211652_close_icon
views-count42540 դիտում article-date 10:28 26-09-2022

Նոր զարգացումներ՝ Ճամբարակում օպերլիազորի սպանությունից. մինչ տեղեկություններ էին տարածվում, թե քրեական հետախուզության օպերլիազորին սպանածի եղբոր ավտոմեքենան հրկիզել են ոստիկանները, վերջիններս հայտնաբերեցին իրական կատարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 25-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են սեպտեմբերի 22-ին Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Վիլբերթ Սոսյանին պատկանող ռուսական համարանիշներով Chevrolet Lacetti մակնիշի ավտոմեքենան հրկիզողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, նշված արարքը կատարելու կասկածանքով Ճամբարակի ոստիկանության բաժին է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Գարեգին Ղ-ն։

Պարզվել է, որ վերջինս կեսգիշերն անց մոտենալով նշված ավտոմեքենային՝ բացել է դուռը և մեքենայի նստարանի հետևի մասը կրակի տվել և հեռացել։

Բարեբախտաբար, հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը, իսկ արդեն կարճ ժամանակ անց Ճամբարակում (անպոչ հեռախոսի նման) կայծակնային արագությամբ տարածվեցին տեղեկություններ, թե ավտոմեքենան հրկիզել են ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, քանի որ ավտոմեքենայի տերը օրեր առաջ Ճամբարակում ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին սպանածի եղբայրն է, ու ոստիկանները, վրեժխնդիր լինելով, դիմել են այդ քայլին, մինչդեռ պարզվեց, որ այդ ամենը Ճամբարակում միտումնավոր տարածում են  ինչ-որ անձինք, սակայն ոստիկանները կարճ ժամանակում ոչ միայն պարզեցին կատարողին, այլ նաև հայտնաբերեցին նրան։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 20-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ Երևանից Ճամբարակ էին ժամանել  ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ու նույն գլխավոր վարչության պետի  տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Հարությունյանն ու Եղիշե Մաթևոսյանը:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև դեպքի վայրը, և տեղում դեպքի վայրի զննություն էին կատարել քննիչները և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի վրա գտնվող Բիստրոն է, որտեղ հայտնաբերվել էին բավականին շատ արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էրին՝ դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից, և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ  օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել էին և ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին նաև դեպքի վայրը: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չէինք հրապարակում:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր