Մատչելիության հղումներ

Երևան է ժամանել Վրաստանի վարչապետը


Հայ-վրացական գործընկերութունը տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է,  այսօր Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին: Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը», - նշեց Փաշինյանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն, Փաշինյանն ու Ղարիբաշվիլին այսօրվա առանձնազրույցի շրջանակում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և այդ համատեքստում մտքեր փոխանակել այսօր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգովորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա», - հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը:

Իրակլի Ղարիբաշվիլին այսօր է ժամանել Երևան։ Նա փաստորեն ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է, ով 44-օրյա պատերազմից հետո այցելում է Հայաստան։ Ընդ որում, Վրաստանի վարչապետի կարգավիճակում սա նրա առաջին առաջին այցը չէ Հայաստան։ 2013թ. նոյեմբերից մինչև 2015թ. դեկտեմբեր Ղարիբաշվիլին դարձյալ զբաղեցնում էր Վրաստանի կառավարության ղեկավարի աթոռը և 2014թ. օգոստոսին Երևանում էր։

Այսօր Ծիծեռնակաբերդում նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ղարիբաշվիլիի խոսքով, Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ ինքն ընդգծել է, որ երկու երկրները պետք է ունենան ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնեն առևտրատնտեսական հարաբերությունները․ - «Մեր երկրներին կապում են բազմադարյա պատմական, բարեկամական հարաբերությունները։ Համոզված եմ, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի։ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության և համագործակցության կողմնակից, և այս քաղաքականությունը կշարունակվի հետագայում։ Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը ու այլ հումանիտար հարցեր։ Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդը ընտրել եվրոպական ու եվրա-ատլանտյան ուղին։ Այսօր հանդիպմանը քննարկել ենք համագործակցության բոլոր ուղղությունները։ Հայաստանի կայանությունը և ժողովրդավարական զարգացումը անչափ կարևոր է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար»։

Ղարիբաշվիլիի այս այցի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանիին։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, հատկապես 44-օրյա պատերազմից հետո հարաբերությունները Վրաստանի հետ ձեռք են բերել լրացուցիչ կարևորություն, նաև այն պատճառով, որ տարածաշրջանում երկու երկրներն են շարժվում ժողովրդավարության ուղղությամբ։

«Մեզ համար Վրաստանը շատ կարևոր է, բայց այս վերջին ղարաբաղյան պատերազմի՝ Հայաստանի համար ծանր ելքից հետո նաև Վրաստանի համար Հայաստանը դարձավ շատ կարևոր, քանի որ երեք ոչ դեմոկրատական համակարգեր, դիկտատուրաներ՝ առաջին հերթին Ադրբեջանում և Թուրքիայում, մասամբ Ռուսաստանում, փաստորեն ծանր վիճակի մեջ դրեցին Հայաստանը։ Ու դա ավտոմատ նշանակում է, որ Վրաստանն էլ ավելի ծանր վիճակում է գտնվում դրա պատճառով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ Վրաստանը ըստ էության դեմ է արտահայտվել 44-օրյա պատերազմից հետո առաջարկված հարավկովկասյան համագործակցության «երեք գումարած երեք» ձևաչափին՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան և Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին երեք ամիսներին հայ-վրացական երկկողմ առևտուրը կազմել է 30,7 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,9 տոկոսով, և այդ ծավալով Վրաստանը Հայաստանի տասներորդ խոշոր առևտրային գործընկերն է։

Այս տարվա ապրիլին Թբիլիսի էր մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով այցի ընթացքում հանդիպել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի և Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։ Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ հանդիպում չկայացավ։

Մեկ շաբաթ առաջ Վրաստանի վարչապետը Բաքվում էր, ուր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարեց, թե Թբիլիսին պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը Ադրբեջանի հետ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները։ Իր հերթին՝ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Վրաստանի կառավարությանը՝ «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար։

XS
SM
MD
LG