժշտական գործիքների վարպետաց դասեր, որոնք անցկացնելու են հայտնի երաժիշտներ, կոնսերվատորիայի դասախոսներ:

                                                Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]