Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 
թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկումից առաջ ելույթով է հանդես եկել: «Արմենպրես»-ը վարչապետի ելույթը ներկայացնում է ստորև:

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հարգելի փոխնախագահներ,

Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ.

Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը:

2021 թվականը հետպատերազմական առաջին տարին էր, եւ տարվա ընթացքում մենք ունեցանք լրջագույն ձախողումներ եւ լրջագույն ձեռքբերումներ: Նախ պիտի խոսեմ ձեռքբերումների մասին, հաջորդիվ կենտրոնանալով ձախողումների վրա, բայց ոչ այնքան կամ ոչ միայն դրանք արձանագրելու, այլեւ Ազգային ժողովի բարձր ամբիոնում գտնվելու պատեհությունը օգտագործելով՝ երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության, այսպիսով նաեւ հանրության առաջ ինքնախոստովանություններ անելու, տեղի ունեցած պատերազմի եւ պարտության պատճառահետեւանքային կապերը լուսաբանելու եւ հնարավոր լուծումների մասին խոսակցություն հարուցելու համար:

2021 թվականի մեր ձեռքբերումներից անկյունաքարայինը, իհարկե, խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Ինչու՞ եմ այսպես համարում, որովհետեւ աղետալի պատերազմից հետո տեղի ունեցած այդ ընտրությունները ի ցույց դրեցին մեր պետականության ու ժողովրդի դիմակայունությունը, պետականություն ունենալու մեր կամքը, բարձրացրեցին Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը եւ արձանագրեցին մեր հավատարմությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին:

Բազմիցս ասել եմ, բայց պատեհ եմ համարում հիմա եւս կրկնել, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ՝ 2021 թվականին ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միջոց, եւ ոչ թե ներքաղաքական ճգնաժամի պատճառ: 

44-օրյա աղետալի պատերազմից հետո, հանրային հուզումների եւ ալեկոծությունների, հարձակումների եւ սպառնալիքների մթնոլորտում, քաղաքական մեծամասնությունը ժողովրդի՝ բարձրագույն իշխանության կարգավիճակը պահպանելու եւ պաշտպանելու ուժ գտավ իր մեջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով:

Նախորդ տարի տեղի ունեցած ընտրական գործընթացով Հայաստանը ոչ միայն հաղթահարեց ներքաղաքական ճգնաժամը այլեւ միջազգային ինստիտուտների գնահատմամբ «ընտրական ավտորիտարիզմ» ունեցող երկրների շարքից անցում կատարեց դեպի «ընտրական ժողովրդավարությամբ» երկրների շարք: Սրանով, ըստ էության, Հայաստանը մուտք գործեց պայմանականորեն ասած՝ ժողովրդավարության բարձրագույն լիգա եւ սա կարեւորագույն ձեռքբերում է:

2021 թվականի հաջորդ կարեւորագույն ձեռքբերումը, որ ունի ինստիտուցիոնալ նշանակություն, մակրոտնտեսական կայունության ապահովումն էր հետպատերազմական ծանր շրջանում, որը ահագնանում էր նաեւ ներքաղաքական եւ կովիդյան ճգնաժամով, անվտանգային անորոշ միջավայրով ու տագնապներով: Այս պայմաններում ոչ միայն հնարավոր եղավ պահպանել պետական կառավարման ու տնտեսական կայունությունը, այլեւ եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով տեղաբաշխում իրականացնել՝ բոլոր պետական թողարկումների մեջ ամենացածր տոկոսով: Այսինքն՝ նախկինում տեղի ունեցած բոլոր թողարկումների համեմատ ամենացածր տոկոսով: 2021 թվականին միջազգային հեղինակավոր «Ֆիտչ» և «Մուդիս» վարկանիշային գործակալությունները վերահաստատեցին Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատելով որպես «վստահելի»՝ կարևորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը։

«Ստանդարտ ընդ Փուրսը» առաջին անգամ վարկանշավորելով Հայաստանը՝ մեզ շնորհեց «դրական» հեռանկարով վարկանիշ՝ դա հիմնավորելով մակրոտնտեսական կայունությունը պահպանելու, խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու Կառավարության կարողությամբ ու գործելակերպով։ Սրանք պատերազմ վերապրած երկրի համար չափազանց բարձր ու կարեւոր գնահատականներ են: Եւ այս գնահատականները հաստատվեցին նաեւ գործնականում, մեր երկրի քաղաքական դիմակայունությանը զուգահեռ ի ցույց դնելով ֆինանսատնտեսական դիմակայունությունը:

Եւ որպես արդյունք՝ 2021 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները տարեսկզբին պլանավորվածի նկատմամբ գերակատարվեցին 147 միլիարդ դրամով:

Այսինքն՝ հետպատերազմական ճգնաժամային տարում կառավարությունը ոչ միայն չկրճատեց ծախսերը, այլեւ լրացուցիչ ծախսեր ֆինանսավորելու հնարավորություն ունեցավ: Այդ լրացուցիչ ծախսերի մի զգալի մասը ուղղվեց պատերազմից վիրավոր Արցախի սոցիալ տնտեսական խնդիրների լուծմանը: Ու այս ֆոնին, երբ 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի ավարտը կառավարությունը Արցախում իրականացրել է 136 միլիարդ դրամի ծրագիր, իսկ 2022 թվականի բյուջեով 144 միլիարդ դրամի ֆինանսավորում է նախատեսել, մարդիկ կան, որոնց լեզուն պտտվում է ասել, թե Հայաստանը Արցախից ձեռքերը լվացել է: Հայաստանը նախկինում երբեք, կրկնում եմ երբեք այնքան աջակցություն չի ցուցաբերել Արցախին ինչպես հիմա: Բայց այս թեմային առավել մանրամասն կանդրադառնա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ իր ելույթում:

Վերադառնալով 2021 թվականի բյուջետային ցուցանիշներին, պիտի նշեմ, որ հաշվետու տարում կապիտալ ծախսերի աննախադեպ ծավալ ենք իրականացրել՝ տարեսկզբի պլանավորվածի նկատմամբ 100 տոկոս: Հայաստանի պատմության մեջ նման ցուցանիշ երբեք չի եղել: 2021թ. կապիտալ ծախսերի բացարձակ ցուցանիշը նույնպես աննախադեպ էր Երրորդ հանրապետության պատմության մեջ՝ 217.8 միլիարդ դրամ: Ընդ որում, 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի և 65,8 մլրդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021 թվականի 92,3% կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020 թվականին այն եղել է 84,9%, 2019 թվականին՝ 73,5 %, իսկ 2018 թվականին 74,0 %:

Որպես արդյունք 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 հազար 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4,9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12,1%: Էական աճ է արձանագրել միջին եւ համախառն աշխատավարձը:

Կապիտալ ծախսերի ֆինանսավորման մեծացումն ու արդյունավետության բարձրացումը մենք համարում ենք երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարեւոր գործոններից մեկը, որովհետեւ այդպիսով բացվում են նոր աշխատատեղեր, բարձրանում են աշխատավարձերը: Նաեւ սա է պատճառը, որ 2022 թվականի համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը 60% կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը: Ուզում եմ ընդգծել, որ մենք ունենք քաղաքական որոշում տնտեսական զարգացման որեւէ սցենարի դեպքում չկրճատել կապիտալ ծախսերը: Հիշեցնեմ, որ բյուջեի կապիտալ ծախսերը իրականացվում են մասնավոր հատվածի միջոցով եւ հույս ունեմ, որ նախ կառավարությունը կկարողանա որակյալ կերպով ընթացքավորել համապատասխան տողերը, իսկ բիզնեսը կկարողանա կատարել կառավարության պատվերը՝ բարձր որակով, պատշաճ ժամանակում եւ ըստ էության սա դեռեւս 2018 թվականին մեր առաջարկած «հարստացիր եւ հարստացրու» բանաձեւի գործնական իրականացման մեխանիզմներից է»...

Ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]