Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է թաքցնում քաղաքապետարանը լրագրողից. ԽԱՊԿ (տեսանյութ)

Հասարակություն
XAPK

ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԼՐԱԳՐՈՂԻՑ Օրենսդրական արգելքներ՝ մեդիայի գործունեության համար   Երբ փետրվարի 13-ին Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների ձեռամբ քաղաքապետարանում հայտնվեցին Նուբարաշենի բնակելի տարածքում բաց հոսող կոյուղաջրերի նմուշները, իսկ ավելի ուշ նույն խմբակցության ջանքերով լրագրողներն ականատես եղան այս մարմնում տիրող ամենաթողությանը, Երևանի արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշեց այս ամենը «կարգավորել»։ Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի դիրքորոշումը, թե քաղաքապետարանի նիստերը պետք է լինեն բաց ու թափանցիկ,  չխանգարեց, որ խորհրդարանը հավանություն տար Մարգարյանի և նրա շրջապատի նախաձեռնությանը՝ արգելել լրագրողների ազատ մուտքը քաղաքապետարան: Օրենքի փոփոխությունից ի վեր՝ ավագանու նիստերին լրագրողները ստիպված եղան հետեւել միայն իրենց համար նախատեսված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ։ Իսկ առանձին դեպքերում դահլիճ մուտք գործելու թույլտվություն կարող էր տալ քաղաքապետը կամ նիստը վարողը։ Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ այս օրենքով օրվա իշխանությունը փորձեց վերացնել տեղական ինքնակառավարման փիլիսոփայությունը, գաղափարախոսությունը. «Հասկանալի է, որ դա տեղեկատվության  ազատությունը, առավելեւս, հանրության մասնակցությունը խափանելու հնարք էր:  Իրենք փորձեցին այդ «հրապարակային» բառը նենգափոխել, ասելով, որ նիստերը ուղիղ հեռարձակում ենք, նստեք նայեք, բայց հայերենի բոլոր բացատրական բառարաններում հրապարակային նշանակում է բաց, մարդկանց մասնակցությամբ, մարդկանց աչքի առաջ»: Բայց պարզվում է՝ այսպես չի կարծում անգամ հեղափոխությունից հետո ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մեզ հետ զրույցում նա ասում է. «Այս պահին ուղիղ եթերը՝ կամերաների միջոցով, հեռարձակվում է ամբողջ նիստի ընթացքում, եւ այն, ինչ ձեզ պետք է, դուք կարող եք վերցնել այդ եթերից: Եկեք տեսնենք, որ ամբողջ աշխարհում պառլամենտների աշխատանքի ժամանակ եւ այլն,  նույն մեր Ազգային ժողովում կամ Կառավարության նիստերի ժամանակ լրագրողները ամեն տեղ չեն, այսինքն՝ սա քննարկման առարկա է»: Հայկ Մարությանը, փաստորեն, ավագանու և կառավարության/ ԱԺ-ի տարբերությունը չի նկատում։ Մինչդեռ ավագանին կոչված է լսելու և քննարկելու հանրության խնդիրները, ենթադրում է հանրային մասնակցություն իր աշխատանքում։ Նոր քաղաքապետը ծանոթ չէ նաև միջազգային փորձին։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ավագանին՝ լանդթագը, ամբողջովին բաց է այցելուների համար: Յուրաքանչյուր ոք կարճ զննությունից հետո կարող է ներս մտնել, զրուցել ավագանու անդամների հետ, մասնակցել հանձնաժողովների նիստերին կամ հանրային լսումներին: Մեր թղթակցին հաջողվել է զրուցել Բեռլինի քաղաքային խորհրդի անդամ  Դանի Ֆրայմարկի հետ. «Նախագահողին տեղեկացնում են, որ նիստը նկարահանվելու է, եւ ոչ մի խնդիր: Դուք կարող եք լուսանկարել, տեսաձայնագրել: Դա շատ նորմալ է, բացարձակ նորմալ: Եվ դա անհրաժեշտություն է, որովհետեւ մենք աշխատում ենք մարդկանց համար, մենք ինքներս մեզ համար չենք աշխատում»: Այստեղ լիագումար նիստերի դահլիճում առանձնացված են հատուկ տեղեր՝ լրագրողների եւ այլ այցելուների համար: Ի՞նչ դասավորություն է Երևանի ավագանու նիստերի դահլիճում։ Քաղաքապետի համար հատկացված է բեմ։ Կենտրոնում, աշակերտական նստարանների դասավորվածությամբ տեղավորվում են ավագանու 65 անդամները, երկու կողմերում՝ պատերի տակ, քաղաքապետարանի աշխատակազմը՝  քաղաքապետի  8 խորհրդականները, 3 տեղակալները, 22 վարչության պետերը, 4 հանձնաժողովների ղեկավարները, երկու ամիսը մեկ՝ վարչական շրջանների 12 ղեկավարները, գլխավոր ճարտարապետը, օգնականներ, աշխատակազմի քարտուղար՝ իր 2 տեղակալներով և այլն։ ԶԼՄ ներկայացուցիչները, մինչև հիշյալ օրենսդրական փոփոխությունները,  