HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Վրուբելի նկարը վերադարձել է. ինչ է հայտնի գողության մասին 22 տարի անց

Մարտի 20-ին, ավելի քան 22 տարվա ընդմիջումից հետո, Երևանի ռուսական արվեստի թանգարանում կսկսի ցուցադրվել ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գծանկարը: Թանգարանից նկարը գողացել էին 1995թ-ին, և դրա մասին որևէ տեղեկություն չկար մինչև 2017 թվականը, երբ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնեց նկարի հայտնաբերման ու Հայաստանին վերադարձնելու մտադրության մասին:

Հայտնի չեն, սակայն, ինչպես նկարի հայտնաբերման, այնպես էլ անհետացման հանգամանքները: Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերը և իրավապահ կառույցները չգիտեն կամ չեն հայտնում մանրամասներ:

Ինչպես էր Վրուբելի ստեղծագործությունը հայտնվել թանգարանում

«Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գծանկարը Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի համար արված նկարազարդումներից մեկն է: Ստեղծվել է 1891 թվականին, երբ Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցի առթիվ տպագրության էր պատրաստվում նրա երկերի լիակատար ժողովածուն: Երկու հատորներից առաջինում տեղ էր գտել նաև «Դևը» պոեմը, որի նկարազարդումները հրատարակիչ Պյոտր Կոնչելովսկին հանձնարարում է երիտասարդ Վրուբելին (Վռուբել): Վերջինս նոր էր վերադարձել Կիևից, մեծ ճանաչում չուներ, և «Դևը» պոեմը նկարազարդելու համար նրան երաշխավորել էր ընկերն ու համակուրսեցին՝ նկարիչ Վալենտին Սերովը՝ իմանալով, որ դեռ Կիևում Վրուբելը տարված է եղել դևի կերպարով:

«Նա ստեղծեց գրական երկի նկարչական համարժեքը»,- ասում է ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանը:

Արվեստաբաններն ասում են, որ «Դևը» պոեմի համար արված նկարազարդումները ճանաչում են բերել Վրուբելին: Այդ աշխատանքների մի մասն այնուհետև անցել են Ռուսաստանի Տրետյակովյան պատկերասրահին, մի քանիսն էլ գտնվում են այլ թանգարաններում կամ հավաքածուներում:

Երևանի թանգարանից գողացված «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» գծանկարը պոեմի վերջին սյուժետային թերթն է: Լերմոնտովի ժողովածուի հրատարակումից հետո այն ձեռք է բերել ռուս ձեռնարկատեր և մեկենաս Սավվա Մամոնտովը, որի տանն էլ, Մոսկվա տեղափոխվելուց հետո, բնակվել էր Վրուբելն ու ավարտին հասցրել իր «Նստած դևը» կտավը:

Նկարի հաջորդ սեփականատերը ռուսական բալետի պարուհի Եկատերինա Գելցերն էր: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Գելցերը սկսել էր հավաքել 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ռուս նկարիչների գործերը: Նա դրանք ձեռք էր բերում ինչպես անտիկ իրերի շուկաներից, որտեղ նկարները բավականին մատչելի էին, այնպես էլ իր շրջագայությունների ժամանակ՝ Փարիզից, Չինաստանից և այլ վայրերից:

Գելցերի հավաքածուն, որում մի քանի հարյուր նկարներ են եղել, այդպես էլ թանգարան չի դարձել: Պարզ չէ՝ անմիջապես Գելցերից, թե ուրիշ մի սեփականատիրոջից «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը ձեռք է բերել ուռոլոգ և հավաքորդ Արամ Աբրահամյանը: Ամեն դեպքում, Գելցերի հավաքածուի այլ գործեր էլ են անցել բժշկի հավաքածու:

Արամ Աբրահամյանը ծնվել էր Թիֆլիսում, 19 տարեկանում մասնակցել Սարիղամիշի, Կարսի, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի կռիվներին, Սարդարապատի ճակատամարտին, իսկ դրանից հետո մեկնել Մոսկվա՝ ուսումը շարունակելու: Կյանքի մեծ մասը Աբրահամյանն ապրել է Մոսկվայում, որտեղ աշխատել է որպես ուռոլոգ:

