Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահան Քերոբյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսության որոշ ոլորտներում երկու երկրների համագործակցությունը

Վահան Քերոբյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսության որոշ 
ոլորտներում երկու երկրների համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության  առաջնահերթ ուղղությունները։

 Հանդիպման սկզբում նախարար Քերոբյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության մի շարք ոլորտներում։

«Մեր երկրների հումանիտար և քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Մենք  պատրաստ ենք  անել առավելագույնը մեր երկրների համագործակցության տնտեսական ուղղությունը զարգացնելու համար», - ասել է Վահան Քերոբյանը։

Դեսպան  Անն Լույոն  ընդգծել է  դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած  հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստի շրջանակում ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի կարևորությունը և նշել, որ տնտեսության  ոլորտում երկու երկրները շատ անելիքներ ունեն։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան, ով տեղեկացրել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունն առաջիկայում նպատակ ունի օժանդակել Հայաստանին մշակույթի ու տնտեսական զարգացման ոլորտներում։ Նշվում է, որ վերջինս  կարևորել է իրենց կողմից կառուցվող Վեդու ջրամբարի՝ որակային առումներով շատ օրինակելի նախագիծ լինելը և նշել, որ նման նախագծերը նպատակ ունեն զբաղվածություն ապահովել մարզերում, ինչպես նաև նպաստել գյուղական համայնքների զարգացմանը։

Ռաֆայել Ժոզայի խոսքով՝ գործակալությունը հետաքրքրված է նաև հաղորդակցության և գյուղական ճանապարհների վերակառուցման նախագծերում ներդրումների իրականացմամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը հակիրճ ներկայացրել է  Հայաստանի կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածով նախատեսված միջոցառումները։ Որպես առաջնահերթ խնդիրներ՝ նա առանձնացրել է ոռոգման ջրի, ջրային ռեսուրսների կառավարման, հողային բարեփոխման անհրաժեշտությունը։ Վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը հետաքրքրել է ֆրանսիական կողմին: Դեսպանի տեղեկացմամբ, նրանք նախատեսում են Հայաստանում գործունեություն ծավալել նաև արևային էներգիայի ոլորտում և տեղադրել արևային պանելներ ջրամբարների վրա։

Համագործակցության ոլորտները քննարկելիս՝ Վահան Քերոբյանը խոսել է Հայաստանում կանաչ ջրածնի արտադրություն սկսելու հետաքրքրվածության մասին։ Ընդգծելով, որ այս հարցն այժմ էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է, նա առաջարկել է ֆրանսիական կողմին դիտարկել այս ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին դեսպանը տեղեկացրել է Վահան Քերոբյանին, որ 2022 թվականի  տարեսկզբին Ֆրանսիայում նախատեսվում է տնտեսական համաժողովի անցկացում և հրավիրել հայկական կողմին մասնակցելու համաժողովին։ Նախարարն ընդունել է դեսպանի հրավերը և տեղեկացրել, որ անձամբ կմասնակցի համաժողովին։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]