211652_close_icon
views-count1662 դիտում article-date 13:50 27-03-2019

Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում իմ հայտարարությունն այն օրակարգն է, որով գնում ենք բանակցությունների. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպմանը մտքեր են փոխանակվելու Արցախը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավելու հարցի շուրջ: ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման և ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին: Պատգամավորի հարցին, թե կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվելու նաև Արցախը բանակցություններում ներգրավելու հարցի շուրջ, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Այո, իհարկե, Ստեփանակերտում իմ ունեցած ելույթի առաջին դրույթը դա էր: Ես իմ ասուլիսում էլ ասացի, որ ես ցանկանում եմ, որ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ կան և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: Տարօրինակ կերպով նաև Հայաստանում մեկնաբանություն կա, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է: Սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել։ Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, դա, ըստ էության, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների, և, ըստ էության, սա այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում»: Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ կա արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգ, Փաշինյանը պատասխանեց, որ Ադրբեջանի նախագահի հետ նախորդ քննարկումների ժամանակ հայտնել է իր դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները չպետք է կոնկրետ օրակարգ ունենան: «Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, և մենք ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/27/1120746/]Հիշեցնենք[/url], որ մարտի 28-29-ին ՀՀ վարչապետն այցելելու է Վիեննա, որտեղ նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Նմանատիպ նյութեր