Մոսկվայի իր 3 սենյականոց բնակարանում բժիշկը նաև արվեստի գործերի մեծ հավաքածու է ստեղծել: Սկզբում հավաքել է՝ ոչ համակարգված ձևով, տարբեր աշխատանքներ: Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդապահ Վերա Կալչուրինան հիշում է, որ այս շրջանը կարճ է տևել: Հետո Աբրահամյանը սկսել է հավաքել միայն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գործերը: Այս շրջանը հայտնի էր որպես ռուսական արվեստի «արծաթե դար»: Արվեստաբանն ասում է, որ արվեստի ճյուղերն այս շրջանում սերտորեն կապված էին, և թանգարանում ցուցադրված գեղանկարների միջոցով կարելի է պատկերացում կազմել ռուսական արվեստի մասին ընդհանրապես:

Աբրահամյանն ուսումնասիրել է իր հավաքածուի գործերը ու թեև մասնագետ չի եղել, Կալչուրինան ասում է՝ գրեթե արվեստաբանական մոտեցում է ցուցաբերել: Վերջինս հիշում է, որ գեղանկարներ կային նույնիսկ Աբրահամյանի բնակարանի խոհանոցում:

Արամ Աբրահամյանը կնոջ՝ Մարիա Աբրահամյանի հետ, «Արամ Աբրահամյանի հավաքածուն» գրքից, Ն.Ս.Ստեփանյան, Սովետական գրող, 1981

Իր հավաքածուի մի մասը՝ 200-ից ավելի գեղանկարներ, ինչպես նաև գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, Արամ Աբրահամյանը տեղափոխել է Երևան, որտեղ էլ 1984թ. բացվել է ռուսական արվեստի թանգարանը: Այն այժմ այդպես էլ կոչվում է՝ «Ռուսական արվեստի թանգարան, Արամ Աբրահամյանի հավաքածու»:

Թանգարանում ցուցադրված են Վալենտին Սերովի, Կոնստանտին Կորովինի, Միխայիլ Նեստերովի, Ալեքսանդր Բենուայի, Զինաիդա Սերեբրյակովայի, Պյոտր Կոնչալովսկու (Լերմոնտովի ժողովածուի հրատարակչի՝ նույնանուն գրողի որդին), Մարտիրոս Սարյանի և ուրիշների ստեղծագործությունները: Վրուբելի աշխատանքներից ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվում են նաև «Սաֆո» կտավը, «Իսպանական պարուհին» էտյուդը և «Ծովի արքայադուստրը» քանդակը: (Նշենք, որ Հայաստանում են Վրուբելի աշխատանքներից ևս մի քանիսը, որոնք գտնվում են Ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում):

Աջից՝ Միխայիլ Վրուբելի «Սաֆո» կտավը և «Ծովի արքայադուստրը» քանդակը և Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» նկարը ռուսական արվեստի թանգարանում

Արամ Աբրահամյանի հավաքածուի հիման վրա ստեղծված թանգարանը ժամանակին համեմատել են Մոսկվայի հայտնի Տրետյակովյան պատկերասրահի հետ և կոչել «Փոքր Տրետյակովյան» (Малая Третяковка): Թանգարանի հավաքածուն նկարագրելիս Վերա Կալչուրինան ասում է. «Սա ռուսական մշակույթի և արվեստի լավագույն հատվածն է, և էդ լավագույն հատվածի «շատ համեղ պատառներ» էստեղ են»:

1995թ. ամառային մի գիշեր, երբ շենքում էլեկտրականություն չի եղել, թանգարանում՝ ազդանշանային համակարգ, իսկ պահակը հեռացած է եղել ծառայության վայրից, անհայտ մարդիկ եկել են այդ «համեղ պատառներից» մեկի հետևից:

22 տարի՝ անհայտության մեջ

«Առավոտյան ժամը 8-ին իմ հարևանուհին գործի գնալիս տեսել է, որ էստեղ ինչ-որ բազմություն կա, տեսել է՝ ապակին ջարդված, անմիջապես եկավ ձայն տվեց՝ Ծովիկ, արթնացի, շուտ-շուտ, ձեր թանգարանի ապակին ջարդվել ա, թանգարանը գողացվել ա»,- 1995թ.-ի հունիսի 5-ի դեպքերը հիշում է ռուսական արվեստի թանգարանի հսկիչ Ծովինար Աղայանը, որը թանգարանի շենքում է ապրում և առաջինն է իմացել դեպքի մասին:

Հսկիչը, որը թանգարանի առաջին աշխատակիցներից է, հեշտությամբ նկատել է, որ ցուցասրահի ներսի պատից բացակայում է Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը: Թանգարան ներխուժողները միայն այս նկարն էին վերցրել: Ծովինար Աղայանը զանգահարել է թանգարանի այդ ժամանակվա տնօրեն Անահիտ Ֆլջյանին, որն էլ ահազանգել է իրավապահներին:

Վրուբելի նկարի գողացման մասին հայտարարություն ՆԳՆ «02» շաբաթաթերթում, 10 հունիսի, 1995թ.

