211652_close_icon
views-count1029 դիտում article-date 18:13 12-12-2019

Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Այն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների թվում առաջիններից մեկն է, որ սեփական նախաձեռնությամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Նշենք, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումը ՀՀ-ում պարտադիր է ոչ միայն բուհերի, այլ նաև քոլեջների համար։ Փորձագիտական խումբը դեկտեմբերի 11-13-ին արտաքին գնահատում է իրականացնելու քոլեջում` դիտարկելով ուսումնական հաստատության գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 տիրույթներում։ Այցի օրերին փորձագետները հանդիպումներ կունենան քոլեջի վարչական ղեկավարության, դասախոսական կազմի, որակի պատասխանատուների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, ուսանողական կառույցների, շրջանավարտների և գործատուների հետ, կդիտարկեն ռեսուրսները, կուսումնասիրեն փաստաթղթերը։ Այցից հետո փորձագետները կմատնանշեն քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։ Քոլեջն էլ, փորձագետների խորհրդատվության հիման վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր։ Հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով քոլեջի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և ուսումնական հաստատության՝ թերությունների վերացման ծրագրի վրա։ Նշենք, որ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի փորձագիտական խմբի ղեկավարն է Ոստիկանության կրթահամալիրի որակի պատասխանատու Տիգրան Խաչատրյանը։ Խմբի մյուս անդամներն են Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի որակի պատասխանատու Վահե Բաբայանը, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի դասախոս Ռոզա Հարությունյանը և Հայկական բժշկական ինստիտուտի ուսանողուհի Նելլի Կարապետյանը։ Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ Լիլիթ Զաքարյանը։

Նմանատիպ նյութեր