Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալ. Սպենդիարյանի ծննդյան օրը տեղի ունեցան կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված միջոցառումներ

Ալ. Սպենդիարյանի ծննդյան օրը տեղի ունեցան կոմպոզիտորի կյանքին ու 
ստեղծագործությանը նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշվեց մեծանուն կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի 147-ամյակը: Նոյեմբերի 1-ին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտները եղան Սպենդիարյանի տուն-թանգարանում, ծանոթացան նրա կյանքին ու գործունեությանը: Աշակերտներից մեկը` Էլինա Հակոբյանը, հնարավորություն ունեցավ նվագել Սպենդիարյանին պատկանած  դաշնամուրը: Այնուհետև մշակույթի գործիչները, կոմպոզիտորի անվան բոլոր հաստատությունների աշխատակիցներն ու սաները հարգեցին Սպենդիարյանի հիշատակը` ծաղիկներ խոնարհելով նրա շիրմաքարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սպենդիարյանի շիրմաքարի մոտ  տեղի ունեցավ նաև կոմպոզիտորի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի առաջին դասարանցիների երդման հանդիսավոր արարողությունը։

«Այս միջոցառումը Սպենդիարյանի անունը կրող երկու մշակութային հաստատությունների` տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի միջև համագործակցության լավ օրինակ է և ունի 22 տարվա պատմություն:  Ամեն տարի Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոց ընդունված հարյուրավոր երեխաներ հոկտեմբեր ամսի վերջին շաբաթն անցկացնում են նրա տուն-թանգարանում: Նրանք ծանոթանում են Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը»,-մեզ հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Նրա խոսքով` հետաքրքիրն այն է, որ երեխաների մեջ լինում են աշակերտներ, որոնք արդեն դաշնամուր են նվագում, և նրանցից մեկին պատիվ է ընձեռվում նվագել կոմպոզիտորի դաշնամուրով:

Այս անգամ նման պատվի արժանացավ Էլինա Հակոբյանը: «Ես շատ եմ սիրում դաշնամուր: Սիրում եմ դրա հնչյունները: Փոքր ժամանակ շատ էի ցանկանում նվագել, բայց չէի կարողանում: Երբ մեծացա, որոշեցի լավ նվագել սովորել և մասնագիտանալ այդ ոլորտում»,-ասաց Էլինան:

Նա հավելեց, որ շատ ուրախ է, քանի որ հնարավորություն ունի նվագել Սպենդիարյանի դաշնամուրը և շատ է սիրում կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել:

1890 թվականին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Նա սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: Սպենդիարյանի երաժշտական ճաշակի և ինքնատիպ ձեռագրի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակույթի առաջատար ռուս և հայ հանճարների շրջապատում գտնվելը, ինչի արդյունքում կայացել է Սպենդիարյան երաժիշտը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել երաժշտական դպրոցներ, մշակել բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ:

Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին:

Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում այնպիսի հրաշալի գործեր է ստեղծել, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները: Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Գրել է ստեղծագործություններ նվագախմբերի համար:

Հայտնի են Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» մոտիվներով գրված «Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը», «Առ Հայաստան», «Մենք կհանգստանանք» և այլ ստեղծագործություններ: Սպենդիարյանը անգնահատելի ավանդ է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, դրա ոճական ինքնատիպության ձևավորման գործում: Սպենդիարյանը համարվում է նաև հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը:

Նշանավոր կոմպոզիտորը վախճանվել է 1928 թվականի մայիսի 7-ին Երևանում: Մայրաքաղաքում հիմնվել է նրա տուն-թանգարանը, նրա անունով են կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի թիվ մեկ երաժշտական դպրոցը: Նրա երկերի ընտրանին լույս է տեսել 11 հատորով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]