Գողության մասնակիցները սրահ մտնելու համար օգտագործել են գետնահորի (люк) երկաթե ծածկը, որով ջարդել են թանգարանի երկշերտ ապակեպատ ցուցափեղկը: Ազդանշանային համակարգը չի գործել՝ շենքում հոսանք չլինելու պատճառով: Այդ ժամանակվա թերթերը մեջբերում են բնակիչների վկայությունները, թե կողոպտիչները երկուսն են եղել:

Թանգարանն այդ տարիներին հերթափոխով հսկելիս են եղել ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող շնաբուծարանի 3 աշխատակիցներ: Ծովինար Աղայանը հիշում է, որ նրանք շանը թողնում էին ընդունարանում և հանգստանում իրենց սենյակում: Կողոպուտի օրը թանգարանում եղել է միայն կապված և հաչացող շունը, պահակը լքած է եղել տարածքը:

«Պահպանություն» միավորման կրտսեր տեսուչ-շնավարժ Անդրանիկ Գրիգորյանը դատապարտվել է անփութության համար և ազատ արձակվել դատարանի դահլիճից՝ պատժի կրման ժամանակը լրացած լինելու պատճառաբանությամբ:

Դեպքից երկու ամիս անց կասեցվեց նաև կողոպուտի գործը՝ «հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզված չլինելու հիմքով»: Քննչական կոմիտեն նշում է նկարի արժողությունը՝ 8 145 200 դրամ:

Թանգարանի ցուցափեղկը, որից ներս են մտել գողերը

Թանգարանի աշխատակիցները տեղեկություն չունեն, թե արդյոք այս դեպքին հանցակից էր պահակը: Անդրանիկ Գրիգորյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Վերա Կալչուրինան առնվազն «անլուրջ վերաբերմունք» է համարում նրա կողմից ծառայության վայրը թողնելը: «Մենք, որպես թանգարանի աշխատող, էն ժամանակ հերթապահություն սահմանեցինք, ես անձամբ մոտավորապես մի երկու ամիս, երկու օրը մեկ մնացել եմ գիշերով, ոստիկանական ծառայության հետ միասին»,- հիշում է ֆոնդապահը:

1997-ին, երբ գողացված նկարի տեղում փակցված էր պաստառ՝ բացակայող գործի վերատպությամբ, Республика Армениии օրաթերթի հետ զրույցում թանգարանի տնօրեն Անահիտ Ֆլջյանն ասում է. «Կարծում եմ, որ «Դևը՝ Թամարի հոգու հետ…» նկարը մնացել է հանրապետությունում և հնարավոր է՝ շուտով կվերադառնա իր նախկին տեղը»:

Նկարի հայտնաբերումը. անսպասելի լուր՝ թանգարանի աշխատողների համար

Թանգարանի աշխատակիցները Վրուբելի գողացված նկարի հայտնաբերման մասին իմացել են հեռուստատեսային ռեպորտաժից: Առաջին անգամ այդ մասին հայտարարվել է մեկ տարի առաջ՝ 2017թ. մարտի 15-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ: Մանրամասներ չեն հաղորդվել: Արդեն նոյեմբերի 16-ին Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելի սրահում, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման ժամանակ, Վլադիմիր Պուտինը մանրամասնել է, որ նկարը հայտնաբերվել է 2016թ. և վերականգնվել Տրետյակովյան պատկերասրահի մասնագետների կողմից՝ 7 ամիս շարունակ:

Ձախից՝ նկարը վերականգնող Իննա Սոլովովան, Վլադիմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը / kremlin.ru

Սա գրեթե ամբողջ տեղեկությունն է, որ հայտնի է նկարի հայտնաբերման հանգամանքների մասին: Կրեմլի մամուլի ծառայությունը «Հետք»-ին հայտնել է, որ նկարը, տասնյակ մասերի բաժանված վիճակում, հայտնաբերվել է «իրավապահ կառույցների համալիր միջոցառումների արդյունքում», բայց ոչ թե 2016-ին, այլ 2014-ին:

«Իրավապահ մարմինների կողմից նկարի հայտնաբերման գործողությունների այլ մանրամասներ ռուսական կողմը չի հրապարակել, ուստի ՀՀ նախագահի աշխատակազմը ևս ձեռնպահ կմնա այդ մասին մանրամասներ հաղորդելուց»,- հայտնում են Հայաստանի նախագահականից:

Պարզ չէ նաև, թե արդյոք Ռուսաստանում այս դեպքով քրեական գործ է հարուցվել (ՌԴ ներքին գործերի նախարարությունը և դատախազությունը «Հետք»-ին հայտնում են, որ տեղեկություն չունեն քրեական գործի հարուցման և նկարի հայտնաբերման հանգամանքների մասին), կամ արդյոք Հայաստանում վերաբացվել է դեռ 1995-ին կասեցված քրեական գործը: Միայն քննչական կոմիտեն հստակեցնում է, որ ներկայումս գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա:

Հետաքրքրական է, որ ռուս և հայ իրավապահների միջև Վրուբելի գողացված նկարի մասին տեղեկությունների փոխանակում չի եղել: Այսպես, դեռ 2017թ. սեպտեմբերին, երբ «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը, փաստորեն, հայտնաբերված էր, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին խնդրել էինք տրամադրել միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարների ցանկը: Վրուբելի նկարը դեռևս ներառված էր այդ ցանկում: Մեկնաբանելով այս հարցը՝ Ինտերպոլի ԱԿԲ-ն հայտնեց, որ 1995թ.-ից հետո նկարի վերաբերյալ բյուրոյում որևէ տեղեկություն չի ստացվել:

Թանգարանում տոնում են նկարի վերադարձը, բայց նաև սպասում են մանրամասների

Թանգարանի աշխատողները նույնպես տեղեկություններ չունեն դեպքի մանրամասներից: Տնօրեն Մարինե Մկրտչյանը գիտի միայն, որ նկարը գտել են հատուկ ծառայությունները՝ «ինչ-որ մեկի տունը խուզարկելիս» և հանձնել են Տրետյակովյան պատկերասրահին՝ ստուգելու համար:

Մարինե Մկրտչյանը Վրուբելի գործի արժեքի մասին հրաժարվում է խոսել՝ որպես թանգարանագետ էթիկային դեմ համարելով հավաքածուից որևէ նկար առանձնացնելը: «Մեզ համար անգին է»,- ասում է: Մինչդեռ Վերա Կալչուրինան այս նկարը համարում է թանգարանի «առանձնահատուկ պարծանքը»՝ նշելով, որ քիչ թանգարաններ ունեն Վրուբելի աշխատանքներից: Սա, ըստ ֆոնդապահի, ամենայն հավանականությամբ իմացել են նաև կողոպտիչները: Սակայն դժվարանում է պնդել, որ վերջիններս իսկապես իմացել են նկարի գեղարվեստական արժեքը. «Եթե տարել է և իմացել է սրա արժեքը, հետո ինչպե՞ս է էդ վիճակին հասցրել»:

«Էստեղ ոնց որ թե պատվերի խնդիրը դուրս է գալիս. եթե պատվիրատու է եղել, ուրեմն միանգամից պիտի տանեին էդտեղ տային: Իսկ եթե չեն ունեցել [պատվիրատու], ինչու են հենց սա տարել»,- հարցնում է ֆոնդապահը:

Ռուսական արվեստի թանգարանի աշխատողները պատառոտված նկարի վերականգնումը համեմատում են բարդ վիրահատության կամ վերածննդի հետ: «Եթե չիմանաս, անգամ կարերի տեղերը չես նկատի, էնքան վիրտուոզ աշխատանք է կատարվել»,- ասում է Լիլիթ Սարգսյանը՝ նկարագրելով Տրետյակովյան պատկերասրահի վերականգնող Իննա Սոլովովայի կատարած աշխատանքը: Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվի նաև նկարի վերականգնման ընթացքը:

«Գողացված «Վռուբելի» վերադարձը» անունը ստացած ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո նկարը կտեղափոխվի մշտական ցուցադրություն: Այն կրկին Ռուսաստան կտարվի 2020թ.՝ Տրետյակովյան պատկերասրահում Վրուբելի անհատական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվելու համար:

Թանգարանի լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter