1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ակտիվացումը

Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կրկին ակտիվորեն հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով։ Դրա ամենաթարմ օրինակներից մեկն էլ հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի բավականին ծավալուն հարցազրույցն էր  CBC հեռուստաալիքին, որը հագեցած էր ագրեսիվ շեշտադրումներով և մի շարք «խոստովանություններով»։ Հասանովը, մասնավորապես, նշել է. «Մենք ուժեղացնում ենք բանակը և այն օգտագործելու ենք  այս հարցը (Ղարաբաղյան հակամարտությունը) լուծելու համար»` փաստացի խոստովանելով, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ շուտով կստեղծվի այնպիսի միջազգային իրադրություն, որը հնարավորություն կտա «լուծել օկուպացված տարածքների հարցը»: Մեկ այլ օրինակ է Իլհամ Ալիևի կողմից օրերս արված հայտարարությունը, թե Հայաստանից Արցախ գնացող ճանապարհն անցնում է ադրբեջանական կողմի տեսադաշտով և նա հրամայել է «պատրաստ լինել հարված հասցնելու»:

Ադրբեջանական էլիտայի կողմից նման ռազմատենչ հռետորաբանությունն ամենևին էլ նոր երևույթ չէ։ Նմանատիպ հայտարարություններն ունեն մի քանի հասցեատեր` միջազգային հանրություն, հայկական հանրություն և սեփական հանրություն: Միջազգային հանրության պարագայում ադրբեջանական կողմը խնդիր ունի պարբերաբար հիշեցնել արդեն շուրջ երեք տասնամյակ շարունակվող հակամարտության մասին, որը միջազգային գլոբալ օրակարգում մղվել է երկրորդական պլան, ինչպես նաև ձևավորել հնարավորինս ադրբեջանամետ ընկալումներ: Հայկական լսարանի դեպքում, Բաքուն նպատակ ունի մի կողմից հանրության շրջանում տարածել պարտվողական տրամադրություններ, մյուս կողմից ճնշում գործադրել բանակցային գործընթացի համատեքստում` փորձելով պատերազմ չսկսելը մատուցել իբրև բարի կամք կամ զիջում` պահանջելով զիջումներ հայկական կողմից: Ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության թիրախային լսարաններից է նաև ադրբեջանական հանրությունը, որի դեպքում նման հայտարարությունները կոչված են շեղելու հանրային ուշադրությունն այլ խնդիրներից, ապահովելու հանրային կոնսոլիդացիա իշխանության շուրջ, բորբոքելու տարիներ շարունակ պաշտոնական քարոզչամեքենայի կողմից ձևավորված թշնամու կերպարը։

 

Ինչու՞ է «աղմկում» Բաքուն

 

Ինչպես ցույց է տալիս փորձը, նման հռետորաբանության պարբերական ակտիվացումը կամ թուլացումը պայմանավորված է հստակ գործոններով: Այս առումով, նպատակահարմար է անդրադառնալ վերջին ամիսներին նկատվող ադրբեջանական հռետորաբանության ակնհայտ ակտիվացմանը: Այս անգամ Բաքվի ակտիվացման հիմնական պատճառներից մեկն այն տխուր տնտեսական պատկերն է, որը ձևավորվել է հարևան երկրում: Տնտեսական իրավիճակի վատթարացումն առաջին հերթին պայմանավորված է այս ամիսներին նավթի համաշխարհային գների զգալի տատանումներով և արձանագրված պատմական անկումով (Azeri Light տեսակի նավթի մեկ բարելն ապրիլին արժեր $15.81): Ճիշտ է, այժմ նավթի գները համեմատաբար կայունացել են (հունիսի 25-ին Azeri Light տեսակի նավթի մեկ բարելն արժեր $41.57), սակայն դա որևէ կերպ չի բավարարում Ադրբեջանին: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի 2020թ. բյուջեի  հաշվարկը իրականացվել է մեկ բարելը 55 դոլար գնահատմամբ, և այսօր, փաստացի Ադրբեջանի բյուջեն զրկվել է իր մուտքերի մի զգալի հատվածից: Իսկ կորուստները պատկերացնելու համար, բավարար է նշել, որ նույն բյուջեի եկամուտների 56% նախատեսված է ապահովել հենց նավթային ոլորտից ստացած եկամուտների հաշվին: Այս ամենը օրերս խոստովանեց անգամ Ադրբեջանի նախագահը` նշելով, որ նավթի գների անկման պատճառով, երկիրը բազմամիլիարդանոց վնասներ է կրել:

Բաքվի ակտիվացման մեկ այլ պատճառ է կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական իրավիճակը: Համավարակի պատճառով տնտեսության մեջ նկատվող անկման պայմաններում, կառավարությունը ստիպված է իրականացնել սոցիալ-տնտեսական միջոցառումներ, ինչը հավելյալ բեռ է ստեղծել ադրբեջանական բյուջեի համար: Հատկանշական է, որ կորոնավիրուսի տարածման ահագնացող տեմպերի պատճառով, Ադրբեջանի իշխանություններն արդեն երկրորդ անգամ երկրում սահմանել են հատուկ կարանտինային ռեժիմ, ինչն, անշուշտ, լրացուցիչ տնտեսական կորուստների կհանգեցնի։ Ստեղծված իրավիճակում, սակայն, կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը, բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունները հանրության շրջանում գնահատվում են ոչ բավարար, ինչն արտահայտվում է տարբեր շրջաններում ինքնաբուխ ակցիաներով, որոնք լուսաբանվում են նաև սոցցանցերում: Հանրային դժգոհություն է նկատվում նաև կարանտինային պայմանների հսկողության շրջանակներում ոստիկանության կողմից կիրառվող բավական կոշտ մեթոդների պատճառով:

Այս ամենը, փաստացի վկայում է Ադրբեջանում առկա սոցիալ-տնտեսական դժգոհության մեծացման և հանրային տրամադրությունների փոփոխության մասին: Աճող դժգոհությունը չի վրիպել նաև իշխանությունների ուշադրությունից և պատահական չէ, որ կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացման կանոների խախտման պատրվակի ներքո՝ ադրբեջանական իշխանությունները հետապնդումներ են իրականացնում ընդդիմադիրների նկատմամբ՝ ձերբակալելով բազմաթիվ լրագրողների և «ներքին հակառակորդների»։ Թեև միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը, սակայն ալիևյան կլանը փորձում է չեզոքացնել բոլոր քննադատներին` այդ կերպ կանխելով ընդդիմադիր գործիչների կողմից սոցիալական բողոքի գլխավորման անգամ փոքր հնարավորությունը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ հենց վերջին ամիսների տնտեսական խնդիրներն ու հանրության շրջանում աճող սոցիալական դժգոհությունն է դրդել Ադրբեջանի ղեկավարությանն իր հռետորաբանության մեջ մեծացնել «պաթոսի», «հայրենասիրության» ու «ռազմատենչության» չափաբաժինը: Գլխավոր նպատակներից մեկը հանրության կոսնսոլիդացիայի ապահովումն է և հանրային ուշադրության շեղումը սոցիալական բնույթի խնդիրներից:

 

Որո՞նք են հայկական կողմի անելինքերը

 

Անկախ Բաքվի հետապնդած նպատակներից` հայկական կողմը պետք է ուշադրության կենտրոնում պահի Ադրբեջանից հնչող հռետորաբանությունն` ուշադրություն դարձնելով ցանկացած փոփոխության: Ինչ վերաբերում է դրանց հակադարձմանը, ապա, հաշվի առնելով հնչող հայտարարությունների բազմազանությունն ու երբեմն անհեթեթության հասնող թեզերը, բավական կարևոր է, որ հայկական կողմի արձագանքը լինի ըստ էության և ճիշտ ընտրված մակարդակով:

Միևնույն ժամանակ բավական կարևոր է միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության  ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ակտիվացման վրա: Ադրբեջանից հնչող ուժի սպառնալինքերը, նախապես չհայտարարված լայնամասշտաբ զորավարժությունների կազմակերպումը հակասում են հրադադարը պահպանելու հանձնառությանը հավատարիմ մնալու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին, ինչպես նաև  ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ գլոբալ հրադադար հայտարարելու կոչին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքին խնդիրների պատճառով Ի. Ալիևի գործողությունների անկանխատեսելիության աստիճանը համեմատաբար բարձրացել է, բավական կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ գնահատական տա Ադրբեջանի ոչ կառուցողական քայլերին և տարածաշրջանային անվտանգությունը հարվածի տակ դնող սադրանքներին: Բավական կարևոր է արձանագրել նաև, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միմիայն խոչընդոտում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և,  հաշվի առնելով, Բաքվի ակտիվացումը, անհրաժեշտ է բանակցությունների խաղաղ միջավայրի ձևավորման խնդիրը դարձնել հունիսի վերջին սպասվող Մնացականյան-Մամեդյարով հերթական հեռակա հանդիպման օրակարգի առանցքային թեմա:

 

Աննա Չիչյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]