պետք է տեղավորվեին դահլիճի հետնամասում։ Հետո դա էլ արգելվեց։ Վերջին 4 տարիներին քաղաքապետարանում հավատարմագրված լրագրողների թիվը 80-ից իջել է 62-ի, բայց անգամ նրանց մեկ քառորդը չի կարող տեղավորվել դահլիճում։ Էլ չենք խոսում քաղաքացիների մասնակցության մասին։ Ահա այս պայմաններում քաղաքապետարանում բազմաթիվ որոշումներ են կայացվել՝  առանց հանրային մասնակցության։  Ընդ որում՝  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում մի մեծ բաց կա, որը թույլ է տալիս քաղաքապետին միանձնյա որոշումներ կայացնելու, առանց ավագանու հետ քննարկելու։ Հայտնի չէ՝ որտեղ է այն սահմանը, որ քաղաքապետը ինքնուրույն կարող է ինչ-որ նախագծեր հաստատել։ Ահա, օրինակ, այս պայմաններում 2015 թ.-ին քաղաքապետը միանձնյա 3167 որոշում է կայացրել, իսկ ավագանին՝ ընդամենը 135, 2016-ին՝ համապատասխանաբար 3760 և 168, 2017-ին՝ 3815 և 127, 2018-ի մինչև հոկտեմբերի 10-ը՝ 3356 և 52։ Ընդ որում, քաղաքապետի որոշումների գերակշիռ մասը վերաբերել է շինթույլտվություններին ու տարածքների տրամադրմանը։ Իսկ երբ ավագանու նիստերի օրակարգում ներառվում է որևէ նախագիծ, դա անցնում է նաեւ մշտական  4 հանձնաժողովներով, եզրակացություն ստանալուց հետո միայն գալիս է ավագանու նիստ։ Ինչ որոշումներ է կայացրել ավագանին 2015-ից սկսած. հիմնականում՝ տարածքների տրամադրում, օտարում, հողի նպատակային օգտագործման փոփոխության, ավագանու աշխատանքներին վերաբերող կազմակերպչական հարցեր, մեդալների շնորհում, հուշատախտակների տեղադրում։ 2015-ից մինչև 2018-ի հոկտեմբերի 10-ը միայն 5 որոշում է առնչվել քաղաքի բարեկարգման աշխատանքներին, իսկ, օրինակ, տրանսպորտային հարցերը վերաբերում են բացառապես ավտոկայանատեղեր հատկացնելուն։             Այս բոլոր հարցերի մասին տեղեկատվություն ստանալիս լրագրողները շատ հաճախ դժվարություններ են ունենում։ ԽԱՊԿ 2018 թ. 3-րդ եռամսյակային զեկույցի համաձայն, անցած 9 ամիսներին քաղաքապետարանի կողմից  ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվել է 1 ճնշում, 1 խտրական վերաբերմունք, տեղեկատվության ստացման և տարածման իրավունքի խախտման 3 դեպք։ Այս պահին քաղաքապետարանի դեմ կա 3 դատական գործ՝ դարձյալ ԶԼՄ-ների ներգրավվածությամբ, մեկը՝ լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման, մյուս 2-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման հայցով։ «Սիվիլնեթ»-ի լրագրող Գեւորգ Թոսունյանը մեզ հետ զրույցում նշում է, որ իր լրագրողական գործունեության ողջ ընթացքում ամենախնդրահարույցը, հատկապես նամակագրության հարցում, եղել է քաղաքապետարանը. «Իմ թեմաները տուժել են, որովհետեւ նամակներիս պատասխանները միշտ ուշացրել են, կամ չեմ ստացել։ Եվ միշտ հարցը հասել է նրան՝ արդյոք պե՞տք է դատի տալ, թե՞ ոչ»: Հանրային ռադիոյի թղթակից Արմինե Գեւորգյանը նշում է. «Լինում է՝ մինչեւ ստանում ես պատասխանը, թեման այլեւս ակտուալ չէ, այսինքն՝ քո գրած նամակն էլ ինքնին անիմաստ է դառնում»: Ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Լուսինե Առաքելյանը նույնպես կարծում է, որ լրատվամիջոցների համար ամեն ինչ պետք է լինի բաց ու թափանցիկ, իսկ նրանց աշխատանքը պետք է կանոնակարգվի. «Պետք է լրատվամիջոցները լինեն, լուսաբանեն, բայց ինչպե՞ս կազմակերպել, որ ավագանու աշխատանքը չխաթարվի, քանի որ նիստերի դահլիճը փոքր է, պայմանները նեղ են»։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի կարծիքով՝  խնդիրը պետք է լուծել դահլիճի ձեւաչափի փոփոխությամբ։ Իսկ Լևոն Բարսեղյանն ամփոփում է. «Ի՞նչ է պետք՝ մի հատ աթոռ: Եթե դուք 100 աթոռ եք դնում եւ տեսնում եք, որ նիստերի ընթացքում ահագին մարդ դեռ մնում է ոտքի վրա, ուրեմն 150 աթոռ է պետք։ Մերձբռնատիրական, մերձավտորիտար համակարգերում իշխանությունը հակված չէ շատ խոսելու, լսելու, ջանում է արագ փակել հարցը՝ «մենք ձեզնից լավ գիտենք» բանաձեւով, եւ փորձում է դրանով ավարտել, կարճ կապել պատմությունը: Հիմա այդ ամենը վերանայելու ժամանակն է»։   ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ ԽԱՊԿ փորձագետ