×


«Վիճակը բարդացնում էր հեռվում լինելս». Ripsime-ն՝ նոր հոլովակի եւ ապրումների մասին

Լոնդոնաբնակ երգչուհի Ripsime-ն (Հռիփսիմե Բաբաջանյան) ներկայացել է նոր՝ «Tell Me The Lie»  երգով եւ տեսահոլովակով: 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած ապրումները եւ ոչ միայն, նա ամփոփել է այս աշխատանքում:

«Զգացի, որ երգն իսկապես յուրահատուկ է, ուզում էի՝ տեսահոլովակն էլ արտացոլի այն ամենն, ինչ զգացել եմ պատերազմի ժամանակ: Ընտանիքս Ստեփանակերտից է, այժմ էլ այնտեղ է բնակվում։ Պատերազմի 6 շաբաթների մեծ մասն այնտեղ են եղել. շատ դժվար շրջան էր։ Ցավը, որ ապրեցի, անհնար է բառերով արտահայտել. վիճակն էլ ավելի էր բարդացնում հեռվում լինելս»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է Ripsime-ն:



Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակում հետին թվով ներկայացված արցախյան կադրերի եւ պատերազմական օրերին տեղի ունեցած դեպքերի միջեւ ապշեցնող զուգադիպություններ կան:

«Կադրեր կան Արցախի մասին պատմող «Gods Fog» ֆիլմից, որը նկարահանվել է դեռեւս 2018 թվականին: Տեսահոլովակի սկզբում կտեսնեք, որ հերոսուհին մատներով «ատրճանակ» է պահում Շուշիի եկեղեցու վրա։ Սա նկարահանվել է 2018-ի հոկտեմբերին, եւ արդեն  2020-ի հոկտեմբերին այն հրթիռակոծվել է: Կտեսնեք նաեւ իմ տատիկների տան կողքին գտնվող դպրոցի երեխաներին, այն վայրերը, որտեղ ես մեծացել եմ, նկարահանված մի աղջնակն էլ իմ զարմուհին է», - պատմել է նա:

Ripsime-ն նշում է, որ նպատակ են ունեցել նաեւ ընդգծել սփյուռքի եւ Հայաստանի կապը.«Ուզում էի ցույց տալ, որ չնայած մեծացել եմ Լոնդոնում, բայց ես (եւ ամեն սփյուռքահայ) միշտ կապված եմ իմ երկրի եւ հայրենակիցների հետ, որքան էլ հեռու լինեմ։ Այնպես որ, սա շատ անձնական աշխատանք է: Կարծում եմ՝ այն լավագույն միջոցն էր՝ արտահայտելու այն, ինչ կա իմ սրտում»:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ripsime-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին