«Տպավորություն է, որ որոշ ուժեր եկել են «սատանի մայլեն քյանդրբազություն անելու»». ադրբեջանագետը՝ BBC-ի աղմկահարույց հրապարակման մասին

«Մոտակա ժամանակահատվածում Ադրբեջանը պատրաստվում է երկրորդ ապրիլյան պատերազմի»,- լրագրողների հետ հանդիպումն այս զգուշացումով սկսեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա համոզված է, որ Ադրբեջանը զորք է կուտակում և  ֆոն է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու համար.

«Իրենց բոլոր հետևողական քայլերը դրա մասին են խոսում, այս սրացումն ընդամենը նախերգանք է մոտակա ժամանակահատվածում նրանց կողմից նախապատրաստվող խոշորագույն սադրանքի»:

Գ. Այվազյանը, սակայն, բավարար չի համարում ադրբեջանական կործանարար քարոզչամեքենային հակազդելու մեր քաղաքականությունը. «Եթե Ադրբեջանը շարունակում է սփռել մեր մասին սուտը և նախապատրաստել նոր պատերազմ, մենք պարտավոր ենք կանխարգելիչ հարված հասցնել: 21-րդ դարում ով պարտվում է քարոզչական պատերազմում, մեծ շանսեր ունի պարտություն կրելու նաև իրական պատերազմի դաշտում»:

168.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում բրիտանական BBC  լրատվամիջոցի ռուսական ծառայության հրապարակած «Ո՞վ 2008թ. ցուցարարներին գնդակահարեց Երևանում։ Քննությունը մատնանշում է Արցախից բերված ջոկատի» վերնագրով հոդվածը, ադրբեջանագետը պատասխանեց. «Այս պարագայում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժեր եկել են «սատանի մայլեն քյանդրբազություն անելու»՝ այն պարագայում, երբ մեր երկիրն օրհասական վիճակում է գտնվում՝ փաստացիորեն նոր ադրբեջանական ագրեսիայի նախաշեմին: Մայրաքաղաքից ընդամենը 60 կմ հեռավորության վրա կան թուրք-ադրբեջանական կուտակվող ուժեր, իսկ ի՞նչ ենք մենք հիմա փորձում ճշտել՝ արդյո՞ք ղարաբաղյան ջոկատները մասնակցել են, թե չե՞ն մասնակցել»:

Հայաստան-Ղարաբաղ հակասությունները շեշտելը,  ըստ նրա, ձեռնտու է ադրբեջանաթուրքական տանդեմին.

«Իրենք ուզում են մեզ ներսից պառակտել, իսկ մենք թողած այս մահացու մարտահրավերը, այնքան ենք կուրացած մեկը մյուսի կոկորդը կրծելով, որ չենք հասկանում՝ Հայաստանն ու Արցախը մի նավ են, և այն չի կարելի այդքան ճոճել, որ չխորտակվի»:

Անդրադառնալով Ստեփանակերտի հրապարակում հնչեցրած վարչապետ Փաշինյանի հայտնի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզին, Գ. Այվազյանը նկատեց, որ դա պատմական էքսկուրս էր, իսկ Արցախի ու Հայաստանի միավորման ճանապարհն անցնում է Արցախի անկախության միջազգային ճանաչմամբ, որի ուղղությամբ պետք է աշխատել:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս