Բաժիններ՝

Մահացած երեխային վրա տաշտ են դրել ու հողը ծածկել. Աշտարակում կինը սպանել է ամուսնու երեխային

41-ամյա կինը, ով մեղադրվել է ամուսնու երեխային սպանելու մեջ, Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Քրեական գործով ստացված փորձաքննության եզարակացության համաձայն՝ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ, չի գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:

Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հարկադիր բուժում ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

Ըստ քրեական գործի նյութերի՝ կինը 2004թ.-ին ծանոթացել է Աշտարակ քաղաքի բնակչի հետ և նրա հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ՝ ապրել է նրա տանը: Նույն տարվա ընթացքում տղամարդը ծանոթացել է նաև այլ կնոջ հետ և նրա հետ նույնպես գտնվել է փաստացի ամուսնական կապերի մեջ, և երեքով ապրել են նույն տանը:

2007թ. ծնվել է տղամարդու և նրա մյուս կնոջ դուստրը: Ըստ քրեական գործի նյութերի՝ 2008թ-ի մարտ ամսին, դեռևս չպարզված օրը ամբաստանյալ կինը մանկահասակ աղջկան սպանելու նպատակով քարով հարվածել է նրա գլխին, սպանել, որից հետո տանից փախել, գնացել է Երևան քաղաք: Դրանից հետո երեխայի ծնողները, հայտնաբերելով աղջկա դիակը, իրենց գետնափոր տանը կից հողամասում, պատի տակ թաղել են մանկահասակ երեխայի դին:

Սկզբնական շրջանում ամբաստանյալ կինը կալանավորվել է, տեղավորվել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնում՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու համար:

Հետագայում որոշում է կայացվել կնոջն անմեղսունակ ճանաչելու, իր ու շրջապատի համար վտանգ ներկայացնելու դեպքի առթիվ հարուցել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին վարույթ: Կնոջն առաջադրված մեղադրանքը վերացվել է:

Ինչ ցուցմունք է տվել երեխայի հայրը

Ըստ դատական ակտի՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված տղամարդը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել մասին, որ ամբաստանյալ կնոջ հետ ծանոթացել է 2004-2005թթ.-ին՝ Երևան քաղաքում, սիրել են իրար, ամուսնացել, միմյանց հետ բնակվել են Աշտարակ քաղաքում՝ գետնափոր տնակում:

Մյուս կնոջ հետ ծանոթ է եղել 2003թ.-ից, նրան առաջարկել է բնակվել իր և իր մոր հետ, քանի որ նա տուն չի ունեցել: Կանանց հետ վարել է ամուսնական կյանք, ունեցել սեռական հարաբերություն: Հետագայում իրենց ինտիմ կապից ծնվել է երեխան: Ըստ տղամարդու ցուցմունքի՝ դեպքի ժամանակ իրենք բնակվել են գետնափոր տանը: Կինը երեխային ծննդաբերել է հողամասում, շտապօգնություն չեն կանչել, քանի որ երեխան ծնված է եղել, հետո հարևանների միջոցով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցույց տվել, վերադարձել են տուն:

Երեխայի մահվան նախօրեին, երբ եկել է տուն, երեխայի մայրն ասել է, որ երեխան տաքություն ունի, հիվանդ է, լավ կլինի՝ տանեն հիվանդանոց, սակայն ինքն ուշադրություն չի դարձրել, ասել է, որ պետք է գնա գործի, գերծանրաբեռնված աշխատել է, չի հասցրել երեխային տանել հիվանդանոց, մտածել է, որ մայրը պետք է զբաղվի նրանով: Այդ օրն ինքը ծեծի է ենթարկվել իր ծանոթի կողմից, ով մահացել է: Երբ վերադարձել է տուն, մայրը, տեսնելով իր ծեծված վիճակը, կնոջը պարտադրել է իր հետ գնալ Երևան, ինքը դիմադրել է, ասել, որ կինը պետք է մնա իր նորածին երեխայի մոտ, ամբաստանյալ կինը չի կարող պահել նրան, սակայն մայրը պարտադրել է: Հաջորդ առավոտյան,՝ արդեն կեսօրին մոտ, երբ վերադարձել են, տեսել են մորը՝ դրսում քարի վրա նստած, ով իրենց ասել է, որ երեխան մահացել է: Երեխայի մայրը մտել է ներս, լացելով դուրս եկել, ասել է՝ երեխայի դեմքի կեսը չկա, առնետներ են եղել, երեխայի մատների մոտ ու դեմքը կրծել են, չի կարող ասել՝ մահացած է, թե ողջ: Ինքը վախեցել է, ներս չի մտել, իր կարգադրությամբ կինը փաթեթավորել է երեխային, հանել է դուրս: Մոր հետ խորհրդակցել է, ուզեցել է դիմել ոստիկանություն, սակայն նա չի թողել իրեն, քանի որ վիրավորված է եղել նրանցից: Բացառում է, որ մայրը երեխային սպանած լինի, և, որ դրա համար չի ցանկացել դիմել ոստիկանություն, պարզապես մայրը պետական մարմիններին չի հարգել, դրա համար չի թողել դիմեն նաև ոստիկանություն:

Իրենց տան հետնամասում շուրջ 30-40 սմ խորությամբ բահով գերեզմանափոս է փորել: Կինը փորձել է երեխային դնել փոսի մեջ, սակայն նրա ձեռքերը դողացել են, հետո ինքն է նրա ձեռքից վերցրել և դրել փոսի մեջ՝ առանց դագաղի, բարձի: Երեխայի քունքերի հատվածներում հարվածներ են եղել, երբ նրան դրել են փոսի մեջ, վնասվել են գլխի հատվածները, քանի որ գլուխը բաց է եղել: Այդ ընթացքում երեխայի գլուխը մի քանի անգամ կպել է քարերին ու վնասվել: Հետո վրան տաշտ են դրել ու հողը ծածկել, որպեսզի շները չգտնեն դիակը, չգզեն: Ինքը չի դիմել և գերեզմանատեղ չի ուզել, քանի որ անձնագիր չեն ունեցել: Երեխայի մայրը հաճախակի գնացել է շիրմաքարի մոտ, լացել:

Ըստ տղամարդու ցուցմունքի՝ հետագայում մայրը պատմել է, որ գիշերն իրեն վատ է զգացել, զարթնել է, ստուգել է երեխաներին, ու տեսել է, որ նորածինը չի շնչում, մահացած է: Արթնացրել է ամբաստանյալ կնոջը, ասել, որ երեխան մահացել է, սակայն վերջինս ոչ մի կերպ չի արձագանքել, որից վրդովված՝ մայրը վիճել է ամբաստանյալ կնոջ հետ, նրան վիրավորել, ձեռքին ընկած շշով հարվածել ամբաստանյալ կնոջը, ասել, որ նա է խփել, սպանել երեխային: Կինն ամբողջ գիշերն անցկացրել է դրսում: Մայրը պատմել է, որ ամբաստանյալ կինը մի քանի անգամ քարով խփել է երեխայի գլխին, սպանել է, դրա համար է նրան տանից տանից դուրս հանել: Ըստ իրեն՝ երեխան մահացել է անուշադրությունից, հնարավոր է՝ կռիսներից կամ հիվանդությունից:

Ինչ ցուցմունք է տվել երեխայի մայրը

Երեխայի մայրը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ամուսնու հետ ծանոթացել է Երևան քաղաքում, ունեցել է ինտիմ կապ, որից ծնվել է աղջիկ երեխա:

Ինքն արդեն հղի վիճակում տղամարդու հետ եկել է Աշտարակ քաղաք և բնակվել նրա տանը, որտեղ սկսել է համատեղ տնտեսություն վարել նրա, նրա մոր և կնոջ՝ ամբաստանյալի հետ: Ըստ կնոջ ցուցմունքի՝ ամբաստանյալ կինը չի իմացել, որ ինքը հղի է եղել հենց Աշտարակի բնակչից: Վերջինս ամբաստանյալին ասել է, որ իրեն բերել է տուն՝ մաքրություն անելու: Ամբաստանյալը երեխայի հետ շատ լավ է վարվել, երեխային պահել է, երբ ինքը գնացել է գործի:

Ըստ կնոջ ցուցմունքի՝ դեպքի ժամանակ երեխան հիվանդ է եղել, տաքություն է ունեցել, նրա տարիքը ներկայումս չի հիշում, իրենք երեխային տարել են հիվանդանոց, որտեղ իրենց անվանել են «բոմժ», ներս չեն թողել, քանի որ անձնագիր չեն ունեցել, սակայն երեխային բուժքույրը սրսկել է, և իրենք վերադարձել են տուն: Ինքը ցանկացել է մնալ երեխայի մոտ, սակայն, քանի որ ամուսնուն Երևանում ենթարկած են եղել ծեծի, նրա մայրն իրեն ասել է, որ տղայի հետ գնա Երևան, և ինքը, երեխային կրկին թողնելով ամբաստանյալի մոտ, գնացել է Երևան:

Հաջորդ առավոտյան վերադարձել են Երևանից, ամուսնու մայրն իրենց ասել է, որ երեխան մահացել է: Տեսել է ադեալի մեջ փաթաթված մահացած երեխային, որին գրկել է, նրա կողքին առնետներ է տեսել: Ամուսնու մայրն ասել է, որ գիշերն է մահացել: Մահացած վիճակում գրկել է երեխային, տան հետևի հողամասում ինքն ու ամուսինը փորել են հողը, ինքը տանից դուրս է բերել երեխային ու այդտեղ հուղարկավորել նրան: Երեխային հուղարկավորել են շորերով՝ դագաղ գնելու գումար չունենալու պատճառով: Երեխայի գերեզմանի տեղը նշելու համար քար են դրել, և ինքը հաճախակի է գնացել գերեզմանի մոտ, ծաղիկ տարել:

Ըստ դատական ակտի՝ լրացուցիչ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ամբաստանյալ կնոջ մոտ, սկսած 2007թ., հայտնաբերվել են թուլամտության նշաններ, որոնք տարիների ընթացքում դարձել են էլ ավելի արտահայտված: Ներկայումս նրա մոտ առկա է «թուլամտություն անհայտ ախտածագման»: Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է եզրակացնել, որ իրավախախտումը կատարելու պահին կինը չի գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:

Ներկա հոգեկան վիճակով նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Մեղսագրվող արարքի նկատմամբ կնոջը հարկ է ճանաչել անմեղսունակ: Ներկա հոգեկան վիճակով նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, սոցիալապես վտանգավոր է՝ ինչպես իր, այնպես էլ՝ շրջապատի համար, կարիք ունի մեկուսացման, խնամքի և հարկադրական բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս