Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանի մոտ հարց է առաջացել՝ որքանո՞վ է Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված խոսել ադրբեջանցիների անունից

 Նիկոլ Փաշինյանի մոտ հարց է առաջացել՝ որքանո՞վ է Ադրբեջանի ղեկավարությունը 
լիազորված խոսել ադրբեջանցիների անունից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց առկա դրությունը ու նշեց, որ իր մոտ հարց է առաջացել՝ որքանո՞վ է Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված խոսել ադրբեջանցիների անունից:

«Մենք ասում ենք, որ ՀՀ վարչապետը, կոնկրետ ես, կարող եմ բանակցել ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում Հայաստանի Հանրապետության անունից, և չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախի ժողովուրդն ինձ չի ընտրել ՀՀ վարչապետ կամ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին չի մասնակցել, հետևաբար ոչ ԱԺ-ին, ոչ վարչապետին չի լիազորել որևէ տեղ բանակցություններում հանդես գալ իր անունից: Բայց Ղարաբաղի ժողովուրդն ունի իր ընտրությունները, ընտրում է իր ԱԺ-ն, իր նախագահին, և ուրեմն ընտրությունների միջոցով ձևավորել է մարմիններ, որոնց տվել է իր անունից հանդես գալու լիազորություն: Հետևաբար՝ մենք ասում ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում Ղարաբաղի անունից պետք է հանդես գա Ղարաբաղի ներկայացուցիչը: Մենք արձանագրում ենք, որ չենք պատրաստվում Ղարաբաղի փոխարեն կայացնել որոշումներ, մենք որոշումներ կարող ենք կայացնել մեր փոխարեն: Չնայած մյուս կողմից արձանագրում ենք, որ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և մենք ասում ենք, որ Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև դեռևս 1994թ. Բուդապեշտի ֆորմատով (1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի արդյունքում որդեգրվել է բանակցությունների եռակողմ ձևաչափ՝ Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-խմբ.) Ղարաբաղը ճանաչված է որպես բանակցությունների կողմ:

Դրան ի պատասխանն Ադրբեջանն ասում է, որ իրենք էլ բանակցությունների կբերեն Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, այսինքն` այն ադրբեջանցիներին, ովքեր ժամանակին ապրել են Լեռնային Ղարաբաղում:

Մենք ասում ենք՝ այդ մարդիկ այսօր էլ են բանակցություններին մասնակցում, և միշտ են մասնակցել բանակցություններին, որովհետև նրանք հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ, մասնակցում են Ադրբեջանում խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, նրանց քվեարկությամբ է որոշվում՝ ով է Ադրբեջանի նախագահը, հետևաբար նրանք այդ քվեարկությանը մասնակցելու բերումով ունեն իրենց ներկայացուցիչը բանակցային ֆորմատում՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի:

Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունը դրանով ասում է, որ իրենց երկրում կան քաղաքացիներ, խոսքը նախկինում Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների մասին է, որոնց ներկայացնելու մանդատ իրենք չունեն: Եթե նրանք ասում են՝ այո, մենք հարցնում ենք՝ իսկ կարող է էլի ուրիշ քաղաքացիներ կան ձեր երկրում, որոնց Ադրբեջանի նախագահը չի ներկայացնում: Օրինակ՝ թալիշյան փոքրամասնությանը, կամ Կիրովաբադի, կամ Ղազախի բնակչությանը ներկայացնո՞ւմ է Ադրբեջանի նախագահը, թե ոչ:

Հետևաբար` հարց է առաջանում, այդ քաղաքացիների շրջանակը որքանով է լայն, և ինչքանով է Ադրբեջանի գործող իշխանությունը լիազորված բանակցել Ադրբեջանի ժողովրդի անունից»,- ասաց Փաշինյանը:

2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]